Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 29 տարեկան

Jan 21, 2018 Comments Off on Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 29 տարեկան

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից։

Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում։

1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալենսիայում: Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել՝ սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։

1995 թվականին Մխիթարյանները վերադարձել են Երևան, որտեղ էլ առաջին անգամ Հենրիխի տատիկը՝ Լիդիա Լավրետևան, նրան տարել է ֆուտբոլային դպրոց:

Մխիթարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ներկայումս սովորում է տնտեսագիտություն՝ Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում։ Ավարտելուց հետո մտադիր է սովորել այնտեղ՝ որպես իրավաբան։ Մխիթարյանը Զինեդին Զիդանին համարում է իր ֆուտբոլային կուռքը:

«Փյունիկ»-ից մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» հասած Երևանի պատվավոր քաղաքացին կարիերայի ընթացքում 8 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն անկասած փոխեց հայկական ֆուտբոլի պատմությունն՝ աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններից մեկը՝ Անգլիական Պրեմյեր լիգա իր տեղափոխությամբ:

Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ում, Դոնեցկի «Մետալուրգ»-ում, Դոնեցկի «Շախտյոր»-ում, որի կազմում 2012/13 մրցաշրջանում ճանաչվել է Ուկրաինայի առաջնության տարվա լավագույն ռմբարկու: Դոնեցկյան թիմի կազմում երեք անգամ դարձել է երկրի չեմպիոն, երեք անգամ գավաթակիր, մեկ անգամ էլ արժանացել է Սուպերգավաթին: Դոնեցկից հետո Մխիթարյանը կարիերան շարունակել է Բունդեսլիգայում՝ հադնես գալով Դորտմունդի «Բորուսիա»-ում: 2015/2016 մրցաշրջանում ֆուտբոլիստների վարկածով լավագույնն է ճանաչվել Գերմանիայի առաջնությունում: Դորտմունդյան թիմի կազմում երկու անգամ նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը:

2016թ-ի հուլիսին մեր ընտրանու ավագին ձեռք բերելու մասին պաշտոնապես հայտարեց Անգլիայի առաջնության ամենատիտղոսակիր թիմերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաների» կազմում Մխիթարյանը նվաճել է ֆուտբոլային լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը:

2017թ-ին մանչեսթերյան թիմի կազմում արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր եվրոպական մրցաշարերից մեկի՝ Եվրոպայի լիգայի չեմպիոնի կոչմանը՝ Ստոկհոլմի «Friends Arena» մարզադաշտում ծածանելով հայոց եռագույնը:

Արդյունքում ̀ Մոուրինյուի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է այս տիտղոսը, իսկ Մխիթարյանը՝ դարձել առաջին հայ ֆուտբոլիստ, ով մրցաշարի եզրափակչում գոլ է հեղինակել:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը իր պրոֆեսիոնաիզմով, բացառիկ աշխատասիրությամբ ու գեղեցիկ խաղով արդարև ունի բազմահազար երկրպագուների բանակ ողջ աշխարհում: Մարդ, ում շնորհիվ ճանաչելի է դառնում նաև Հայաստանը: Չնայած ունեցած իր հեղինակությանը՝ համեստաբար իրեն աստղ չի համարում, ասելով՝ թե աստղերը երկնքում են:

 

Լուրեր, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: