Համընդհանուր «ռեստարտ»

Jan 21, 2018 Comments Off on Համընդհանուր «ռեստարտ»

Հունվարի 19-ին հրավիրված կոլեգիայի նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը  խիստ տոնով խոսել է առաջիկայում սպասվող կադրային փոփոխությունների մասին։

Նա հայտարարել է, որ համակարգում հինը հիմնովին պետք է մաքրվի, եւ այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձեւափոխվել ու կերպարանափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով։ «Մի մասը, ովքեր իրենց ծառայությունները պետության ու ոստիկանությանը պատվով են կատարել, իրենց ժամանակը լրանալու հետ կապված կմիանան վետերանների միությանը, կաշխատենք այնպես անել, որ պիտանիները չտուժեն։ Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն կգնան։ Էն էներգիան, էն աշխատուժը, որ մենք ծախսում ենք էն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծարացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»,–սպառնացել է Վլադիմիր Գասպարյանը։

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսում է ոստիկանության փոփոխության և բարեփոխման,  ոստիկանի նոր կերպարի ձևավորման, հնացած ու արատավոր մեթոդներից հրաժարվելու մասին: Ավելին՝ ոստիկանապետը բավականին հաճախակի փոփոխություններ է կատարում համակարգում՝ ժամանակ առ ժամանակ պաշտոնից ազատելով այս կամ մարզային ոստիկանության պետին, բաժնի կամ վարչության պետին: Եթե կատարված բոլոր փոփոխությունները նպատակային և արդյունավետ լինեին, ապա գոնե անձամբ ոստիկանապետը պետք է որ դրանց արդյունքները դրական գնահատեր, էլ չենք խոսում այն մասին, որ այդ բարեփոխումների արդյունքները տեսանելի պետք է լինեին նաև հասարակության համար: Բայց եթե ինքը՝ ոստիկանության պետն անձամբ այն կարծիքին է, որ ոստիկանությունը կերպարանափոխվել, ձեւափոխվել,  բարեփոխվել չի կարողանում, կնշանակի կատարված բոլոր կադրային փոփոխություններն ու այս կամ այն ռեֆորմները չեն հանգեցրել համակարգային փոփոխության: Հետևաբար ոստիկանությունն այսօր իրական համակարգային փոփոխությունների կարիք ունի, որը անելու համար նոր,  թարմ ուժի կարիրք կա՝ ղեկավարի մակարդակով: Ամեն դեպքում, փոփոխություններն առնվազն արժանահավատ չեն թվում, երբ դրանց մասին խոսում է ավելի քան 7 տարի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձը:

Ի վերջո, նման հայտարարություններ Վլադիմիր Գասպարյանից առաջին անգամը չէ, որ լսում ենք: Ըստ ամենայնի սա հերթական «ռեստարտն» է՝ ապրիլին սպասվող փոփոխություններին ընդառաջ: Համակարգն, իհարկե, հորդորներով ու սպառնալիքներով չի փոխվի, բայց իմիտացիան պակաս կարևոր չէ, քան բուն փոփոխությունը:

 

   Հայկ  Դավթյան

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: