Դեկորատիվ տղերքի սիրահար Սերժ Սարգսյանը

Jan 22, 2018 1 Comment

Սերժ Սարգսյանը, այսօր, վերջապես հնչեցրեց ՀՀ չորրորդ նախագահի ՝ՀՀԿ-ի թեկնածուի անունը, որը, ըստ էության, անակնկալ չէր հանրության լայն շերտերի համար։ Այդ թեկնածուն Մեծ Բրիտանիայում երկար ժամանակ ՀՀ դեսպան աշխատած, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է։ Պաշտոնապես ստանալով իր թեկնածությունն առաջադրելու առաջարկ՝ Արմեն Սարգսյանը մտածելու ժամանակ է խնդրել Սերժ Սարգսյանից: Թե որքան ժամանակ է նրան պետք մտածել և տալ ակնհայտ համաձայնությունը, դժվար է ասել: Սակայն կարելի է չկասկածել, որ քաղաքական ներկա համակարգում նման մոտեցումը զուտ ձեւականություն է, որն իրենց կարող են թույլ տալ «դեկորատիվ» անձնավորությունները։

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը: Մինչ օրս ոմանք հակված են կարծել, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը նրա բախումն էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ: Սակայն այդ վարկածը հաստատող փաստեր չկան: Պաշտոնական վարկածի համաձայն Արմեն Սարգսյանը թողեց պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով: Արմեն Սարգսյանը արտաքուստ թերեւս համապատասխանում է Սերժ Սարգսյանի՝ ապագա նախագահի պատկերացումների չափորոշիչներին, որոնց մասին նա խոսել էր ընդամենը օրեր առաջ։ Տեւական ժամանակ է նա ընտանիքի հետ ապրում է Հայաստանից դուրս եւ աչքի է ընկել որոշակի հիշարժան դրվագներով։ Սակայն անկասկած է, որ խիստ չափազանցված է Արմեն Սարգսյանի համբավը հատկապես արտաքին աշխարհում նրա դերակատարի վերաբերյալ։ Նախ փաստենք, որ հաջորդ նախագահի ընտրությունը նախեւառաջ բխում է Սերժ Սարգսյանի որդեգրած «եւ-եւ»-ի շինծու քաղաքականությունից։

Ուղնուծուծով ռուսամետ իշխանության եւ գրեթե նույնպիսի ընդդիմության պարագայում առավել արեւմտամետ հայացքներով նախագահ ունենալը արտաքին աշխարհի առջեւ ստանձնած որոշակի պարտավորությունների պարագայում թերեւս խիստ անհրաժեշտություն էր։ Այժմ կրկին մամուլը հիշում է Արմեն Սարգսյանի «արժանիքների» եւ Հայաստանի կյանքում ունեցած կարեւոր դերակատարման մասին՝ հիշատակելով հատկապես նրա եւ արքայազն Չարլզի հարաբերությունները ։ Միանգամից նշենք, որ նրա դեսպանական առաքելությունը որեւէ դրական տեղաշարժ չի մտցրել հայ-անգլիական հարաբերություններում, իսկ արքայազն Զարլզի հայաստանյան այցը չի կարելի որպես աշխարհացունց իրադարձություն համարել։

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսին Արքայազն Չարլզը մասնավոր այցով եկել էր Հայաստան եւ հիմա կարծիքներ են հնչում, թե դժվար թե այն կայանար, եթե չլիներ Արմեն Սարգսյանը: Մինչդեռ հարկ է նշել, որ Չարլզին անգամ իրենց պալատում լուրջ չեն ընդունում։ Իսկ 2015-ի ապրիլի 24-ին մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը Ծիծեռնակաբերդում էր` Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակման միջոցառումներին, արքայազնը մասնակցեց Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, հրապարակվեցին լուսանկարներ՝ Չարլզը` Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ նստած։ Սա՞ էլ էր Արմեն Սարգսյանի աշխատանքի արդյունք։

Ի վերջո, Հայաստան մարդ բերելը մեծ հերոսություն չէ, եթե այդ չափորոշիչը այդքան կարեւոր է, ապա բարերար եւ հայ ժողովրդի կողմից առավել ընդունելի Ռուբեն Վարդանյանը արդեն մի քանի տարի է աշխարհահռչակ եւ հեղինակավոր մարդկանց է Հայաստան բերում։ Իսկ Սարգսյանի մարդկային հատկանիշներն ավելի տխուր են , քան գործնականը։ Նա կամային չէ, ոչ սկզբունքային, վախկոտ, որն ապացուցվել է տարիներ առաջ, երբ նա վարչապետի պաշտոնում էր ու փախուստի դիմեց Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Միայն ոչ կամային անձնավորությունը կհանձնվեր ու կհրաժարվել ղեկավարել նոր կայացող երկրի տնտեսությունը, այլապես ով ասես պատրաստի պաշտոններ կարող է հավերժ ղեկավարել։ Արմեն Սարգսյանը հայանպաստ որեւէ ծրագրով աչքի չի ընկել, նա «անհայրենիք» մարդու տիտղոսակիր է, հայրենիքի ընկալումը մարդու գործողություններն են, մարդու քայլերն ու նկարագիրը եւ , իհարկե, ընտանիքը։ Իսկ Սարգսյանի դեպքում այդ բոլորը իրեղեն ապացույց են։ Նրա զավակները ամբողջությամբ օտար աշխարհի մշակույթի կրող են, որտեղ մեծացել եւ ստացել են կրթություն ու հայրենիքի հետ կապող ոչ մի ծրագիր մինչ այս պահը չեն իրականացրել։ Հայաստանն այս ընտանիքի համար զբոսավայր է եղել, որտեղ Սարգսյանը երբեմն-երբեմն բիզնես հավակնություններ է ցուցաբերել։ Նրան ճանաչողները Սարգսյանին բնորոշում են որպես եսակենտրոն, մոտավորապես այն մարդկանցից է, որն իր մասին «դուք»-ով է խոսում։

Ի դեպ, նա պահանջել է, որ իրեն որպես դեսպանի ուղարկվող գրություններում պարտադիր նշվի «վարչապետ» կոչումը։ Սակայն նա մի «կարեւոր» հատկանիշ ունի՝ մեծ մախինատր է՝ թե ուրիշի, թե իր փողերը պտտեցնելու առումով։ Իսկ ամենակարեւոր հատկանիշը նրա «դեկորատիվ» լինելն է։ Սերժ Սարգսյանը սիրում է իրեն «դեկորատիվ» տղաներով շրջապատել, որոնք արտաքուստ ուսյալ մարդու քողի ներքո իրականում ի զորու չեն պրակտիկ քաղաքականություն վարել, պարզ ասած՝ ձեւ կա, առանց բովանդակության, որպիսին նաեւ Կարեն Կարապետյանն է ու նրա նշանակման ժամանակ էլ նման էյֆորիկ տրամադրություններ առաջացան։ Իսկ նման կերպարներով իրեն շրջապատելով Սերժ Սարգսյանը իր քաղաքական խնդիրներն է լուծում, արդյունքում տնտեսություն է պայթում, հիմա էլ Աստված գիտե՝ ինչ կպայթի։ Ի վերջո, ղարաբաղյան խնդիր ունեցող պետության դեպքում անթույլատրելի է նման անձնավորության նախագահությունը, չէ որ իրականում նոր Սահմանադրությամբ նախագահը «անգլիական թագուհու» կարգավիճակ չունի եւ ունի կարեւոր լիազորություններ։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Դեկորատիվ տղերքի սիրահար Սերժ Սարգսյանը” հրապարակմանը

  1. Անուն Նարինե Դիլբարյան says:

    Օ. հզոր ձևակերպումներ՝ անցյալին գիտակ մարդու՝ քաղաքական փորձառությունը երբեք չի խաբում։