Ծառուկյանի ընտրությունը՝ իր վարկանիշի՞ , թե Սերժ Սարգսյանի անվտանգության օգտին

Jan 24, 2018 Comments Off on Ծառուկյանի ընտրությունը՝ իր վարկանիշի՞ , թե Սերժ Սարգսյանի անվտանգության օգտին

Առանձին ապրանքների գնաճի եւ դրա հետեւանքները մեղմելու վերաբերյալ խորհրդարանում կազմակերպված լսումները ինչպես հայտնի է անցան խայտառակ մթնոլորտում: Անգամ Հանրապետական պատգամավորները մասնավոր զրույցներում հայտնում էին, որ նման լսումներ կազմակերպելու իմաստ չկա, այն ավելի է բորբոքելու գնաճի դեմ չդիմակայող եւ իշխանությունից դժգոհ մարդկանց զայրույթը: Իշխանության պատկան մարմինների զեկույցները ավելի շատ ծաղր էին հիշեցնում, քան մտահոգություն գնաճի վերաբերյալ, էլ չենք խոսում դրանց հետեւանքները մեղմելու քայլերի մասին, կամ պարզելու ՝ արդյոք տնտեսվարողները օբյեկտիվ են գնացել այդ քայլին: Մոնոպոլիաների պահապան հրեշտակ Արտակ Շաբոյանը նույն առաքելությամբ էր շտապել ԱԺ, որպեսզի ասեր, որ մեզ մոտ կարագը թանկացել է չորս ամիս ուշ, քանի միջազգային շուկայում: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն էլ քիչ էր մնում ամոթանք տար, թե ով դեմ է գնաճին, ուրեմն չի ուզում, որ գյուղացին ապրի: Քանի որ իր անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մսի գինը որքան բարձրանա, այնքան անասնաբուծությունը կզարգանա, նախարարը տեղեկություններ ունի անգամ, որ ընտանիքներ են գյուղեր տեղափոխվել ու անասնաբուծությամբ են զբաղվում: Իշխանության ներկայացուցիչները զավեշտալի արտահայտություններով իրար հետ մրցման էին դուրս եկել: Այդ լսումներից ակնհայտ դարձավ, որ իշխանությունը լուրջ չի վերաբերում ՀՀ քաղաքացիների մտահոգություններին եւ ժամանակ է սպառում՝ հակառակի մասին պատրանք ստեղծելով: Ինչպես հայտնի է խորհրդարանական Ելք խմբակցությունը թանկացումների դեմ զանգվածային ակցիաներ է սկսել: Հունվարի 19-ին տեղի ունեցավ առաջին երթը, սակայն դաշինքը խոստացել է շարունակել բողոքի ակցիաները, քանի դեռ պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկել: Փետրվարի 5-ին հաջորդ երթն է նշանակված:

Հիշեցնենք, որ երբ հայտարարվեց երթ անցկացնելու մասին, Սերժ Սարգսյանը նախագահականում խորհրդակցություն հրավիրեց ու կարգադրեց զբաղվել, պարզել օբյեկտիվ են թանկացումները, թե՞ որոշ մարդիկ ցանկանում են գերշահույթ ապահովել: ՀՀԿ ղեկավարը հրահանգեց նաեւ միջոցներ ձեռնարկել գնաճի հետեւանքները մեղմելու վերաբերյալ: Բանն այն է, որ այստեղ խնդիրը ոչ այնքան Ելք-ն է, որի նախաձեռնած ակցիաներից վախեցավ իշխանությունը, որքան ժողովրդական ըմբոստությունը, որը հնարավոր է, եթե այս վիճակը շարունակվի: Քանի որ թանկացումները անգամ միջին կենսամակարդակ ունեցող քաղաքացիների վրա են մեծ ազդեցություն ունեցել: Իսկ ապրիլից առաջ Սերժ Սարգսյանին ձեռնտու չեն բողոքի օջախները : Թերեւս այս մտահոգությամբ էր նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը արգելեց թիմին խոսել Ելք-ի նախաձեռնած երթին մասնակցելու հավանականության մասին: Ծառուկյանը խորհրդարան եկավ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իրենք փողոց դուրս չեն գա, քանի որ դա արդյունք չի տա, դրա փոխարեն կաշխատեն խորհրդարանում, օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնեն ու կփոխեն Հարկային օրենսգիրքը, որից եւս բխում է որոշ ապրանքատեսակների թանկացումը:

Հիմա՝ ԱԺ-ում կայացած լսումներից հետո ակնհայտ հիասթափված են նաեւ Ծառուկյան դաշինքի պատգամավորները, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը իրենց ելույթներում չթաքցրեցին այդ մասին: Եւ ուրեմն ինչ որոշում կկայացնեն այս դաշինքում՝ տեսնելով, որ իշխանությունը պատրաստ չէ գնաճը զսպող գործողությունների: Դուրս կգա՞ն նրանք փողոց՝ վախենալով հանրային վստահության կորստից, թե այդուհանդերձ կմնան խորհրդարանական հարթակում՝ չվնասելով Սերժ Սարգսյանի անվտանգությանը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: