Օրական 10 վայրկյան գրկախառնությունն իջեցնում է ճնշումն ու կանխում դեպրեսիան. սեքսոպաթոլոգ

Jan 21, 2018 Comments Off on Օրական 10 վայրկյան գրկախառնությունն իջեցնում է ճնշումն ու կանխում դեպրեսիան. սեքսոպաթոլոգ
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս

Ամբողջ աշխարհում հունվարի 21-ին նշվում է ամենաանսովոր տոներից մեկը` Գրկախառնության օրը: Նոր տոնի ավանդույթի համաձայն՝ կարելի է նույնիսկ անծանոթ մարդկանց հետ ընկերաբար գրկախառնվել: Ավանդության համաձայն՝ մարդիկ ընկերական գրկախառնության ժամանակ իրար են փոխանցում հոգու ջերմությունը: Հենց այդ օրն ամբողջ աշխարհում աղջիկներն ու տղաներն առանց որևէ ինտիմ ենթատեքստի ամուր գրկում են միմյանց: Այդ օրը կարելի է գրկել անգամ անծանոթներին: Թեպետ տոնը երիտասարդ է, սակայն ոչ ոք հստակ չի հիշում, թե որտեղի՞ց է այն առաջացել:

Ընկերական գրկախառնումների ժամանակ մարդիկ դրական լիցքեր են փոխանցում միմյանց, իսկ գիտնականները պարզել են, որ կատարյալ երջանկության համար յուրաքանչյուր ոք օրական առնվազն 8 անգամ պետք է գրկախառնվի:

Հենց այդ ընկերական էմոցիաներն էլ երկարացնում են մարդկանց կյանքը: Կարողանալ գրկել դիմացինին` վստահության դրսևորում է, իսկ եթե վստահություն չկա դիմացինի հանդեպ, գրկախառնվելուց արագ հետ քաշվելու զգացողություն կառաջանա:

Ապացուցված է, որ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը և կանխել դեպրեսիան։

Բացի այդ, այս նույն «դեղն» ամրացնում է իմունային համակարգը՝ օգնելով դիմակայել վարակներին։

Դրական հույզերը, որոնք առաջանում են գրկախառնության ժամանակ, հանգեցնում են ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես՝ բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը (կապվածության և վստահության հորմոն) և նվազեցնում են կորտիզոլի մակարդակը (սթրեսի հորմոն)։

Հետևաբար սթրեսից, դեպրեսիայից և քրոնիկ ցավերից ազատվելու համար պետք է հաճախ գրկախառնվել:

Գրկախառնության ժամանակ ուղեղի մեջ ակտիվանում է հաճույքի կենտրոնը, իսկ ցավ և սթրես փոխանցելու համար պատասխանատու համակարգի աշխատանքը դանդաղում է: Դրա շնորհիվ մարդը հանգստանում է, և ցավերը դադարում են:

Ահա թե ինչու մարդիկ, ցանկանալով հանգստացնել նեղված ու հիասթափված մարդուն, գրկում են նրան:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: