Գնաճը բուժում է տասնյակ հիվանդություններ

Jan 24, 2018 Comments Off on Գնաճը բուժում է տասնյակ հիվանդություններ

Խորհրդարանում գնաճի վերաբերյալ կազմակերպված լսումները ոչ այնքան մտահոգություն, որքան ծաղր էին պարունակում իշխանության կողմից։ Իշխանավորները եկել էին ասելու, որ գնաճը ոչ թե մտահոգիչ է, ինչպես կարծում է այս թեմայի վերաբերյալ խորհրդակցություն հրավիրած Սերժ Սարգսյանը, այլ օգտակար։

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարծում է, որ մսի այս բարձր գինը անասնապահության զարգացմանն է բերում ու եթե ուզում ենք գյուղացին մնա գյուղում, չպետք է ըմբոստանանք այս թանկացումների դեմ․«Այսօրվա պահանջարկը դրսի շուկայի ապացուցում է, որ մեզ մոտ մսի գինը ցածր էր եւ թույլ չէր տալիս անասնապահությունը զարգացնել եւ եթե մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, անասնապահությամբ զբաղվի, գյուղատնտեսությունը զարգացնի եւ արտադրանք տա, ավելի կողմնակից պետք է լինենք մսի այս գնին, հակառակ դեպքում կունենանք դրսից ներմուծված ապրանքներ»:

Նախարարի տվյալներով՝ հետաքրքրություն է առաջացել, կան քաղաքացիներ, որ տեղափոխվել են գյուղ եւ սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ՝ օրգանիկ եւ ոչ օրգանիկ ու ստանում են եկամուտներ. «Հետեւաբար, դիզվառելիքի գինը չի կարող ազդեցություն ունենալ գյուղատնտեսության որեւիցե արտադրանքի վրա, բայց մենք ունենք մի քանի կոմպոնենտներ, որոնք իրար հետ միասին կարող են 5 դրամի ազդեցություն ունենալ»:

Նա ասաց, որ մթերող ընկերությունների հետ են հանդիպելու եւ առաջարկելու են, որ մթերման գները բարձրանան, եթե դրա կարիքը կա»: Իսկ դիզվառելիքի սուբսիդավորման հետ կապված մանրամասները կասեն առաջիկայում։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ լրագրողների հետ զրույցում հուսադրեց՝ 2011-ին 7 տոկոս գնաճ ենք ունեցել, բայց ոչ մեկ չի մահացել։ Հետո նա իհարկե, խմբագրեց խոսքը արտահերթ ելույթով․«Տպավորություն կարող է ստացվել, որ ֆինանսների նախարարը շատ գռեհիկ եւ մեծամտական մոտեցում ունի այն հարցի շուրջ, որը մեզ բոլորիս հետաքրքրում է: Եթե կլինի այդպիսի տպավորություն, որ մեր հայրենակիցներից ցանկացած անձ այդ արտահայտությունը կընկալի՝ որպես մեծամտական դրսեւորում, ես այս բարձր ամբիոնից խնդրում եմ ներողամիտ լինել: Իհարկե, այդպես չի եղել, մի ֆրագմենտ է եղել»:

Նախարարն ասաց, որ նշել է, որ նախորդ տարիներին ավելի բարձր գնաճ է եղել, բայց մեռնելու մասին խոսք չի եղել, ուստի եւս մեկ անգամ ազգաբնակչությունից ներողություն խնդրեց. «Ես ինձ համարում եմ ՀՀ քաղաքացի, մեծ պատասխանատվությամբ եմ պաշտոնավարում եւ կարծում եմ, մեր ջանքերը պետք է ուղղվեն մեր քաղաքացիների համար բարեկեցիկ ապագա ապահովելուն»: «Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ նախագահ Ռոլանդ Ավետիսյանը խոսեց «կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքի ու թշվառությունների» մասին. «Թոշակառուներն այսօր իսկապես ապրելու, իրենց կենսական պահանջները բավարարելու լուրջ խնդիրներ ունեն, այնքան լուրջ, որ նույնիսկ ԱԺ հարգարժան պատգամավորների հորդորները, որ ձեր ի՞նչ գործն է միս ու կարագ ուտելը, կամ եթե ուտելու բան չունեք, կարտոշկա կերեք, մեկ է, կարտոշկան էլ թանկացավ 30 տոկոս։ Այս ամենի ֆոնի վրա բարձրաստիճան քուրմերի հայտարարությունը, թե կառավարությունը ի՞նչ մեղավոր է, ի վերջո, պարոն Շաբոյա՛ն, մեր հասարակությունն այսօր սոված է, մարդիկ հաց չեն ունենում: Խորհուրդ են տվել կարտոֆիլ ուտել, դա էլ չունենք, որեւէ մեկը մեղավորություն ունի՞, թե՞ չէ: Վերջապես մեր հասարակությունն անմե՞ղ է, թե՞ անմեղսունակ, եթե քննարկում ենք անում, եկեք հասկանանք ինչն ինչոց է»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով․ «Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, և մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ»: Նրա գնահատմամբ գնաճը բազում պատճառներ ունի։ Դրանցից մեկը միջազգային շուկան է, և մեկ հարվածով հնարավոր չէ դրա ազդեցությունը չեզոքացնել: «Մենք խորհրդային կարգերում չենք ապրում, որ Բաղրամյան 26-ում որոշում կայացվի, որ կարտոֆիլի գինը 50 դրամով չթանկանա: Մենք ազատ շուկայական պայմաններում ենք ապրում, պարտավոր ենք դրանք ապահովել: Իշխանությունը պետք է հնարավորինս բացասական պայմանները մեղմացնի»։

Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ ելույթ ունեցավ ներկայացրեց, թե կառավարության ու իշխանության փիլիսոփայությամբ ինչ է ստացվում: «Ասում են` գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա: Եթե ասում ենք` սնունդ, խոսքը սնվելու մասին է, չէ՞: Որևէ պրոբլեմ չկա, օրինակ` կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ պրոբլեմ կա: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է, որ կարագն օգտակար ա, բա գիտությունը գիտե՞ք` երբ ա բացահայտել, որ խառը կանաչին օգտակար ա: Գիտե՞ք՝ ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը: Գառան միսը թանկացե՞լ ա, սոխ կերեք, գիտե՞ք՝ ինչ օգտակար ա կանաչ սոխը, չէ` լուրջ, առանց կատակի: Որևէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ ա կանաչ սոխի օգտակարությունը: Կամ` խոզի միսը թանկացել ա, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար: Բենզինը թանկացե՞լ է, մենք էն օրը ցույց տվեցինք, բրթեք ձեր ավտոները, ի՞նչ է` թևներիդ մեջ ուժ չկա՞, համ էլ ֆիտնեսի ծառայություն է: Ուրեմն նորմալ է ամեն ինչ»,- հեգնեց պատգամավորը: Փաշինյանը կոչ արեց փակել այս լսումները: « Էս լսումներն էլ կազմակերպել են, որ ասեն` չկա գնաճ մեր երկրում»,- ասաց նա կոչ անելով քաղաքացիներին մասնակցել փետրվարի 5-ին կազմակերպված երթին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: