Շառաչուն ապտակների «խրախճանք»

Jan 27, 2018 Comments Off on Շառաչուն ապտակների «խրախճանք»

Միացյալ Նահանգները պահանջում է Ալիևի վարչակազմից ազատ արձակել ընդդիմադիր Գոզել Բայրամլիին և բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց հիմնարար իրավունքներն իրացնելիս:

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հնարավորություններ ստեղծել երկրում խաղաղ քաղաքական գործունեություն ծավալելու համար», – «Թուրան» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան փոխանցել են Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից:

Ադրբեջանի դատարանը շաբաթասկզբին՝ հունվարի 23-ին, երեք տարվա ազատազրկման դատապարտեց «Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գոզել Բայրամլիին, ով հայտնի է Իլհամ Ալիևի հասցեին կոշտ քննադատությամբ: Ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր անցած տարվա մայիսին՝ Վրաստան-Ադրբեջան սահմանակետում. ադրբեջանցի սահմանապահները հայտարարել էին, թե նրա ճամպրուկում 12 հազար դոլար է եղել, որն ընդդմիադիր գործիչը չի հայտարարագրել: Բայրամլին, մինչդեռ, պնդում է, թե գումարը իր ուղեբեռում է հայտնվել իրավապահների թեթև ձեռքով, և ինքն իրականում ճաղերի ետևում է նախագահ Ալիևին քննադատելու համար:

«Սրանով Ադրբեջանի իշխանությունները վրեժ են լուծում», – հայտարարել էր Բայրամլին դատարանում՝ պնդելով, թե իր ձերբակալությունը վաղուց է ծրագրվել, և որ այդ օպերացիային սահմանապահներից բացի մասնակցել են նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բայրամլին դատարանում պատմել էր, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տարիներ առաջ էր դեռ իրեն զրույցի հրավիրել և զգուշացրել՝ եթե չդադարեցնի ընդդիմադիր գործունեությունը, կհայտնվի ճաղերի ետևում: Ձերբակալությունից օրեր առաջ էլ կառավարամետ թերթերը հոդվածներ էին հրապարակել Բայրամլիի մասին, պնդելով, թե նա Վրաստանում ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ հանդիպում է միջազգային կազմակերպությունների հետ և նրանցից գումարներ ստանում՝ Ադրբեջանի պետականության հիմքերը խարխլելու համար:

Բայրամլիից բացի ճաղերի ետևում է նաև լրագրող Աֆղան Մուխթարլին, ով, հիշեցնենք, անցած տարի դեռևս չպարզված հանգամանքներում առևանգվել էր Թբիլիսիի կենտրոնից, ապա հայտնվել ադրբեջանական բանտում: Շաբաթներ առաջ նա 6 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և, կրկին, առանց հայտարարագրելու 10 հազար դոլար տեղափոխելու համար: Մուխթարլին ու նրա հարազատները, մինչդեռ, պնդում են՝ ընդդիմադիր լրագրողն այդ օրը տնից դուրս գալիս անգամ անձնագիր չի ունեցել իր մոտ:

«Տարին դեռ նոր է սկսվել, սակայն Ադրբեջանի դատարաններն արդեն կառավարության երկու ընդդիմախոսի են բանտ ուղարկել», նշել է հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, ընդգծելով՝ ներկայացված մեղադրանքները քաղաքական շարժառիթներ ունեն: «Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն Բայրամլիին ու Մուխթարլիին ՝թույլ տալով, որ նրանք զբաղվեն իրենց օրինական գործունեությամբ», – պնդել է Human Rights Watch-ը՝ կոչ անելով Ադրբեջանի միջազգային գործընկերներին ուշադրության կենտրոնում պահել այս հարցն ու Ադրբեջանում ընդդիմադիրների դեմ շարունակվող հալածանքները:

Նախօրեին թեմային է անդրադարձել նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շենախը: «Թույլ տվեք հարցնել՝ ինչի՞ համար է Բայրամլին ազատազրկվել», – Թվիթերում գրել է ավստրիացի պատգամավորը՝ հավելելով․ – «Նրա ձերբակալությունը սխալ էր և օրենքի գերակայության ոտնահարում»:

Միջազգային իրավապաշտպան կառույցները, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգներն, այսպիսով, շարունակում են ուժգին ճնշումները Ադրբեջանի ուղղությամբ: Իհարկե, այս ամենին ալիևյան վարչակազմը պատասխանում է սպառնալիքներով, թե՝ Ադրբեջանը կարող է դուրս գալ ԵԽ-ից…

Այս կերպ Ալիևյան կլանը փորձում է ցույց տալ, թե այդ երկիրը ոչ մի օգուտ չի ստանում եվրոպական կառույցներին անդամակցելով: Սակայն Ալիևի էժանագին քայլը պարզ է. նա այդ ձևով փորձում է կանխել արևմտյան ճնշումները, որոնք, ակնհայտորեն չեն դադարում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: