Մեկ կոնկրետ դեպք՝ 100 ճառի փոխարեն

Jan 24, 2018 Comments Off on Մեկ կոնկրետ դեպք՝ 100 ճառի փոխարեն

Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը Շվեյցարիայում հորդորում է գալ ու բիզնեսով զբաղվել Հայաստանում, գալ ու ներդրումներ անել Հայաստանում, քանի որ մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է, Հայաստանում հրապարկվել է Բրիտանացի գործարար և ներդրող Սոնիա ՄաքԼեոդի բաց նամակը՝ հասցեագրված ՀՀ բարձրագույն իշխանությանը:

Բրիտանացի գործարարը բաց նամակը ուղղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և խարդախության հոդվածների հատկանիշներով հարուցված գործի կարճման վերաբերյալ՝ խնդրելով նրանց միջամտությունը քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականացնելու, իր խախտված իրավունքները վերականգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

«Դիմում եմ ձեզ, համոզված լինելով, որ անտարբեր չեք լինի որևէ ներդրողի, այդ թվում և հատկապես՝ օտարերկրյա ներդրողի խախտված իրավունքների վերականգման հարցում, քանզի այն ոչ միայն տնտեսության զարգացման, այլ նաև տնտեսական անվտանգության կարևորագույն երաշխիք է: Ունենալով Ֆլայ Դուբայ ընկերության կողմից լիազորություն ՀՀ-ում ընկերություն հիմնադրելու հետ կապված՝ բանակցել եմ տարբեր անձանց հետ և 2010թ-ի հոկտեմբեր ամսին ՀՀ–ում գրանցել եմ «Թրասթ Թրավել Ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ն։ Հիմնադրման պահին 40 տոկոս բաժնեմասը պատկանել է ինձ, 30-ական տոկոս՝ երկու այլ գործընկերոջ: Որպես բրիտանացի՝ ես ունեմ սկզբունք, որ կյանքում պետք է վստահել երեք հոգու՝ բիզնեսի գործընկերոջը, քո իրավաբանին և քո բժշկին: Սակայն Հայաստանում ես կարծես թե սխալվեցի»,- նշում է նամակագիրը: Ըստ բաց նամակի՝ բրիտանացի գործարարը արդարության և խախտված իրավունքների վերականգնման հույսով 2017 թվականի փետրվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտե է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում ընդդեմ նախկին բիզնես-գործընկերոջ և նախկին իրավաբանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 178-րդ (Խարդախություն) հոդվածների հատկանիշներով` տնօրենի կողմից ընկերության շահերին հակառակ գործելու հետևանքով Ֆլայ Դուբայի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակը կորցնելու և վստահություն չարաշահելու հիմքով բաժնեմասերի «օտարում» կազմակերպելու հիմքերով:

«Նյութերի նախապատրաստության արդյունքում քննիչ Ա. Գ.-ի կողմից 18.02.2017թ-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է և Երևան քաղաքի դատախազի 14.03.2017թ-ի որոշմամբ վերացվել: Հարուցվել է թիվ 63200817 քրեական գործով: Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել քննիչի փոփոխություն և վեց անգամ երկարաձգվել է գործի նախաքննության ժամկետները:Քննիչ Ա. Գ.-ի կողմից 14.11.2017թ.-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Գործարարը բողոքարկել է այս որոշումը, որին հաջորդել է ավելի քան 10 ամսվա իրավական քաշքշուկ:

«Սույն նամակով խնդրում եմ միջոցներ ձեռնարկել քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականացնելու, խախտված իրավունքներս վերականգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, որի կարևոր երաշխիք եմ համարում քննիչ Ա. Գ-ին վարույթից հեռացնելը և քրեական գործի քննությունը տնտեսական հանցագործությունների քննության փորձ և համապատասխան գիտելիքներ ունեցող քննիչին հանձնելը»,- գրել է Սոնիա ՄաքԼեոդը:

Այս պատմությունը թերևս մեկն է այն բազմաթիվ դեպքերից, որոնք պատահում են Հայաստանում բիզնեսով զբաղվողների հետ: Գործընկերները խաբում են, օրենքը չի պաշտպանում, արդարադատություն կա՛մ չկա, կա՛մ էլ ընտրովի է իրականացվում: Օտարերկրյա ներդրողին հենց այս համգամանքն է ամենաշատը վանում մեր երկրից: Այս մասին, իհարկե, ներդրողների հրավերներում և բիզնես գրավչության մասին ճառերում ոչիչն չի ասվում, բայց ինչպես ասում են՝ մեկ կոնկրետ փաստն ավելին է, քան 100 ճառը:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: