Սա «կրկես» է.դատ առանց փաստաբանների և «Սասնա ծռերի»

Jan 23, 2018 Comments Off on Սա «կրկես» է.դատ առանց փաստաբանների և «Սասնա ծռերի»

«Սասնա ծռերի» 11 անդամների գործով դատական նիստին նախագահող դատավոր Արթուր Օհանյանը դատական նիստերի դահլիճ մտնելուց հետո հայտարարեց, որ գործով ամբաստանյալների համար հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբաններ են հրավիրվել եւ նրանց դատարանը ներգրավում է։

Սա վրդովվեցրեց պայմանագրային պաշտպաններին, որոնք դատավորին մեղադրեցին պետական միջոցներն անտեղի վատնելու մեջ: «Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում…պայմանագրային պաշտպաններն այստեղ նստած՝ դուք հանրային պաշտպանների եք հրավիրում»,-դիմելով դատավորին՝ ասաց ամբաստանյալների պայմանագրային պաշտպաններից Լուսինե Սահակյանը: Նա ընդգծեց, որ պետք է վերացնել սանկցիան եւ ամբաստանյալներին դահլիճ բերել՝ պաշտպանների հարցն իրենց հետ հստակեցնելու համար, սակայն դատավոր Արթուր Օհանյանը գտավ, որ ամբաստանյալների հանդեպ իրավաչափ սանկցիա է կիրառվել:

Գործով պայմանագրային պաշտպանները խնդրեցին դատարանին ամբաստանյալներին վերադարձնել դատական նիստերի դահլիճ՝ հանրային պաշտպաններ ներգրավելու վերաբերյալ դիրքորոշումը հայտնելու համար։ Դատարանը մերժեց նրանց միջնորդությունը՝ նշելով, որ «Սասնա ծռերը» անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ եւ հեռացվել նիստերի դահլիճից։

Պայմանագրային պաշտպաններից Հայարփի Սարգսյանն էլ կատարվածը «կրկես» որակեց, որին, իր խոսքով, մասնակցել չի պատրաստվում, ինչին ի պատասխան դատավորը հորդորեց կոռեկտ լինել: Ի վերջո, բոլոր պայմանագրային պաշտպաններն առանց դատավորի թույլտվության դուրս եկան նիստերի դահլիճից եւ նստեցին քաղաքացիների համար նախատեսված հատվածում՝ այդ կերպ դժգոհելով դատարանի գործողությունների դեմ: Դահլիճում մնացին դատավորը, դատախազներն ու հանրային պաշտպանները, որոնք էլ ներգրավվեցին գործում՝ բոլոր՝ 11 ամբաստանյալների համար միաժամանակ:

Մեղադրողների եւ 3 հանրային պաշտպանների ներկայությամբ դատարանը որոշեց շարունակել դատական նիստը՝ անցնելով ապացույցների հետազոտման փուլին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: