Լիտվական ELTA-ն՝Բաքվի հայկական ջարդերի հերթական տարելիցի մասին

Jan 20, 2018 Comments Off on Լիտվական ELTA-ն՝Բաքվի հայկական ջարդերի հերթական տարելիցի մասին

Լիտվայի Հանրապետությունում ՀՀ  դեսպանությունը հայտարարություն է տարածել Բաքվում հայերի մասսայական ջարդերի հերթական տարելիցի կապակցությամբ, որը լայնորեն տարածվել է մերձբալթյան երկրների ԶԼՄ-ներում, այդ թվում՝ լիտվական ELTA գործակալության կողմից:«2018 թվականի հունվարի 28-ին լրանում է Բաքվում հայերի մասսայական ջարդերի հերթական տարելիցը: Հայկական ջարդերը Բաքվում ձգվեցին մեկ շաբաթ, քանի դեռ խորհրդային զորքերը մուտք չգործեցին քաղաք: The Human Rights Watch-ը հայտնել է հայերին պատկանող բնակարաններում 2000-ից ավելի հանցագործությունների մասին,  ավելի քան 100 մարդ զոհվել է ջարդերի ընթացքում, կամ տանջամահ արվել Բաքվի փողոցներում: Մարդասիրության դեմ այս ծանր հանցագործությունը դատապարտվել է միջազգային հանրության կողմից, այդ թվում Եվրոպական խորհրդարանի, որը 1990 թվականի հունվարի 18-ի իր բանաձևում ընդգծել է. «Հաշվի առնելով Բաքվի ադրբեջանցիների հակահայկական գործունեության վերսկսումը, նրանցից ոմանք մահացել են հատկապես սարսափելի հանգամանքներում: Հանձնաժողովը և Խորհուրդը կոչ են անում խորհրդային իշխանություններին երաշխավորել Ադրբեջանում ապրող հայերի իրական անվտանգությունը՝ այնտեղ ուղարկելով համապատասխան ուժեր միջամտելու համար: Ջարդերի ցավալի արդյունքը Բաքվի հայ համայնքի ամբողջական էթնիկ զտումն էր. 1988 թվականին բաքվում ապրում էր շուրջ 300 հազար հայ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:Դրանում նշված է, որ Ադրբեջանի նախկին և ներկա ղեկավարները որևէ կերպ չեն դատապարտել կամ հետաքննել այդ իրադարձությունները, որպեսզի մեղավորներին պատասխանատվության ենթարկեն:     «Խորհրդային միությունում հակահայկական ջարդերի մասին բաց նամակում», որը ստորագրել են համաշխարհային ճանաչում ունեցող 133 մտավորականներ, որը տպագրվել է New York Times-ում 1990 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ասված էր. «1988 թվականի Սումգայիթի ջարդերին հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի ջարդերը 88-ի նոյեմբերին, 1990-ին ևս հայերի կոտորածները շարունակվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում: Այն փաստը, որը ջարդերը կրկնվել են և այն, որ դրանք իրականացվել են միևնույն կերպ, ստիպում են մեզ կարծել, որ այդ ողբերգական իրադարձությունները դժբախտ դեպքեր կամ ինքնաբուխ պոռթկումներ չեն: Փոխարենը մենք ստիպված ենք ընդունել, որ հայկական փոքրամասնության դեմ հանցագործությունները դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն: Զոհված Անդրեյ Սախարովի խոսքով (New York Times, նոյեմբերի 26, 1988 թ.), այդ ջարդերն իրենցից ներկայացնում են «բնաջնջման իրական սպառնալիք Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք կազմում են տեղի բնակչության 80 տոկոսը:Բաքվի, ավելի վաղ Սումգայիթի ու Կիրովաբադի հայերի կոտորածները ևս մեկ ապացույցն են այն բանի, որ հայերը ապագան չեն ունեցել ոչ խորհրդային և ոչ էլ անկախ Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել և շարունակում է մնալ իր նախնիների հայրենիքում գոյության միակ երաշխիքը»,- ասված է հայտարարության մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: