«Ռուսաստանը հավաստիացրել է Ադրբեջանին, որ հայկական իսկանդերը երբեք չի օգտագործվի նրանց դեմ». Գևորգ Մելիքյան (քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ)

Jan 23, 2018 Comments Off on «Ռուսաստանը հավաստիացրել է Ադրբեջանին, որ հայկական իսկանդերը երբեք չի օգտագործվի նրանց դեմ». Գևորգ Մելիքյան (քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) այսօրվա քննարկման ժամանակ քաղաքագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սպառազինման վերջին գործարքին նշեց, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ այլ երկրների համագործակցությունը Ադրբեջանի հետ պակաս մտահոգիչ չեն, քան Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը:

«Ադրբեջան-Բելառուս հարաբերությունները, քաղաքական առումով, զարգացել են 2002թվականից սկսած և տասը տարվա ընթացքում Բելառուսը Ադրբեջանին վաճառել է մոտ կես միլիարդի զենք-զինամթերք: Ադրբեջանը Ռուսաստանից «Իսկանդեր» չգնեց, քանի որ կար պայման, ըստ որի զենքի կառավարման կողմը մնալու էր ռուսական կողմի ձեռքում, փոխարենը Ադրբեջանը Բելառուսից ավելի էժան գնեց «Պորոնեզ» զենքը, որը այդքան էլ մեծ տարբերություն չունի «Իսկանդերից»: Ըստ ադրբեջանական տեղեկատվության ռուսական կողմը իրենց հավաստիացրել է, որ հայկական իսկանդերը երբեք չի օգտագործվի Ադրբեջանի դեմ, այսինքն՝ Հայաստանի գործընկերները փաստացի դեմ են խաղում հայկական շահերին, ինչի մասին հայկական կողմը տարօրինակ ձևով լռում է»,- նշեց քաղաքագետը:

Բանախոսը շեշտեց, որ Ղազախստանը ևս օգնում է Ադրբեջանին զինվել՝ ավելացնելով, որ ռուսական կողմը շարունակելու է զինել Ադրբեջանին 2018թ.ին և 2019թ.-ին: Նա նաև նշեց, որ թյուր է այն կարծիքը, թե Թուրքիան և Ադրբեջանը դաշնակցական նույն հարաբերություններն ունեն ինչ՝ Ռուսաստանն ու Հայաստանը. «Չկա մի փաստաթուղթ, որը Թուրքիային ստիպի զինել Ադրբեջանին: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա Ռուսաստանի բացասական ազդեցությունը ավելի շատ է, քան Թուրքիայինը»,-ամփոփեց Գևորգ Մելիքյանը:

Քրիստինե Աղաբեկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: