Սերժ Սարգսյանն իրեն է վերցնում սպիտակ ձեռնոցները

Jan 26, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանն իրեն է վերցնում սպիտակ ձեռնոցները

2018-ի ապրիլից Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունում կլինի նոր՝ առաջին փոխվարչապետի պաշտոն։ Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը հունվարի 24-ին տեղադրվել է e-draft.am կայքում։

Նախագծում նշվում է, որ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և նախարարներից: Հարկ է նշել, որ Սահմանադրությամբ ամրագրված չէ առաջին փոխվարչապետի հաստիքը եւ այն ըստ էության ստեղծվում է կոնկրետ անձի համար։ Մամուլում տեւական ժամանակ է տեղեկություններ կան, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանձնել գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, իսկ ինքը, ինչպես հայտնի է, ցանկանում է ապրիլից հետո վարչապետ դառնալ։ Պարզից էլ պարզ է, որ այս պաշտոնի ստեղծմամբ փորձ է արվում սիրաշահել Կարեն Կարապետյանին, որպեսզի վերջինս մի կարգով բարձր լինի երկու փոխվարչապետերից, սակայն դա որքան հաճելի է, նույնքան էլ վտանգավոր, քանի որ այսօր նույն կայքում հրապարակված մի քանի օրենքներից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը տնտեսական քաղաքականության ողջ պատասխանատվությունը իր վրայից թողնում է կառավարության ուսերին։Նշենք, որ մամուլի տեղեկություններով փոխվարչապետերի մի քանի հավակնորդ կա՝ Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ նույնիսկ Հովիկ Աբրահամյանը։

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը սահմանում է, որ վարչապետը պետք է ունենա 4 ենթակա մարմին՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողական ծառայությունը: Ըստ նախագծի կառավարությանը ենթակա մարմինները 12-ն են՝ ՊԵԿ-ը, Քաղաքաշինության կոմիտեն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն, Առողջապահական տեսչական մարմինը, Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը, Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը, Էներգետիկայի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և Տրանսպորտի տեսչական մարմինը: Օրենքը նախատեսում է, որ նախարարություններին ենթակա մարմինները թիվը 18-ն է, որոնք են, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Քրեակատարողական ծառայությունը, Պրոբացիոն ծառայությունը, Սննդամթերքի անվտանգության ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Սոցիալական ապահովության ծառայությունը, Պետական արարողակարգի ծառայությունը, Միգրացիոն ծառայությունը, Ջրային կոմիտեն, Գիտության կոմիտեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զբոսաշրջության կոմիտեն, Ռազմարդյունաբերական կոմիտեն, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Բարձրագույն որակավորման կոմիտեն, Անտառային կոմիտեն և Լեզվի կոմիտեն: Բացի այդ, Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նոր օրենքը, համաձայն որի Վարչապետն իրականացնում է Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ընդհանուր ղեկավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ: Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:

Կառավարության գործունեության՝ իրենց վերապահված առանձին ոլորտների համակարգումը ներառում է փոխվարչապետի կողմից ձեռնարկվող այնպիսի գործողություններ, որոնց նպատակն այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեության համաձայնեցումը և ներդաշնակեցումն է:Փոխվարչապետին վարչապետը կարող է վերապահել իր համակարգման ոլորտում Կառավարության անդամներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին կոնկրետ հարցերով հանձնարարություն տալու իրավասություն: Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ կարող է իր համակարգման ոլորտի շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Կառավարության անդամներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին: Այսինքն, ինչ-որ պահից վարչապետին կարող է չգոհացնել որեւէ փոխվարչապետի գործունեությունը եւ վերջինիս փոփոխության հարց առաջ գա։ Սերժ Սարգսյանը , փաստորեն, Սահմանադրությունն ու օրենքները այնպես է փոխում, որ հնարավորություն ունենա իշխանության ղեկավարում վերցնել, բայց տարբեր ոլորտների պատասխանատվությունը թողնել ենթակաների վրա։ Հավանաբար ՀՀ նախագահն էլ կստանձնի արքաի  քաղաքականության, ԼՂ խնդրի կարգավորման պատասխանատվություն ու  կմնա սպիտակ ձեռնոցներով ղեկավար։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: