Էներգետիկայի նախարարի առեղծվածային հրաժարականը

Jan 21, 2018 Comments Off on Էներգետիկայի նախարարի առեղծվածային հրաժարականը

Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկատվությունը հաստատել է նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը: «Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է խոսնակը:

Աշոտ Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին: Նա համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի նախարարական թիմի անդամներից մեկը: Մամուլում եղել են հրապարակումներ, որ Աշոտ Մանուկյանին կարող է փոխարինել նրա տեղակալը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ով, ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է: Ինքը՝ Հայկ Հարությունյանը հերքել է նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը՝ նշելով, որ այդ տեղեկությունները հավաստի չեն:

Աշոտ Մանուկյանի  պաշտոնից հրաժարվելու  դրդապատճառները պաշտոնապես հայտնի չեն: Մամուլում հրապարակում էր եղել, որ նրա հրաժարականի մասին լուրերը տարածվել էին դեռ Ամանորից առաջ։ Եվ չնայած նախարարությունից այդ լուրը հերքվել էր, սակայն, ըստ տեղեկությունների՝ ամանորյա կորպորատիվի ժամանակ նախարարն անձամբ էր ասել այս մասին:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով Աշոտ Մանուկյանը  աշխատանքի է տեղափոխվում է «Տաշիր գրուպ», որտեղ տնօրինելու է էներգետիկ ոլորտը, որը ԲԷՑ-ի՝ բարձրավոլտ ցանցի՝ ՀԷՑ-ին միանալուց հետո ահռելի տնտեսություն է դարձել և մասնագետի կողմից կառավարվելու կարիք ունի։ «Տաշիրի» սեփականատեր Կարեն Կարապետյանի կրտսեր որդին՝ Նարեկ Կարապետյանն է մինչ օրս համակարգել այդ աշխատանքները, սակայն հետագա կառավարումը մասնագիտական փորձ ու պատրաստվածություն է ենթադրում, իսկ Մանուկյանը ժամանակին աշխատել է «Հրազդան ՋԷԿ»-ում, «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է եղել»։ Աշոտ Մանուկյանն իբրև նախարար էներգետիկ համակարգում թերևս այդպես էլ չհասցրեց կայանալ՝ նա եկել էր բիզնեսից և վերադառնում է այնտեղ: Միակ տեսանելի քայլը, որը պաշտոնավարման 15  ամիսներին կատարել է այլևս նախկին էներգետիկայի նախարարն այն է, որ ավարտին է հասցրել Հայաստանի էներգետիկ համակարգը անխափան կերպով Սամվել Կարապետյանին փոխանցելու գործընթացը: Խոսքը նախ ՀԷՑ-ը, ապա նաև ԲԷՑ-ը Տաշիր ընկերությանը հանձնելու, ինչպես նաև էներգետիկ համակարգի համար պետության երաշխիքով վարկ վերցնելու գործարքների մասին է:  Այս տեսանկյունից Աշոտ Մանուկյանի հիմնական խնդիրն իբրև կառավարության անդամ այլևս լուծված է և այն ուժերը, ովքեր Աշոտ Մանուկյանին բերել էին կառավարություն, այժմ տանում են այնտեղ, որտեղ նա առավել ֆունկցիոնալ կլինի: Հատկանշական է, որ Աշոտ Մանուկյանը չի սպասել անգամ կառավարության հրաժարականին, որը տեղի է ունենալու 2 ամիս հետո:

Ինչ վերաբերում է նոր նախարարին, ապա նա կարճաժամկետ է լինելու, որովհետև կառավարության հիմնական կազմը ապրիլին է ձևավորվելու՝ վարչապետի նշանակումից հետո:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: