Սերժ Սարգսյանը պատմական լրացում արեց իր կենսագրության մեջ

Jan 26, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը պատմական լրացում արեց իր կենսագրության մեջ

 

Ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում՝ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի սադրիչ հարցին, որտեղ նա Խոջալուի դեպքերը ցեղասպանություն է որակել և խոսել է ադրբեջանական «օկուպացված» տարածքների մասին, Սերժ Սարգսյանը պատասխանել է հանգամանալից և հիմնավոր. «Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ Արցախյան պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին: Թե ինչո՞ւ չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետեւ այդ ցավալի իրադարձություններից հետո Այազ Մութալիբովը շատ տեղեկացված ձեւով շարադրել է փաստեր, ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ: Գիտե՞ք, մի միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Ձեզ ինչո՞ւ է պետք մի բան անվանել ցեղասպանություն, որը չի եղել»,- նշել է Սարգսյանը:
Նախագահը հստակ հայտարարել է, որ չկա միջազգային կառույցների կողմից ընդունված որեւէ որոշում, որը ՀՀ-ի կողմից մերժվում է: «Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ երբ ընկղմվում եք մի թեմայի մեջ, ընկղմվեք ու ուսումնասիրեք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել ԼՂ խնդրին. 1993 թվականին ընդունել է 4 բանաձեւ ռազմական գործողությունների դադարեցման մասին, եւ ամեն բանաձեւից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները: Այդ 4 բանաձեւում ՀՀ-ի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը ռազմական գործողությունները դադարեցնելու համար, եւ, ի պատիվ ՀՀ-ի այն ժամանակվա իշխանությունների, մենք կատարել ենք այդ պարտավորությունը: Այսօր բանակցային գործընթացում դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ: Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի. անհնար է, երբեք չի լինելու»:
Հայաստանի նախագահը այնուհետ անդրադարձել է բանակցային գործընթացին և կողմերի ստանձնած միջազգային պարտավորությանը՝ հիշեցնելով, որ դրանց կատարումից մշտապես հրաժարվում է Ադրբեջանը: Նախագահ Սարգսյանի խոսքը, ղարաբաղյան խնդրի շեշտադրումները, հատկապես միջազգային այս բարձր ամբիոնից, իսկապես պատմական էին: Սերժ Սարգսյանի նախագահական կենսագրության մեջ ղարաբաղյան հարցը բարձր ամբիոնից պատմական փաստերով ողջ ճշմարտությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը կար, հատկապես որ Հայաստանի նախորդ երկու նախագահները ունեին պատմական ելույթներ միջազգային բարձր հարթակներից: Նախագահական շրջանի ավարտի համար սա իսկապես բարձր նոտայով արված պատմական լրացում էր, որն ամբողջացնում է Սերժ Սարգսյանի կերպարը՝ որպես պետական գործչի և, ինչպես ինքն է նշել, Արցախի ժողովրդի արդար պայքարի մասնակցի:
Այս տեսանկյունից Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հարցը ճիշտ ժամանակին է ուղղվել:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: