Քոչարյանի ընտանիքի առջեւ վառած «կանաչ լույսն» ու վարչապետի խոստումները

Jan 26, 2018 Comments Off on Քոչարյանի ընտանիքի առջեւ վառած «կանաչ լույսն» ու վարչապետի խոստումները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն սկսեց քննել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Բագրատաշենի անցակետում ապահովագրական ընկերությունների համար ստեղծված անհավասար մրցակցային պայմանների հարցով: Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 22-ին մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում Բագրատաշենի մաքսակետի տարածքում 11 քառակուսի մետրով տարածքը հատկացրել էր «Թոփ-Սփին» ընկերությանը:Ուշագրավ է, որ «Թոփ-Սփինը» հայտարարված աճուրդի միակ մասնակիցն էր: Աճուրդից հետո Բարգատաշենի անցակետի մոտակայքում գործող ավելի քան 4 տասնյակ ապահովագրական գործակալներ բողոքի ակցիաներ անցկացրեցին՝ մի քանի անգամ փակեցին ճանապարհը, պնդելով, թե ՊԵԿ-ը հակամրցակցային պայմաններ է ձևավորել, ինչից հետո պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմում ուղղեց Շաբոյանի ղեկավարած հանձնաժողով ՝ պահանջելով վարույթ հարուցել ստեղծված իրավիճակը պարզելու համար: Հանձնաժողովում պատգամավորի ներկայացուցիչ, «Ելք»-ի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը պնդեց, որ ՊԵԿ-ը ստեղծել է հակամրցակցային պայմաններ։ «Թոփ-Սփին» ընկերությունը ներկայացնում է «Նաիրի Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունները։ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադիրներից է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Վերջինս այսօր էլ ընկերության խորհրդի անդամ է: Գաղտնիք չէ վարչապետի եւ Քոչարյանների բարեկամական կապը։

Ավելին այս քննարկման ընթացքում ընկերության ներկայացուցիչ Հայկ Մելքոնյանը բացահայտեց, որ բացի Բագրատաշենի և Բավրայի մաքսակետերից, իրենց նաև հատկացվել է Մեղրիի մաքսակետում առանձնացված տարածք։ Հանձնաժողովի անդամները համաձայն չեն պատգամավորի կարծիքին ու հակադարձել են, որ մրցույթ է հայտարարվել, հետեւաբար մյուս ապահովագրական ընկերությունները եւս կարող էին մասնակցել դրան։Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց` մրցույթով եղե՞լ է սահմանափակում, որ մաքսատան տարածքում 1 ընկերություն պետք է գործի, սակայն ի պատասխան հանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանեց, թե մրցույթի պայմաններում չի երեւում` ինչ նպատակով է տարածքը տրվում։

Հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում չկայացրեց, պետք է լսեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին` որպեսզի տեղեկանան` նրանք իմացել են մրցույթի մասին, թե ոչ: Ինչպես ասում են՝ Շաբոյանն ու նրա ենթակաները իրենց ոճի մեջ են, նրանք ինչպես ողջ գործունեության, այնպես էլ այս նիստի ընթացքում չէին կարող չպաշտպանել օլիգարխիայի շահերը։ Ձեւավորվել է մի վիճակ, երբ ապահովագրական մյուս ընկերություններին թույլ չեն տալիս շուկա մուտք գործել։ Սա կարծես թե նորություն չէ։ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում նման մրցույթներն ու պետական գնումների գործընթացը ձեւական բնույթ է կրում։ Եթե անգամ որեւէ գործընթացի վերաբերյալ մրցույթ է հայտարարվում, ապա հազար ու մի մեթոդներ գործի են դրվում, որպեսզի տվյալ «մրցույթում» հաղթի յուրային ընկերությունը։ Մամուլը տարիներ շարունակ գրել է, որ անգամ բանակի մատակարարներն են ընտրվել այս սկզբունքով, մերժվել են բանակին ավելի էժան գներով ծառայություն իրականացնելու պատրաստակամություն հայտնած ընկերությունների հայտերը, փոխարենը դրանք վստահել են մի քանի անգամ թանկ գնով գործունեություն իրականացնող ընկերության։

Այնպես որ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները բիզնեսի համար առավել նպաստավոր ու հավասար պայմաններ ստեղծելու մասին, սին էին ու մտացածին։ Նրա վարչապետության կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որինքը ոչնչով չի տարբերվում նախորդ կառավարություններից, առաջ է մղում յուրայիններին ու փակում դաշտը մյուսների առջեւ։ Թեպետ մի բանով, այդուհանդերձ, տարբերվում է, նա գործում է նախորդների պես, սակայն անամոթաբար հակառակի մասին խրոխտ հայտարարություն անում։Ուշագրավ է, որ այս օրերին էլ Կարապետյանը Դավոսում թախանձագին խնդրում-կոր էր անում՝ գալ ու Հայաստանում ներդրումներ անել։ Եւ սա անում է այն ամենից հետո, երբ իր հիմնադրած ներդրումների ակումբում որեւէ շարժ չկա, յուրային գործարարներն են նույնիսկ ձեռքերը լվացել Հայաստանից ու ոչ մի կոպեկ ներդրում չեն անում, բացառությամբ Սամվել Կարապետյանի։ Խնդիրն այն է, որ բավական է մեկ վատ նախադեպ եւ բոլորը երես կթեքեն տվյալ միջավայրից։ Այս պնդումը Սինգապուրյան հրաշքի հեղինակ , հանրահռչակ վարչապետ Լի Քուան Յուին է, ով ներկայացնելով սինգապուրյան գործարարներից մեկի օրինակ, որը փորձել էր Ինդոնեզիայում շինարարական բիզնես ծավալել, բայց նրան անընդհատ խոչընդոտել էին, մի օր բնակիչներն էին բողոքել, մեկ ուրիշ անգամ՝ իրավապահներն էին խոչընդոտ առաջացրել ու այսպես գործարարը ստիպված էր եղել ավելորտ միջոցներ ու նյարդեր վատնել։ Լին ասում էր, որ այդ ամենից հետո եւ ոչ մի գործարարի հնարավոր չէր համոզել գնալ եւ ներդրումներ անել, որովհետեւ մեկ վատ օրինակն արդեն բավական է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: