Արմեն Սարգսյան գիտնականն ու դեսպանը/տեսաշար/

Jan 20, 2018 Comments Off on Արմեն Սարգսյան գիտնականն ու դեսպանը/տեսաշար/

Պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը:

Դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-1985 թթ. եւ 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:

1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:

1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր:

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը: Մինչ օրս ոմանք հակված են կարծել, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը նրա բախումն էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ: Սակայն այդ վարկածը հաստատող փաստեր չկան: Պաշտոնական վարկածի համաձայն, որն արժանահավատ չհամարելու հիմքեր եւս չկան, Արմեն Սարգսյանը թողեց պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով:

1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է:

Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու:

 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Արմեն Սարգսյանը եւ արքայազն Չարլզը ծանոթ են տեւական ժամանակ: 2013թ. մայիսին Արքայազն Չարլզը մասնավոր այցով եկել էր Հայաստան եւ դժվար թե այն կայանար, եթե չլիներ Արմեն Սարգսյանը:

2015թ. հոկտեմբերին Լոնդոնի Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել էր 1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել էր Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ուելսի արքայազն Չարլզը: Միջոցառման կազմակերպիչը Արմեն Սարգսյանն էր:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Արմեն Սարգսյանի հայտարարագրերը թերի են ներկայացված, չկա որեւէ նշում նրա աշխատավարձի մասին: 2013 թվականին, երբ Սարգսյանը նշանակվել է դեսպանի պաշտոնում, հայտարարագրել է 3 առանձնատուն, 2 բնակարան: Նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է 8 միլիոն եվրո: 2014 թվականին 70 հազար ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Range Rover մակնիշի ավտոմեքենա: 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 6.1 միլիոն եվրո: 2016 թվականին այդ գումարը կրկին նվազել է՝ դառնալով 5.7 միլիոն եվրո:

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013-ից մինչեւ 2016 թվականը հայտարարագրել է միայն դրամական միջոցները: Ըստ այդմ՝ Նունե Սարգսյանի դրամական միջոցները մոտ 1 միլիոն եվրոյից տարիների ընթացքում նվազել են՝ դառնալով 780 հազար եվրո:

2017թ. հունիսին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում ասել էր.

«Նունեն այսօր դարձել է հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը: Նրա հեքիաթներում նույնիսկ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել, լույսի ու խավարի պայքարում միշտ հաղթում է լույսը: Լեզվի ինստիտուտի օգնությամբ Նունեի հեքիաթները փոխադրվել են Գավառի (Բայազետի), Գյումրվա (Կարնո) եւ Արցախի բարբառներով: Այսօր մենք աշխատում ենք սիրելի Նունեի հեքիաթները փոխադրել արեւմտահայերենի: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների եւ հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային եւ Խամաճիկների թատրոններում»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: