Ամերիկյան նվեր ընտրություններից առաջ՝ նոր պատժամիջոցների ցավը

Jan 27, 2018 Comments Off on Ամերիկյան նվեր ընտրություններից առաջ՝ նոր պատժամիջոցների ցավը

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ վարչակազմի զեկույցը պատրաստ կլինի հունվարի 29-ին:

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցային ցուցակում կարող են հայտնվել մինչև 400 ռուս գործարարներ ԱՄՆ-ում անհավանական լուրջ են վերաբերվում «կրեմլյան զեկույցում» ռուս գործարարների և պաշտոնյաների ցուցակի նախապատրաստմանը։ Այս մասին Դավոսում՝ «Ռուսաստանի ռազմավարական հեռանկարները» նիստում ասել է Ատլանտյան խորհրդի նախագահ Ֆրեդերիկ Քեմփը։ Նա նշել է, որ ցուցակում կարող է ընդգրկվել 40-400 մարդ։ «Սակայն ներկա պահին դա «պարզապես ցուցակ» է»,-նշել է Քեմփը՝ հավելելով, որ այնտեղ այդ մարդկանց ներառելը չի նշանակում նրանց դեմ պատժամիջոցների սահմանում, սակայն այն հետևանքներ կունենա հեղինակության վրա և կազդի բիզնեսի վրա։

Զեկույցում կներառվեն այն անձիք, ում ԱՄՆ-ը մոտ է համարում ռուսական ղեկավարությանը։ Համապատասխան 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի՝ հունվարի 29-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն ազգային հետախուզության և Պետդեպի հետ կոնգրեսին կներկայացնի զեկույց՝ հակառուսական պատժամիջոցների ընդլայնման պոտենցիալ էֆեկտի մասին։

Մինչ այդ զեկույցի հրապարակումը, նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե կարծում է, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին, սակայն ինքն անձամբ դրան մասնակից չէ։ Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը նշել է. «Նախագահին մեղադրում են նրանում, որ իրեն օգնել են հաղթել ընտրություններում, սակայն դա պարզապես ճիշտ չէ»։ Նա նշել է, որ «զրպարտությունները (դավադրության մասին) սկսել են տարածվել՝ նրան անօրինական նախագահ ճանաչելու նպատակով»։ Սանդերսի խոսքով՝ Թրամփը կարծում է, որ 2016թ. ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտություն եղել է, «նա ասել է այդ մասին, սակայն դա չի նշանակում, որ ինքը մասնակցել է դրան»։ «Նա շատ հստակ հասկացնել է տվել, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտրական շտաբից որևէ մեկը դրա հետ որևէ առնչություն չունեն»,-ասել է մամլո քարտուղարը։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի պաշտոնատար անձիք բազմիցս հերքել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության մեղադրանքները, սակայն, ինչպես երեւում է, ամերիկյան վարչակազմն անդրդվելի է:

Ավելին՝ Թրամփը, որքան էլ որոշակի զսպվածություն էր դրսեւորում Ռուսաստանի եւ նրա առաջնորդի նկատմամբ, այնուամենայնիվ, չկարողացավ ինքնուրույն գործել՝ Պուտինի հետ հարաբերությունները հարթելու ուղղությամբ: Մի քանի օրից նոր ամերիկյան նոր պատժամիջոցներն անխուսափելի են:

Ինչպե՞ս են Պուտինի շրջապատի օլիգարխները խուսափելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից: Այս հարցին է անդրադառնում Bloomberg-ը:

ԱՄՆ-ի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ օլիգարխների ցուցակի առաջիկա հրապարակման համատեքստում որոշ ռուս գործարարներ դիմել են Գանձապետարանի և Պետդեպի նախկին աշխատակիցներին օգնության համար, որպեսզի չհայտնվեն այդ ցուցակում։ Bloomberg-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Պետդեպի նախկին աշխատակից Դեն Ֆրիդը, ով մերժել է ռուս գործարարների համապատասխան առաջարկները։

Այլ անձ, ում դիմել են նման խնդրանքով, հայտարարել է, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ Վաշինգտոն են ուղարկում իրենց վստահելի անձանց, որպեսզի նրանք օգնել խուսափել իրենց ազգանունների հրապարակումից։ Գործի ընթացքին ծանոթ երկու աղբյուրներ գործակալությանը պատմել են, որ որոշ ռուս գործարարներ արդեն գնահատում են ԱՄՆ նոր պատժամիջոցների պոտենցիալ ազդեցությունն իրենց ներդրումների վրա։ Ռուսաստանի այլ ներկայացուցիչներ ազատվում են իրենց ակտիվներից, ինչպես դա խորհուրդ են տվել ԱՄՆ-ում նրանց խորհրդատուները։

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: