Արցախը հանձնելու ստորագրողը Երևանի՞ց, թե՞ Լոնդոնից

Jan 26, 2018 Comments Off on Արցախը հանձնելու ստորագրողը Երևանի՞ց, թե՞ Լոնդոնից

Հայաստանում նոր Սահմանադրության, նոր կառավարման համակարգի վերաբերյալ այս, կամ այն ոլորտի առնչությամբ բարձրացվել են տարբեր հարցադրումներ:

Հարցերին մեկն էլ հետևյալն է օրինակ՝ ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Ղարաբաղյան բանակցություններում՝ նախագա՞հը, թե՞ վարչապե՞տը…

Հայտնի է, որ երկրում արտաքին քաղաքականության իրականացնողը կառավարությունն է լինելու: Մասնավորապես Սահմանադրության 146-րդ հոդվածը նախատեսում է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը»:

Սակայն Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր»:

Իհարկե, պարզ է, որ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան բանակցությունները ոչ մի նախագահի էլ չի վստահի, ու այստեղ է, որ նա, թերևս, այնպիսի նախագահացու է ընտրել Լոնդոնից, որպեսզի իր գերազանցությունը, առավելությունը երևա նաև հենց ղարաբաղյան կարգավորման բանակցություններում մասնակցության առումով:

Մի՞թե Սերժ Սարգսյանը կարող է Արմեն Սարգսյանին ուղարկել ղարաբաղյան բանակցությունների… Իհարկե ոչ: Այսինքն, այս հարցում կարելի է համոզվածություն ունենալ, որ Սերժ Սարգսյանը կշարունակի մասնակցել բանակցություններին:

Բայց այստեղ կա մեկ այլ հարց. իսկ եթե ղարաբաղյան բանակցություններն ավելի լրջանան, և կողմերից զիջումներ ակնկալելու, ինչու չէ՝ համաձայնագիր ստորագրելու պահանջ առաջանա` ո՞վ է ստորագրելու պայմանագիրը:

Ահա, այստեղ է, որ Սերժ Սարգսյանը, որպես թե՛ երկրի հաջորդ վարչապետ, թե՛ ՀՀԿ-ի առաջնորդ, կարող է «դեմ տալ» երկրի նախագահին՝ Արմեն Սարգսյանին: Իսկ վերջինս Հայաստանին ու Արցախին խորթ ու օտար մեկը, անհայրենիք, հեշտությամբ կարող է ստորագրել ցանկացած համաձայնագիր:

Այսինքն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները կվարի վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը, որը վերապահված է ՀՀ նախագահին, կարող է Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր լուծման պարագայում ստանձնել պատասխանատվություն ոչ հայանպաստ լուծման համաձայնություն տալու առումով:

Այլ կերպ ասած՝ վարչապետը կարող է ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմի համար ոչ ձեռնտու տարբերակի համաձայնել, բայց պայմանագիրը կնքի ոչ թե ինքը, այլ նախագահը:

Իսկ Արմեն Սարգսյանի նման օտար տեսակին, հայաստանցու ու արցախցու ցավին անհաղորդ որակին, վստահաբար հայտնի չեն, որ անկախ երկրում բազում խնդիրներից, իշխանությունների հանդեպ վերաբերմունքից, Արցախն այն ուժն է, որի համար ժողովուրդը ոտքի է կանգնում ու եթե հարկ լինի, նորից կկանգնի: 2016 թվականի ապրիլյան պատերազմը ասվածի վառ ապացույցն էր:

Հետևաբար, եթե Սերժ Սարգսյանի գլխում Արմեն Սարգսյանը նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի «դերակատարում» ունենալու հնարավորության համատեքստում տեղ ունի՝ նա բացառապես մարած «քարտ» է. արցախյան հարցում որևէ մեկի կողմից դավաճանությունը Հայաստանի ու Արցախի ժողովուրդը չի հանդուրժի անկախ նրանից ստորագրողը Լոնդոնից է, թե Հայաստանից:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: