Խամրած «թագուհի» Լոնդոնի՞ց, թե՞ նոր օլիգարխ դրսից

Jan 22, 2018 Comments Off on Խամրած «թագուհի» Լոնդոնի՞ց, թե՞ նոր օլիգարխ դրսից

Հայաստանի ապագա նախագահի թեկնածուների մեջ շրջանառվում է նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, փաստացի, Շարմազանովը չի հերքել նրա թեկնածությունը: Նրան ՀՀԿ-ն համարում է՝ «անխոցելի թեկնածու»: 2010 թվականին «Ազատության» հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասել էր՝ «Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի», բայց անցել են տարիներ և հիմա, ըստ ամենայնի, փոխել է կարծիքը…

1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը ՀՀ դեսպանն էր Միացյալ Թագավորությունում զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և Վատիկանում դեսպանի պաշտոնները: 1995-1996 թթ. նա ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավարն էր: 1996թ. նոյեմբերին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս և 1997թ. փետրվարին լքեց պաշտոնը:

Կա համոզմունք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր, որն էլ ըստ տարածված խոսակցությունների՝ ապտակել էր այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանին, վերջինս էլ խռոված հեռացել էր հայրենիքից: Պաշտոնապես հայտնեցին, թե Արմեն Սարգսյանը թողեց պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով:

Այսպես, 1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրեց Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը, 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Արմեն Սարգսյանը, ով երկար տարիներ բնակվել է Մեծ Բրիտանիայում, նաև մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել միջազգային մի շարք ընկերություններում՝ British Petrօleum, Alcatel, Telefonica և այլ ընկերություններում որպես խորհրդատու:

2000-ից հետո սկսեցին տեղեկություններ ի հայտ գալ նրա հարստության մասին: Նրա անունը կապվեց Ամուլսարի ոսկու հանքի հետ: Արմեն Սարգսյանն այդ հանքը շահագործող օֆշորային գոտում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ էր։ Այնուհետև մամուլում տեղեկություններ ի հայտ եկան, թե Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ական գործարար Աշոտ Արսենյանից գնել է «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա բոթլեր» գործարանի բաժնեմասերը, նաև փայատեր է քաղցրավենիքի «Նեսթլե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում։

Ինչպես նաև հայտնի է, որ Արմեն Սարգսյանինն է «Երևան, իմ սեր» հիմնադրամը, որին, ըստ տեղեկությունների կառավարության որոշմամբ 2013թ. մոտ 380 հազար դոլար արժողության 298 քմ մակերեսով հողատարածք նվիրվեց Կոզեռնի թաղամասում։ Հայտնի է նաև, որ Արմեն Սարգսյանը լուրջ կապեր ունի Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի ամենավստահելի անձանցից մեկի հետ՝ աղջկա՝ Դարիգա Նազարբաևայի հետ, որի հետ էլ բիզնես գործարքներ է ունեցել, ինչպես նաև մտերմիկ հարաբերություններ ունի արքայազն Չարլզի հետ:

Հայաստանի կառավարման մոդելի փոփոխությունից հետո՝ պարզ է, որ նախագահի պաշտոնը խիստ աննշան է լինելու ու սիմվոլիկ, և ըստ էության, էական էլ չէ, թե ով է այդ պաշտոնում լինելու:

Պարզապես ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն ընտրություն անելիս ժամանակ առ ժամանակ կանգ է առնում, իբր Հայաստանի քաղաքական կյանքում քիչ աղտոտված, չվարկաբեկված ֆիգուրների վրա:

Բայց ի՞նչ ճակատագիր հասավ Կարեն Կարապետյանին… Բոլորի աչքի առաջ է. նա այժմ Հայաստանի ամենավարկաբեկված գործիչներից մեկն է:

Ի՞նչ է սպասում «սուսիկ-փուսիկ» Արմեն Սարգսյանին, որն էլ իր հերթին խոշոր գործարքների մեջ է եղել երկրից դուրս և երկրի ներսում ու կարողացել է իր գործերն ու շահերն առաջ տանել, և նրան երբեք չի կարելի մաքուր գործիչ համարել:

Խնդիրը պարզ է. Սերժ Սարգսյանի պետք էր «թագուհի» ու նա գտավ այդ թագուհուն: Սերժ Սարգսյանի ֆիգուրները կարող են լինել անհայրենիք, բայց պետք եղած ժամանակին ներկայացվել որպես Հայաստանի համար խիստ հարմար, արժանի ու սազեկան թեկնածուներ:

Այս անգամ նախագահի թեկնածունի ընտրության հարցում, թերևս, Սերժ Սարգսյանը խորհրդանշական վայրից է ընտրություն կատարում՝ Լոնդոնից է խամրած «թագուհին» ժամանելու:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: