Ա՜խր, մենք ինչպես Հայաստանում ձեզ համար լոնդոնյան մառախուղ ապահովենք

Jan 25, 2018 Comments Off on Ա՜խր, մենք ինչպես Հայաստանում ձեզ համար լոնդոնյան մառախուղ ապահովենք

Այլեւս անհիմն չեն պնդումները, որ վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների տեսքով Հայաստան են ներմուծվում «դեկորատիվ տղերք», որոնց թվում ՀՀ չորրորդ նախագահի ՀՀԿ թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ երկարամյա դեսպան Արմեն Սարգսյանն է: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի դասից է՝ բարետես արտաքինով, քիչ թե շատ բարեկիրթ, բայց հայաստանյան միջավայրից կտրված, անպտուղ գործողություններով, իսկական դեկորատիվ երեւույթներ…
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը արդեն մեկնել է Լոնդոն: Սա այն թեկնածուն է, որ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկը լսելուց հետո անմիջապես սեթեւեթեց, թե պիտի դռնեդուռ ընկնի, մարդկանց հանդիպի, քննարկի իր թեկնածության հարցը, որից հետո նոր որոշում կայացնի: <<Շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը,հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել>>:
Ճիշտ եւ ճիշտ Կարեն Կարապետյանի պես: Վարչապետն էլ տարեվերջին իր մի հարցազրույցում հայտարարեց, որ արձակուրդները կրճատում են, որ չեն կարող 8-10 օր տանը մնալ, նման շքեղություն տալ: Բայց տոներից հետո նա ոչ թե առաջինը վերադարձավ աշխատանքի, այլ երկարացրեց արձակուրդը: Փաստն այն է, որ չհանդիպելով որեւէ ուժի կամ հասարակության որեւէ շերտի հետ Արմեն Սարգսյանը մեկնեց տուն:
Գուցե մեր դեսպանը չի հարմարվում հայաստանյան կլիմային եւ Լոնդոնի եղանակը մտածելու համար շատ ավելի նպաստավոր է: Ի վերջո, կամ պետք է այստեղ լոնդոնյան թանձր մառախուղ ապահովեինք, կամ էլ թողնեինք, որ քաղաքակիրթ երկրում իր կյանքը վարող ու հայրենիքի հետ կապը խզած ընտանիքի հայրը վերադառնա հարազատ միջավայր: Քանզի այս անգամ փախուստի դիմելու պատճառ չուներ, ինչպես ժամանակին վարչապետի պաշտոնից, երբ կոնֆլիկտ ուներ Վազգեն Սարգսյանի հետ: Այն բանից հետո, երբ ասպարեզ նետվեց Արմեն Սարգսյանի ու իր ընտանիքի մասին պատմող լրագրողական նյութերը, նրանց հարցազրույցները,այլեւս կասկած չի հարուցում, որ լոնդոնյան քաղաքակիրթ միջավայրում ապրած այս ընտանիքը չի հարմարվի հայաստանյան կյանքին: Ի վերջո, պարզվեց, որ Սարգսյանի տիկինը Լոնդոնից այն կողմ կյանք չի տեսնում, որդիները ընդհանրապես իրենց հայ չեն համարում, իսկ ավագն արդեն հասցրել է ամուսնանալ ամերիկուհու հետ:
Ընդհանրապես գնալով պայթում է Արմեն Սարգսյանի՝ իբրեւ լավ դեսպանի իմիջի շուրջ փուչիկը: Որեւէ մեկը դժվարանում է փաստել Սարգսյանի իբրեւ դեսպանի դրական որեւէ աշխատանք,Հայաստանի որեւէ քաղաք Բրիտանիայի որեւէ համայնքի հետ քույր-քաղաքի որեւէ հավաստագիր չի կնքել, որպիսին արվում է նույնիսկ ամենաոչնշանակալի երկների հետ: Փոխարենը անընդհատ արծարծվում է Արմեն Սարգսյանի լավ բիզնեսմենի համբավը: Իհարկե, դեռ հարց է պարզել՝ Արմեն Սարգսյանը ազատ ժամանա՞կ է հասցրել բիզնեսմենի հռչակ վաստակել,թե՞ դեսպան աշխատելու տարիներին, երբ օրենքով դրա իրավունքը նա չուներ: Եւ, իհարկե, արքայազն Չարլզի հայաստանյան այցը, որի բուն նպատակը ինչպես պարզվեց հետո, Ամուլսարի ծրագրի իրագործումն էր.այն արքայազնի, որը հայտնվել էր Թուրքիայի Գալիպոլիի միջոցառումներին՝ տրորելով սեփական երկրի պատմությունը, քանզի Թուրքիայի կողմից այդ ճակատամարտում պարտություն էր կրել Բրիտանիան:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: