Զգուշացում ու կոնկրետ մեսիջ Բրյուսելից

Jan 21, 2018 Comments Off on Զգուշացում ու կոնկրետ մեսիջ Բրյուսելից

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նախօրեին անդրադարձել է Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրին: Նա «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մի մասը կարող է կյանքի կոչվել արդեն գարնանը:

Դեսպանն ընդգծել է, որ խոսքը, այսպես ասած, նախնական կիրարկման մասին է․ – «Ինչպես գիտեք, Եվրամիությունը լավ է սկսել [վավերացման գործընթացը]: Էստոնիան, որի նախագահությունը ավարտվեց Եվրամիությունում, առաջինն է վավերացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Կարծում եմ, սա շատ հստակ ազդանշան է բոլոր գործընկերներին: Վավերացման գործընթացը հիմնված է օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի վրա, որոնք տարբեր են Եվրամիության անդամ երկրներում: Երբեմն, վավերացումը պարզ է, երբեմն՝ բարդ, մասնավորապես դաշնային պետություններում, ուր միջազգային յուրաքանչյուր պայմանագիր անցնում է բարդ ընթացակարգով: Սակայն մենք լավատես ենք»:

Սվիտալսկին ընդգծեց, որ համաձայնագիրը նաև թույլ է տալիս նրա շատ դրույթներ կյանքի կոչել մինչև փաստաթղթի վավերացումը Եվրամիության բոլոր երկրների կողմից․ – «Եվրամիության տեսանկյունից ամենակարևորը այն է, որ համաձայնագիրը կարող է նախապես կիրարկվել այս տարի, հուսամ՝ այս տարվա գարնանը: Սա պահանջում է, որ համաձայնագիրը վավերացնի Հայաստանը: Եթե դուք հայացք նետեք համաձայնագրին, կտեսնեք՝ առկա է ընթացակարգ, որը մեխանիկորեն սկսում է նախապես կիրարկումը: Համաձայնագրի շատ հատվածներ կարող են կյանքի կոչվել առանց փաստաթղթի ամբողջական վավերացման: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագրի նախնական կիրարկումը կսկսվի շուտով: Չենք կարող ենթադրել, թե համաձայնագրի նախնական կիրարկումը կոնկրետ ո՞ր օրը կսկսվի, սակայն հիմք ընդունելով հանրությանը հայտնի ազդանշանները՝ կարծում եմ, որ պետք է լավատես լինենք՝ համաձայնագրի նախնական կիրարկման մասով»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։ Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Հայաստանն ու Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Էստոնիան վավերացրել է համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վերջերս նշել էր, որ Հայաստանի խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, մինչև մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տարեվերջին Կառավարությունը հավանություն էր տվել փաստաթղթին: Առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով:

Սվիտալսկին բավական կոնկրետ մեսիջ է հղել Հայաստանի իշխանություններին: Նա հստակ հասկացնել է տվել, որ կարող են արդեն իսկ քայլեր ձեռնարկել՝ մինչև ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացումը:

Այսինքն, եթե կան ոլորտներ ու աշխատանքներ, որոնք կարելի է այսօր անել՝ ինչու՞ չանել… Հետևաբար, Հայաստանի իշխանություններին ուղղված մեսիջը հստակ է ու միանշանակ: Եվ հետևաբար հարց է առաջանում՝ ինչու՞ են դանդաղ գործում մեր իշխանությունները, եթե կարող են Համաձայնագիրն իրականացնելու ճանապարհին արդեն իսկ գործել…

Բրյուսելի մեսիջով, այսպիսով, խիստ կարևոր հարց է առաջ եկել: Հայաստանի իշխանությունները որևէ ձևով պետք է արձագանքեն անելիքների մասով:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: