Կարեն Կարապետյանը խնդիրները կապում է Վերին Լարսի հետ

Jan 22, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանը խնդիրները կապում է Վերին Լարսի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ներկա դրությամբ քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ: Այդ մասին կառավարության ղեկավարը նշել է «ՌԻԱ Նովոստի» -ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ունի գյուղատնտեսական ապրանքների՝ Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացնելու ներուժ և կա՞ն խնդիրներ այդ ուղղությամբ: Կարեն Կարապետյանը նշել է. «Մեզ մոտ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված ժամանակակից, շահութաբեր և արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը: Դա և նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծումն է, անցումը նոր կաթիլային ոռոգման համակարգի, և գյուղտեխնիկայի պետական լիզինգային ծրագիրը, և շատ հասանելի վարկերը, և հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որն աստիճանաբար պետք է ընդգրկի հանրապետության ողջ տարածքը: Բնականաբար, այս ամենը չի կարող չարտացոլվել մեր գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման վրա, ինչը դինամիկ կերպով աճում է: Իսկ ինչ վերաբերում է արտահանման խնդիրներին, ապա դրանք հիմնականում կապված են Վերին Լարսում առկա տեխնիկական բնույթի խնդիրների հետ՝ կապված եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածության հետ: Ներկա դրությամբ քննարկվում են լոգիստիկ այլընտրանքային տարբերակներ: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում տարբեր ցուցահանդեսներում հայկական արտադրանքի ներկայացման մակարդակի բարձրացման ուղղությամբ, որոնք նպաստում են արտահանման աճին և նոր շուկաներում հայտնվելուն»,- ասել է վարչապետը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: