Պուտինի «փորացավն» էլի Ալիևն է

Jan 21, 2018 Comments Off on Պուտինի «փորացավն» էլի Ալիևն է

ԵԱՏՄ-ի գոյության երեք տարիները, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապացուցեցին միության արդյունավետությունը. «Ավելացել է ապրանքաշրջանառությունը, ուժեղացել են միության անդամ 5 երկրների դիրքերը երրորդ երկրների շուկաներում, ստեղծվել են նոր համատեղ ընկերություններ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին հասցեագրած հատուկ ուղերձում, որպես ԵԱՏՄ-ում հունվարի 1-ից նախագահությունը ստանձնած պետության ղեկավար, առաջարկել է խորացնել համագործությունը Միությանը չանդամակցող ԱՊՀ անդամ պետությունների հետ: Ավելին՝ Պուտինն առաջարկել է այդ պետություններից մի քանիսին շնորհել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ:

ՌԴ նախագահի ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։ Թե հատկապես ԱՊՀ անդամ որ պետություններին է Պուտինը ցանկանում տեսնել ԵԱՏՄ դիտորդի դերում, ուղերձը չի հստակեցնում: Եվրասիական տնտեսական միության անդամ են հանդիսանում Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Հայաստանը։ Բացի նշված երկրներից, ԱՊՀ-ին անդամակցում են նաև Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, որոշ վերապահումներով՝ Թուրքմենստանը և Մոլդովան, որի խորհրդարանում, ի դեպ, ներկայումս քննարկվում է ԱՊՀ-ից դուրս գալու հարցը:

Ըստ որոշ դիտարկումների, Պուտինի ուղերձում, ամենայն հավանականությամբ, նկատի են առնվում ՀԱՊԿ անդամներ Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը: Հիշեցնենք՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում տեսնելու՝ Մոսկվայի կողմից գործադրվող ջանքերի մասին մամուլը (այդ թվում՝ ռուսաստանյան) գրել է դեռևս 2014-ին:

Անցած տարի էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել էր՝ Մոսկվան միայն ուրախ կլինի, եթե Բաքուն ԵԱՏՄ-ին ինտեգրվելու ցանկություն հայտնի:

Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարի հեղինակը, պաշտոնական վարկածի համաձայն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է, ով նախօրեին Վաշինգտոնում հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում: ԵԱՏՄ մեկ այլ հիմնադիր անդամ Բելառուսի նախագահն էլ երկու օր առաջ հայտարարել էր՝ «Բելառուսը խաղաղասեր եվրոպական պետություն է»:

Մինչդեռ, Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքի ինտեգրումը մեկ միության մեջ ներկայիս նախընտրական շրջանում առավել քան կենսական է: Ըստ մի շարք հարցումների, բազմաթիվ ռուսաստանցիներ ափսոսանք են հայտնել ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ, հայտնում է «Ազատությունը»: Մասնավորապես, «Լևադա» կենտրոնի՝ անցած տարվա դեկտեմբերին անցկացրած հարցման համաձայն, Խորհրդային կայսրության փլուզման կապակցությամբ ափսոսանք է հայտնել հարցվածների շուրջ 58 տոկոսը։ Ռուսաստանի նախագահ և մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն էլ, դեռ 2005 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումը համարել էր «20-րդ դարի խոշորագույն աղետը»։

Իր այսօրվա ուղերձում Ռուսաստանի նախագահը համագործակցության զարգացման համատեքստում բերել է Վիետնամի օրինակը․ այդ երկրի ու ԵԱՏՄ-ի միջև գործում է ազատ առևտրի ռեժիմ։ Պուտինն իր ուղերձում նաև հույս է հայտնել ազատ առևտրի գոտի ձևավորելու բանակցություններ սկսել Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ, ինչը «նույնպես արդյունավետ կլինի»: Իսկ ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև համագործակցության մեջ Պուտինը «մեծ հեռանկարներ է» տեսնում:

Այսպես, ակնհայտ է, որ Մոսկվան, իսկապես, ուրախ կլիներ, եթե Ալիևը ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշում կայացներ: Բայց Բաքուն ոչ միայն ձգում է հարցը, այլևս մի քանի առիթներով հասկացնել է տվել, որ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը կապված է ԼՂ խնդրի հետ:

Այսինքն, եթե անգամ Ալիևը որոշի, որ պետք է իր երկիրն ավելի խորը համագործակցի ԵԱՏՄ-ի հետ, կամ ավելին՝ նույնիսկ անդամակցի:

Սպասենք Բաքվից հերթական արձագանքին՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ինտեգրացիոն հնարավորությունների վերաբերյալ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: