«Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև. Aravot.am

Jan 26, 2018 Comments Off on «Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև. Aravot.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակ Սևինջ Ֆաթալիևայի  կողմից ներկայացված՝ «Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտությունների ժամանակ» խորագրով զեկույցի ընթացքում «փոխհրաձգություն» տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև:

Զեկույցի ներկայացումից հետո ադրբեջանցի չորս պատվիրակներ մեկը մյուսի հետևից հանդես եկան ելույթներով՝ խոսելով Խոջալուի, Հայաստանի՝ օկուպանտ երկիր լինելու, իրենց անմեղ երեխաներին սպանելու մասին և նմանատիպ հայտարարություններով մեղադրանքներ հնչեցրին ՀՀ-ի հասցեին:

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովն էլ հայտարարեց, թե այս քննարկումը վեհաժողովում չի կարող արդյունավետ լինել այն բանից հետո, երբ երեկ այդքան ջերմ ընդունեցին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա՝ Խոջալուի մասին արած հայտարարություններից հետո:

Ադրբեջանցի պատվիրակը, խախտելով ԵԽԽՎ կանոնադրությունը ցույց տվեց 2017-ի հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված 2-ամյա Զահրա Գուլիևայի նկարը:

Ադրբեջանցի պատվիրակներին հակադարձեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց ապրիլյան պատերազմը, Թալիշում կատարված վայրագությունները և  զեկուցողին կոչ արեց ունենալ քաղաքացիական խիզախություն եւ ընդունել, որ հայատյացությունը իր երկրում՝ Ադրբեջանում, պետական քաղաքականություն է։

Զոհրաբյանը հայտարարեց, թե Բաքվի Նյուրենբերգը դեռ առջեւում է։

Ադրբեջանցի պատվիրակներին հակադարձեց նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ վեհաժողովին հիշեցնելով ապրիլյան քառօրյա պատերազմը և 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի սպանությունը: Լարված իրավիճակը փորձեց մեղմել ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շեննախը՝ հայտարարելով, որ զեկույցում եղած ձևակերպումները կոմպրոմիսային են երկու կողմերի համար, հետևաբար այն պետք է ընդունել: ԵԽԽՎ-ն 39 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց զեկույցը:

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հակահայկական ձևակերպումներ էին փորձում անցկացնել ադրբեջանցիները: Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց. «Երբ ամիսներ առաջ ասում էի, որ եղել են որոշ զեկույցներ, որտեղ եղել են հակահայկական ձևակերպումներ, և մեզ հաջողվել է հանձնաժողովում չեզոքացնել, այդ զեկույցներից մեկը հենց  այս զեկույցն էր:

Ընդունված այս զեկույցում որևէ հակահայկական ձևակերպում չկա: Մինչդեռ նախնական շրջանում խոսվում էր Հայաստանի կողմից ԼՂ-ի և մյուս շրջանների օկուպացիայի մասին, ձևակերպում կար Զահրա Գուլիևայի, ներքին տեղահանված անձանց մասին և այլն:

Այժմ բացարձակապես չեզոք ձևակերպումներ են, և դուրս են բերվել բոլոր այն մտահոգիչ դրույթները, որ կային հայկական պատվիրակության մոտ»:

Ամբողջական հոդվածը`aravot.am -ում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: