Հանրապետականը չարիքի ու «պեշկայի» արանքում

Jan 26, 2018 Comments Off on Հանրապետականը չարիքի ու «պեշկայի» արանքում

Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում հայաստանյան ներկա իրականության  հետ կապ չունեցող Արմեն Սարգսյանի առաջադրմամբ՝ Սերժ Սարգսյանը  նոր խլրտոց է առաջացրել կուսակցությունում: Արդեն մի քանի օր է կուսակցությունում կորցրել են հանգիստը, վիրավորված են առաջնորդի քայլից, ով, փաստորեն, տասնյակ հազարավորներից ձեւավորված կուսակցությունում արժանավոր մեկին չգտավ, որը կարող էր պետության խորհրդանիշ դառնալ: Իհարկե, ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ թեկնածուն այս լինի անկուսակցական, սակայն ցանկացած ՀՀԿ-ական կարող էր կասեցնել կուսակցական անդամությունը, ինչը չի խոչընդոտում Սահմանադրությունը:
Վերջին երկու տարվա ընթացքում սա  Սերժ Սարգսյանի երկրորդ նման քայլն է, որի արդյունքում խոշոր  խաղից դուրս են հայտնվում յուրայինները:
Երկու տարի առաջ էլ Մոսկվայից Երևան հրավիրվեց Կարեն Կարապետյանը, որին առաջարկվեց ՀՀ վարչապետի և ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնները:  Մի՞թե այդքան սնանկ է Հանրապետականի կադրային ռեզերվը , կամ միթե նրանք ընկալելի չեն հանրության համար, որ ամեն անգամ ընտրությունը կանգ է առնում դրսի թեկնածուների վրա: Հարցն այս ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին վրդովեցնում է այնքան, որքան նրա թիմին Սերժ Սարգսյանի այդ քայլը:
«Ի՞նչ է նշանակում դրսից, նա դրսից չէ: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավարությունում  ՀՀ դեսպանն է: Արմեն Սարգսյանի առնչությամբ «դուրս» ասելը ճիշտ չէ: Նա Հայաստանի Հանրապետության դիվանագետ է, նշանակվել է դեսպան ՀՀ նախագահի հրամանագրով: Արմեն Սարգսյանն այն եզակի գործիչներից է, որ նույն պաշտոնին նշանակվել է ՀՀ երեք նախագահների կողմից:Եւ խոսել այն մասին, որ նա դրսից բերված մարդ է, արդացի չէ: Ինչ վերաբերում է «ոչ կուսակցության ներսից» արտահայտությանը: Կներեք, դուք Սահմանադրություն չեք կարդացել: Այնտեղ հստակ գրված է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է լինի անկուսակցական: Ոնց կարող ենք հանրապետական կամ մեկ այլ կուսակցության անդամի առաջադրել: Սահմանադրության մեջ կան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի նախագահը»,- ասում է Էդուարդ Շարմազանովը: Նրա համար  ընդունելի չեն այն դիտարկումները, թե վերջին շրջանում իշխանություններն այս կամ այն պաշտոնին թեկնածուներ են ներկայացնում համակարգից դուրս:

«Ինչ է նշանակում համակարգի ծնունդ է կամ ոչ: Կարեն Կարապետյանը եղել է Էներգետիկայի նախարարի տեղակալ,եղել է Երևանի քաղաքապետ, ՀՀԿ կուսակցության ավագանու ներկայացուցիչ: Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, բա ո՞վ է մեր թիմի անդամ: Կամ ինչ է նշանակում համակարգից դուրս: Չեմ հասկանում այդ դիտարկումները: Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը եւ պետական համակարգի ներկայացուցիչ չէ, բա լավ՝ ո՞վ է պետական համակարգի ներկայացուցիչը»,- հարցնում է նա:

Շարմազանովն այնքան է բարկանում ու փորձում հերքել անհերքելին, որ ՀՀ չորրորդ նախագահին ներկայացնում է  <<պեշկայի>>  դերում.<<Ի վերջո, եկեք ոչ  գնահատենք, ոչ էլ գերագնահատենք նախագահի լիազորությունները, որովհետեւ դրանք բոլորովին այլ են մինչեւ ապրիլ, եւ այլ են լինելու ապրիլից հետո, դա ավելի շատ ներկայացուցչական է  լինելու, ճիշտ է պետության գլուխ է, ուղերձներով հանդես գալու իրավունք ունի, բայց դա ավելի շատ ներկայացուցչական է>>:
Թեպետ որքան էլ թերագնահատեն նոր մոդելում նախագահի դերն ու նշանակությունը, այդուհանդերձ Սահմանադրությունը հակառակի մասին է փաստում, միայն այն հանգամանքը, որ նախագահն է հաստատում կամ մերժում, վետո դնում ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներին, արդեն ծանրակշիռ լիազորությունն է տալիս այդ պաշտոնին: Դրանից բացի դեռեւս հարց է՝ բիզնես մտածողությամբ  կոփված Արմեն Սարգսյանը  միթե կարող է բավարարվել միայն իր սիմվոլիկ ներկայացվածությամբ եւ այն փաստով, որ իր կենսագրության մեջ ոսկե տառերով կգրվի ՀՀ նախագահ լինելու տողը, թե այդուհանդերձ տուրք տալով բիզնես ախորժակին, կներքաշվի ներիշխանական ինտրիգների մեջ: Հանուն արդարության պետք է ասել, որ էականորեն տարբերվում են Արմեն Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի առաքելությունները: Եթե Սսարգսյանին բերում են որպես դրսում ընկալելի անձնավորության պետության խորհրդանիշ ներկայացնելու համար, ապա Կարեն Կարապետյանի գործած չարիքը ոչ ոչ մեկ չի կարող կրկնել: Երկու տարի առաջ Հայաստան գալու նրա գլխավոր առաքելությունը թերեւս այն էր, որ ապահովեր ՀՀԿ-ի իշխանության վերարտադրությունը՝ նոր դեմքով ու հանրությանը ոչ այնքան ծանոթ իր կերպարով: Սակայն հետո պարզվեց, որ նա ոչ միայն չի զիջում որեւէ ՀՀԿ-ականի, այլ կարող է նրանցից վատը լինել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: