էրդողանի պատասխանը Թրամփին. հարվածներ՝ քրդական օբյեկտներին, արդյունքում՝ թուրքական 2 քաղաքների հրթիռակոծում

Jan 24, 2018 Comments Off on էրդողանի պատասխանը Թրամփին. հարվածներ՝ քրդական օբյեկտներին, արդյունքում՝ թուրքական 2 քաղաքների հրթիռակոծում

«Անկարան Սիրիայի խնդրում ԱՄՆ-ին չի վստահում»

Թուրքիան արդեն մի քանի օր է ռազմական գործողություններ է իրականացնում Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերի դեմ: Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի քրդական ուժերի դեմ հունվարի 20-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արձանագրեց, որ ցանկանում է գործողության արագ ավարտ…

Ինչպես հայտնի է, անցած օրերին Սիրիայի հետ սահմանագծին տեղակայված թուրքական զորքերը մարտական պատրաստության բերվեցին: «Անհրաժեշտ է անհապաղ քայլերի դիմել՝ Սիրիայի արևմտյան շրջաններից Թուրքիային սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու նպատակով», նշվեց Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ. «Թուրքիան չի հանդուրժի իր սահմանների երկայնքով ահաբեկիչների բանակի ստեղծումը»:

Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ Անվտանգության խորհուրդը շտապ նիստ գումարեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստվում է Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց սահմանապահ ուժեր ստեղծել, որոնց կորիզը կազմելու են քրդական ջոկատների մարտիկները: «Թուրքիայի իշխանությունների համբերությունը սպառվել է»,- Ազգային Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո ասաց փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: «Հյուսիս-ատլանտյան դաշինքը, Միացյալ Նահանգները աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող ահաբեկչական կազմակերպություններին: Դա անընդունելի է և պարզապես անբացատրելի»,- նաև նշել է թուրքական կառավարության ներկայացուցիչը:

Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, պնդում է, որ թուրքական կողմը, դիմելով կտրուկ քայլերի, առաջնորդվում է սխալ տեղեկատվությամբ: «Այս ողջ կացությունը սխալ է ներկայացվել մարդկանց կողմից, որոնք ճիշտ չեն ձևակերպել իրենց մտքերը»,- Վանկուվերում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը նշել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նա անդրադարձել է Թուրքիայից հնչող վերջին հայտարարություններին` խոստանալով, որ Վաշինգտոնը դրանք չի անտեսի: «ԱՄՆ-ն հաշվի է առնում և լրջորեն է վերաբերում NATO-ի մեր դաշնակցի` Թուրքիայի կողմից հնչեցվող մտահոգություններին: Մենք ընդունում ենք «Իսլամական պետության» դեմ պայքարի ընթացքում Թուրքիայի գործադրած մարդասիրական ջանքերն ու ռազմական ոլորտում կատարած զոհաբերությունները: Մենք պետք է սերտորեն համագործակցենք Թուրքիայի հետ` Սիրիայի նոր ապագան կառուցելու ճանապարհին: Ապագա, որը կապահովի Սիրիայի հարևանների անվտանգությունը»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Անկարային, սակայն, ամերիկյան իշխանությունների բացատրությունները չգոհացրեցին: Չավուշօղլուն CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Անկարան Սիրիայի խնդրում ամերիկացիներին չի վստահում: «Աֆրինում սպասվող գործողություններին Ռուսաստանը չպետք է ընդդիմանա: Հարկավոր է պարզապես համակարգել իրավիճակը Սիրիայում գտնվող ռուսաստանցի [ռազմական] դիտորդների հետ` հնարավոր միջադեպերից խուսափելու համար: Մենք բանակցում ենք թե՛ ռուսների, թե՛ իրանցիների հետ` օդային տարածքն օգտագործելու շուրջ, քանի որ դա այլ պետության օդային տարածքն է», ասաց Չավուշօղլուն:

Լարված հայտարարություններին, Անկարա-Վաշինգտոն փոխադարձ մեղադրանքներից քիչ անց Անկարան սիրիական Աֆրինում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ սկսեց: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Չանիքլընի խոսքով՝ Թուրքիան այլընտրանք չունի և պետք է մաքրի իր սահմանները ահաբեկչական տարրերից. «Աֆրինի ազատագրումը Թուրքիայի համար առաջնահերթություն է»:

Սիրիան հրթիռային հարված հասցրեց թուրքական քաղաքներին

Սիրիական Աֆրին քաղաքի տարածքից, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ, հրթիռակոծվել են թուրքական երկու քաղաքներ՝ Ռեյհանլըն և Քիլիսը։ Դա պատասխան էր սիրիացի քրդերի դեմ Էրդողանի հայտարարած ռազմական արշավին։ Ռեյհանլըի ուղղությամբ արձակվել է 11 հրթիռ, որից 9-ը պայթել են քաղաքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 46 մարդ։ Քիլիսում 4 հրթիռ է պայթել, վիրավորվել է 7 մարդ։

Արդեն հայտնի է, որ մեկ մարդ մահացել է, 32-ը վիրավորվել Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Ռեյհանլը քաղաքի վրա սիրիական կողմից հրթիռի արձակման հետևանքով, հայտնում են պաշտոնական աղբյուրները:

Թուրքական զինուժը հայտարարում է, թե արդեն երրորդ օրը շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում հարվածներ է հասցրել քրդական 153 օբյեկտների: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանց թիրախում են եղել քրդերի ռազմական հենակետերն ու զինանոցները: Քրդերը, սակայն, հայտարարում են քաղաքացիական զոհերի մասին:

«Ֆրանսպրես»-ի հետ զրույցում վերջիններս պնդել են, թե թուրքական կողմի հարվածներից առնվազն յոթ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում դիմելով իր կուսակիցներին՝ հայտարարել է, որ կջախջախի նրանց, ովքեր սպառնում են Թուրքիայի ազգային պայքարին: Դիմելով Սիրիայի քրդական ուժերին՝ Էրդողանն ասել է ․ – «Դուք չեք կարող հույս դնել ԱՄՆ-ի աջակցության վրա՝ Թուրքիային հաղթելու համար»: Էրդողանը նաև ընդգծել է, թե Թուրքիայի դաշնակիցներից ոմանք 2 հազար օդանավերով, 5 հազար բեռնատարներով զենք և զինամթերք են տրամադրել քրդական ուժերին:

Վերլուծաբանները չեն բացառում, որ այս ներխուժման հետևանքով կարող են էլ ավելի սրվել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները:

Աշխարհի արձագանքը՝ Թուրքիայի գործողություններին

Թուրքական հարձակումը դատապարտեց նախ Սիրիայի կառավարությունը` կոչ անելով միջազգային հանրությանը անհապաղ դադարեցնել այն: Իրանը կոչ արեց վերջ դնել թուրքական ներխուժմանը Սիրիա՝ պնդելով, որ դա կարող է օգնել «ահաբեկիչներին»:

Ռուսական զորքերը չեն օգնի Սիրիային՝ Թուրքիայի հետ պատերազմում, այսպիսին էր պաշտոնական Մոսկվայի արձագանքը: ՌԴ ՊՆ–ում հայտարարել են, որ Ռուսաստանը հեռացրել է զորքը Աֆրինից և չի ներքաշվի Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից՝ սիրիական քրդերի դեմ հայտարարված «Ձիթապտղի ճյուղ» ռազմական օպերացիայի մեջ։ Միևնույն ժամանակ, ռուսական ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ կպաշտպանեն Ռուսաստանի շահերը Սիրիայի Արաբական Հանրապետությունում և կրակի դադարեցում կպահանջեն քաղաքական–դիվանագիտական ճանապարհով։ ՌԴ ՊՆ–ում նաև ընդգծել են, որ օպերատիվ կերպով օգնություն կցուցաբերեն Սիրիայի ռազմական գոտիներից հեռացող խաղաղ ազգաբնակչությանը։

Իսկ ահա պաշտոնական Վաշինգտոնն արձանագրեց, որ Անկարան նախազգուշացրել էր, որ ծրագրում է ավիահարձակումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում ընդդեմ «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) : ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը նշել էր. «Թուրքիան անկեղծ է եղել։ Նա նախազգուշացրել է մեզ մինչ ավիացիա ուղարկելն ու դա անելը, խորհրդակցել է մեզ հետ։ Եվ հիմա մենք աշխատում ենք այն բանի վրա, թե ինչպես շարունակենք գործել»։

Այսօր, հունվարի 22-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում։ ԱԽ անդամները խորհրդակցություններ կանցկացնեն Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների դեմ անցկացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ։ «Ֆրանսիան, ի թիվս այլ բաների, կընդգծի մարդասիրական օգնության հասանելիության ապահովման կարևորությունը»,-նշել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը Twitter-ում։

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: