Կհավատա՞ Ստրասբուրգը Սերժ Սարգսյանի արցունքներին

Jan 26, 2018 Comments Off on Կհավատա՞ Ստրասբուրգը Սերժ Սարգսյանի արցունքներին

Ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու, քանի որ  այդ ժամանակ ամբողջովին ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, և երկրորդ՝ սկսվելու են Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված քայլերը. «Հպարտությամբ կարող եմ հայտնել, որ մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Սա միայն մեր պնդումը չէ. ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ մեր արձանագրած հաջողությունները ճանաչվել են Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային մարմինների զեկույցներով։ Մենք հաստատակամորեն շարունակում ենք համաեվրոպական իրավական համակարգին միանալու գործընթացը, և այսօր մեր երկրի կողմից ստորագրած կոնվենցիաների թիվը մոտենում է 70-ի»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ժողովրդավարության զարգացման նպատակով կատարվել է սահմանադրության փոփոխություն, ընդունվել է ընտրական նոր օրենսգիրք, բարեփխումներ են կատարվել և դեռ շարունակաբար կատարվելու են դատական համակարգում և Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Մենք քաջ գիտակցում ենք, որ իրավունքի գերակայության երաշխավորումը հնարավոր է միայն արդյունավետ, անկախ, կոռուպցիոն ռիսկերից զերծ դատաիրավական համակարգի պայմաններում։

Այս համատեքստում մենք կարևորում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը, որի որոշումներն ու վճիռները կարևոր նշանակություն են ունենում մեր երկրում արդարադատության որակի բարձրացման առումով: ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա կատարել ենք մի շարք օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործել ենք իրավակիրառ պրակտիկան: Սրանք կարևոր քայլեր են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ: Մեր այդ աշխատանքն աննկատ չի անցնում. ՄԻԵԴ-ի վճիռները պատշաճ և հետևողական կատարելու հարցում Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների առաջատարներից մեկն է»,-նշել է նա:

Սերժ Սարգսյանի՝ Ստրասբուրգից հղած շեշտադրումները իշխանության երկրորդ՝ վարչապետական  էպոխայի ստանձնումից առաջ միջազգային կենտրոններին սիրաշահելու հստակ մեսիջներ են: Եվրոպայում, իհարկե, կարող են ցույց տալ, թե հավատում են Սերժ Սարգսյանի ասած հետապրիլյան բարեփոխումներին:Եվրոպացիներին դա առանձնապես կարող է անգամ  չհետաքրքրել, որովհետև նրանք ի դեմս Հայաստանի նոր գործընկեր են ստացել և այս փուլում դա ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ ԵԽԽՎ-ի համար ձեռքբերում է: Այսինքն՝ այդ վիճակից Եվրոպան գոհ է: Բայց Հայաստանի քաղաքացու համար Սերժ Սարգսյանի ասած բարեփոխումների արագ ընթացքին հավատալը դժվար է: Վերջին 10 տարում իշխանության ղեկին եղել է Սերժ Սարգսյանը՝ իր ղեկավարած կուսակցությամբ: Ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին ստեղծել անկախ, կոռուպցիոն ռիսկերից զերծ դատաիրավական համակարգ, ժողովրդավարական և ընտրական ինստիտուտներ: Դրա համար պարտադի՞ր էր Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այդ բոլոր հարցերը լուծելու իրական ցանկություն Սերժ Սարգսյանը չի ունեցել և դա է պատճառը, որ այդ հարցերը լուծում չեմ ստացել: Ինչո՞ւ պիտի հիմա ունենա նման ցանկություն՝ դժվար է ասել:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: