Արմեն Սարգսյանն ավելի երկար կպաշտոնավարի, քան Սերժ Սարգսյանը

Jan 23, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանն ավելի երկար կպաշտոնավարի, քան Սերժ Սարգսյանը

Հայաստանի նոր նախագահի թեկնածության իմիջային մասը երկու հատկանշական կողմ ունի. առաջին՝ հայաստանյան իշխող բուրգի վերնամասում Սարգսյանների թիվն ավելանում է: Մենք այսուհետ առնվազն երեք Սարգսյան ենք ունենալու՝ վարչապետ, նախագահ և նախարար: Արտաքին աշխարհի համար այս զուտ պատահական համընկնումը կարող է տպավորություն ստեղծել, թե երկրում իշխանությունը հանձնվել է մեկ միասնական դինաստիայի, որը բնականաբար բացասական է: Երկրորդը՝ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու հայտարարված Արմեն Սարգսյանի պատասխանն էր իր առաջադրման կապակցությամբ. Արմեն Սարգսյանը մի քանի օր ժամանակ է խնդրել՝ մտածելու համար:
Պատկարացնո՞ւմ եք ինչ տեղի կունենա, եթե հանկարծ Արմեն Սարգսյանը որոշի հրաժարվել նախագահ դառնալու առաջարկից: Օրինակ՝ երկու օր անց վեր կենա ու հայտարարի, թե ինքը երկար ծանրութեթև անելուց, քաղաքական և հասարակական կառույցների հետ ծանր քննարկումներ ունենալուց հետո հասկացավ, որ չի ուզում դառնալ ՀՀ նախագահ: Իհարկե, դա լինելու բան չէ: ՊՌ տեխնոլոգիաները կարևոր նշանակություն ունեն ցանկացած հարցում, բայց սա, ինչպես ասում են, այդ դեպքը չէ: Ոզնուն էլ է հասկանալի, որ առանց Արմեն Սարգսյանի համաձայնության՝ Սերժ Սարգսյանը նրա անունը չէր հնչեցնի, հետևաբար Արմեն Սարգսյանը ամեն ինչ վաղուց արդեն մտածել է:
Ինչ վերաբերում է նոր նախագահի նշանակման կամ ընտրության բովանդակային կողմին: Թեպետ Սահմանադրության փոփոխությունից հետո նախագահը, ինչպես ընդունված է ասել, անգլիական թագուհու կարգավիճակ է ունենալու, սակայն ամեն դեպքում այն համարվում է պետության գլուխը և թեկուզ զուտ սիմվոլիկ առումով նրա անունը կակված է լինելու պետական բարձրագույն իշխանության հետ:
Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով: Իսկ նախագահին ազգային ժողովն ընտրում է 7 տարով։ Ե՛վ նախագահին, և՛ վարչապետին փաստացի նշանակելու է խորհրդարանը, որտեղ մեծամասնություն ունի ՀՀԿ-ն, հետևաբար իրադրության տերը մինչև այս խորհրդարանի գործունեության ժամկետի ավարտը լինելու է այսօրվա իշխող մեծամասնությունը:
Ներկա խորհրդարանը գործելու է մինչև 2022 թվականը: 22 թվականին տեղի կունենան ԱԺ նոր ընտրություններ և այն ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը կընտրի նոր վարչապետի: Այսինքն, իբրև նախագահ, Արմեն Սարգսյանն ավելի է երկար պաշտոնավարման ժամկետ ունի, քան Սերժ Սարգսյանը իբրև վարչապետ: Այսօր միանշանակ դժվար է ասել, թե 4 տարի անց որ ուժը կարող է լինել մեծամասնություն, և ով կարող է դառնալ վարչապետ: Մինչդեռ վստահաբար կարելի է փաստել, որ նախագահը կլինի Արմեն Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է 2025 թվականին: Այս պահին անկուսակցական և դեռևս քաղաքական գործունեությամբ աչքի չընկած Արմեն Սարգսյանը 2022-ից հետո շատ հանգիստ կարող է դառնալ այն ժամանակվա քաղաքական մեծամասնության վարչապետի թեկնածուն, այսպիսով՝ նրա իշխանության ժառանգորդը:
Նոր սահմանադրությունը նաև լուծումներ է ենթադրում, որոնց կիրարկման փորձը մեզ մոտ դեռևս չկա: Բազմաթիվ իրողություններ դեռ նոր են ի հայտ գալու, և նոր նախագահը, անկախ իր թույլ կարգավիճակից, չի կարող ամենաանկարևոր ֆիգուրը լինել քաղաքականության և իշխանության համակարգում:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: