Հանելուկի սիրահարները

Jan 19, 2018 Comments Off on Հանելուկի սիրահարները

ՀՀԿ նիստում քննարկվել է ՀՀԿ-ի՝ 2018 թվականի նախագահի թեկնածուի հարցը. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վաղը` հունվարի 19–ին, կհայտարարի նախագահի մեր թեկնածուի անունը»,- հայտնեց Շարմազանովը:«Այդ թեկնածուն, կարծում ենք, լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը և՛ երկրի ներսում, և՛ միջազգային ատյաններում: Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, կարծում ենք, որ նա ունի դրական հեղինակություն և՛ Սփյուռքում, և՛ ՀՀ-ում: ՀՀԿ-ի առաջարկվելիք թեկնածուն այն մարդն է, ում շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ»,- ասաց Շարմազանովը:
«Թեկնածուին առաջադրել է և առաջարկել է քննարկել նրա թեկնածությունը ՀՀԿ առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Գործադիր մարմնի բոլոր անդամները կողմ են նախագահի առաջադրած թեկնածուին: Նրա հետ կապված որևէ սենսացիոն բան չկա, նա այն թեկնածուն է, ում շատերը հավանական համարել են»,- նշել է ՀՀԿ խոսնակը:
Նախագահի թեկնածուների մեջ քաղաքական ու մեդիա շրջանակներում, որպես ամենահավանական թեկնածու, շրջանառվում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը: Նման եզրահանգման տեղիք է տվել այն, որ նա ամենաշատն է համապատասխանում է Սերժ Սարգսյանի նկարագրած չափանիշներին, ըստ որոնց՝ ապագա նախագահը պետք է կուսակցական չլինի, քաղաքականությամբ զբաղված չլինի, ճանաչելի ու ընկալելի լինի թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս, տիրապետի օտար լեզուների:
Սոցցանցերում նախօրեին ողջ օրը շրջանառվում էր 2010 թ. փետրվարին Արմեն Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի մի հատվածը, որտեղ նա հայտարարել էր, որ նպատակ չունի Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ. «Ես որևէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին:
… Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով իշխանության մեջ կամ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ եւ միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն հիմնական խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ»,- ասել էր Արմեն Սարգսյանը:
1996 թ. նախագահի ընտրությունից հետո Արմեն Սարգսյանը նշանակվել է վարչապետ, բայց այդ պաշտոնում նա աշխատել է ընդամենը 6 ամիս: Նա անսպասելի կերպով հրաժարական տվեց ու հեռացավ Հայաստանից: Այն ժամանակ քաղաքական կուլիսներում կային խոսակցություններ, թե Արմեն Սարգսյանը ընդհարում է ունեցել այն ժամանկվա պաշտպանության նախարար, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի հետ, որն էլ դարձել է նրա հրաժարականի պատճառը: Ժամանակ առ ժամանակ Արմեն Սարգսյանի անունը շրջանառվում էր նաև որպես վարչապետի հավանական թեկնածուի:
Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ներկայացվելու ինտիրգը վերջնական հանգուցալուծում կստանա հունվարի 19-ին: ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, հավատարիմ մնալով իրենց ոճին, միշտ տեղ են թողնում հանելուկների ու ենթադրությունների համար: Բայց ինչպես Շարմազանովն է ասել՝ անակնկալ չի լինելու:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: