Ձեր աշխատասենյակների և դղյակների շքեղ նորոգումն ու կահույքն անգամ ներդրում եք հաշվում

Jan 24, 2018 Comments Off on Ձեր աշխատասենյակների և դղյակների շքեղ նորոգումն ու կահույքն անգամ ներդրում եք հաշվում

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունվարի 23-ին Ազգային ժողովում թանկացումների վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում կենսաթոշակները, նվազագույն և միջին աշխատավարձերն ավելի բարձր են, քան Վրաստանում ու Ադրբեջանում:

2017 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 194527 դրամ (404 դոլար), Վրաստանում՝ 1069 լարի (425 դոլար), իսկ Ադրբեջանում` 522 մանաթ (309 լարի): Տվյալները վերցված են երեք երկրների պետական վիճակագրական ծառայություններից:

Հետևաբար, միջին աշխատվարձը Հայաստանում ավելի բարձր է, քան Ադրբեջանում և ավելի ցածր, քան Վրաստանում: Նվազագույն աշխատավարձը՝ 130 լարի Վրաստանում (52 դոլար), 55000 դրամ Հայաստանում (114 դոլար), 116 մանաթ Ադրբեջանում (69 դոլար): Այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասում: Մինչդեռ կենսաթոշակի ցուցանիշով Հայաստանը վերջին տեղում է: Կենսաթոշակ՝ Ադրբեջանում 209 մանաթ (121 դոլար), 220 լարի Վրաստանում (87.47 դոլար), 40.5 հազար դրամ Հայաստանում (85 դոլար):

Անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությանը` Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ հայտարարել է, որ այս պահին ռեսուրսները չեն բավարարում նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացման համար, ինչը խնդիր է։ Սակայն մեր երկրում ԱՊՀ երկրների համեմատ առկա է ավելի ցածր գնաճային ֆոն: «Եթե մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը 1 տոկոս, ապա հարևան Վրաստանում տարեկան գնաճը 6.7 տոկոս է, միջինը` 6»,- նշել է նախարար Արամյանը: Նրա խոսքով՝ այս հաշվարկները ներկայացնելիս հաշվի են առնվել նաև երկու երկրներում փոխարժեքների արժեզրկման չափերը. Վրաստանում փոխարժեքը արժեզրկվել է 5.8 տոկոսով, մեզ մոտ` 0.6 տոկոսով:

Նախարարը նաև համոզմունք է հայտնել, թե աղքատության դեմ պայքարի լավագույն ձևն աշխատատեղ ստեղծելն է: Թե կոնկրետ ինչպես ապրեն քաղաքացիները մինչև պետությունը կլուծի տնտեսական աճի և աշխատատեղերի խնդիրը, հարցին Արամյանը պատասխանել է. «Ձեր հարցի պատասխանը շատ պարզ է։ Եթե ուզում եք այսօր ապրել, պետք է փող տպել և գումար բաժանել, բայց եթե փող տպեցինք, գումարները բաժանեցինք, մյուս օրն ի՞նչ ենք անելու։ Ասում եմ՝ այդպես չի լինելու տնտեսական աճ»: Առաջին տպավորությամբ՝ Արամյանի հեգնանքով ասված այս խոսքերը վեր են հանում համակարգային մի ողջ ճշմարտություն: Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունը հենց այդպես էլ վարվել է՝ փող է տպել, սակայն դա բոլորին բաժանելու փոխարեն, մեջ-մեջ է արել մի քանի պաշտոնյաների ու նրանց սպասարկող արբանյակ-օլիգարխների միջև: Տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել թվանկարչության, մեզ անընդհատ ասել են, թե տնտեսական աճը այսքան կամ այնքան տոկոս է կազմել, սակայն իրականում տնտեսությունը շարունակական անկում է ապրում, ներդրումներ չկան աշխատատեղեր չեն ստեղծվում, աղքատությունը խորանում է, գներն էլ չեն իջնում: Ավելին՝ ներկայումս կարծես թե սպառվել է անգամ փող տպելու ռեսուրսը, փոխարենը վրա են հասել նաև նախկինում վերցված և անհասկանալի ծրագրերի վրա մսխված վարկային միջոցները վերադարձնելու ծանր ժամանակները:

Գնաճը, այո՛, գուցեև սարսափելի չէ, բայց նայած ում համար. եթե գնաճին զուգահեռ աճեին նաև եկամուտները, ստեղծվեին նոր աշխատատեղեր, զարգանար փոքր բիզնեսը, դրա հետևանքը այդքան սարսափելի չէր լինի: Երկրները, մասնավորապես մեր հարևան Վրաստանը փոքր բիզնեսի զարգացման ու օտարերկրյա ներդրումների խոշոր ցատկ է կատարել:

Մեր կառավարությունը այդպես էլ չի տվել մի պարզի հարցի պատասխանը. որտե՞ղ են խոստացված օտարերկրյա ներդրումներն ու դրա արդյունքում ստեղծված աշխատատեղերը, պարոնա՛յք: Ձեր աշխատասենյակների և դղյակների շքեղ նորոգումն ու կահույքն անգամ ներդրում եք հաշվում, բայց ասելը քիչ է՝ ո՞վ է հավատացողը:

 

Հայկ   Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: