Նոր կառավարության կառուցվածքը. առնընթեր մարմինները դառնում են ենթակա /ցանկեր/

Jan 30, 2018 Comments Off on Նոր կառավարության կառուցվածքը. առնընթեր մարմինները դառնում են ենթակա /ցանկեր/

Հայաստանի կառավարության կազմն ու կազմավորման կարգը փոխվում է: Արդարադատության նախարարությունը մշակել է եւ «e-draft.am» հարթակում է տեղադրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նոր օրենքը, որը գործող՝ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքից էական տարբերություն ունի: Մենք կներկայացնենք օրենքի նախագծում տեղ գտած նորամուծությունները

Գործող օրենքով Հայաստանի կառավարությունը ունի 18 նախարար, 1 փոխվարչապետ, որը նաեւ նախարար է, կան նաև կառավարությանն առընթեր և նախարարություններին ենթակա մարմիններ:

Նոր օրենքի նախագծով սահմանվում է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 18 նախարարներից: Այսինքն՝ 3 փոխվարչեպետրը, որոնք նաև առանձին կաբինետներ և աշխատակազմեր են ունենալու, նորամուծություն են:

18 նախարարությունները նույն անվանումներով պահպանվում են: Դրանք են՝

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

2) առողջապահության նախարարությունը.

3) արդարադատության նախարարությունը.

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը.

5) արտաքին գործերի նախարարությունը.

6) բնապահպանության նախարարությունը.

7) գյուղատնտեսության նախարարությունը.

8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը.

9) կրթության և գիտության նախարարությունը.

10) մշակույթի նախարարությունը.

11) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը.

12) պաշտպանության նախարարությունը.

13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.

14) սփյուռքի նախարարությունը.

15) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը.

16) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը.

17) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.

18) ֆինանսների նախարարությունը:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու առաջարկություն: Միաժամանակ թեկնածուն պետք է ներկայացնի նաեւ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը:

Նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում առաջարկված թեկնածուին Կառավարության անդամ նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան: Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից՝ Հանրապետության նախագահի նստավայրում տրված հատուկ երդմամբ:

Վարչապետն իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ կառավարության գործունեության ոլորտը: Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետների լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ Կառավարության նիստերի անցկացումը: Վարչապետն իրականացնում է Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ընդհանուր ղեկավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ:

Հանրային քննարկման ներկայացված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»  նախագծով սահմանվում է կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ցանկը: Այսուհետ նախագահի ենթակայությամբ որևէ պետական մարմին չի գործելու:

Կառավարությանը ենթակա մարմիններն են՝

  • Պետական եկամուտների կոմիտեն.
  • Քաղաքաշինության կոմիտեն.
  • Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.
  • Վիճակագրական կոմիտեն.
  • Առողջապահական տեսչական մարմինը.
  • Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը.
  • Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը.
  • Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը.
  • Էներգետիկայի տեսչական մարմինը.
  • Կրթության տեսչական մարմինը.
  • Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.
  • Տրանսպորտի տեսչական մարմինը:

Ուժային բոլոր կառույցներ, որոնք նախկինում գործում էին նախագահի ենթակայությամբ,  գործելու են վարչապետի ենթակայությամբ:

Վարչապետին ենթակա մարմիններն են՝

  • Ազգային անվտանգության ծառայությունը.
  • Ոստիկանությունը.
  • Պետական պահպանության ծառայությունը.
  • Պետական վերահսկողական ծառայությունը:

Նախարարությանը ենթակա մարմիններն են՝

  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.
  • Քրեակատարողական ծառայությունը.
  • Պրոբացիոն ծառայությունը.
  • Սննդամթերքի անվտանգության ծառայությունը.
  • Փրկարար ծառայությունը.
  • Սոցիալական ապահովության ծառայությունը.
  • Պետական արարողակարգի ծառայությունը.
  • Միգրացիոն ծառայությունը.
  • Ջրային կոմիտեն.
  • Գիտության կոմիտեն.
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.
  • Զբոսաշրջության կոմիտեն.
  • Ռազմարդյունաբերական կոմիտեն.
  • Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն.
  • Պետական գույքի կառավարման կոմիտեն.
  • Բարձրագույն որակավորման հանձնաժողովը.
  • Անտառային կոմիտեն.
  • Լեզվի կոմիտեն:

Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:

Հայկ Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: