Ադրբեջանը նորից շանտաժի ռեժիմ մտավ

Jan 21, 2018 Comments Off on Ադրբեջանը նորից շանտաժի ռեժիմ մտավ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Ֆրանսիայում է երկօրյա աշխատանքային այցով, որի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի իշխանության ներկայացուցիչների՝ այդ թվում ֆրանսիացի պաշտոնակից Ժան Իվ Լե Դրիանի հետ: Նա քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը՝ վերստին պնդելով՝ «Հայկական զինուժը պետք է դուրս բերվի օկուպացված տարածքներից»: Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում է. «Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը իր պաշտոնակցին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացքի մասին և նշել, որ հակամարտության կարգավորման շրջանակներում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, հայկական զինուժը պետք է դուրս բերվի ադրբեջանական օկուպացված տարածքներից»: Մամեդյարովը հայկական կողմին կրկին մեղադրել է՝ «օկուպացված տարածքներում» սիրիահայեր տեղակայելու, «ադրբեջանական մշակութային արժեքներ ոչնչացնելու» մեջ։ Մամեդյարովը լե Դրիանի հետ զրույցում նաև շեշտել է՝ ներկայիս ստատուս քվոն անկայուն է և անընդունելի: Ադրբեջանցի արտգործնախարարը Ֆրանսիացի պաշտոնակցին նաև հավաստիացրել է, թե Բաքուն «առարկայական, ինտենսիվ և արդյունավետ բանակցությունների կողմնակից է՝ Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման նպատակով» և Մինսկի խմբի միջնորդների հետ կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ»:

Ադրբեջանի արտգործնախարարի Ֆրանսիա կատարած այցի առիթն Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակն է։ 1992թ. Ֆրանսիայի դեսպանը դարձավ երկրորդը՝ Թուրքիայի դեսպանից հետո, ով իր պաշտոնական գործունեությունը սկսեց Ադրբեջանում։ Փարիզից Մամեդյարովը կմեկնի Կրակով:

Երեկ արդեն Կրակով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և ընդգծել, որ ինչպես միշտ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում բոլոր հանդիպումներին։

Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների և եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ, որոնք մասնավորապես վերաբերում են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, 1994-95 թթ. եռակողմ զինադադարի անշեղ պահպանմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

Նալբանդյանը նշել է, որ եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, ապա հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: «Բաքուն հաճախ է խոսում թե իբր շահագրգռված է, որ ստատուս քվոն փոխվի։ Ակնհայտ է, որ դրան հասնելու գործնական ճանապարհը հենց վերոհիշյալի իրականացումն է։ Համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից՝ փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով, առաջարկվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են հանդիսանում, և դրանից մեկին նախապատվություն տալու փորձերը անհնար կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել կարգավորման գործընթացը», – շեշտել է նախարար Նալբանդյանը։

2016թ. ապրիլյան պատերազմից հետո հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները փորձում են թափ հաղորդել բանակցային գործընթացին: Անցած ամռանը Հայաստանն ու Ադրբեջանը բանակցային նոր փուլ սկսեցին, որին հաջորդեց հոկտեմբերին Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը: Սարգսյանն ու Ալիևը հաստատեցին իրենց հավատարմությունը նախկին պայմանավորվածություններին՝ վստահության ամրապնդման և բովանդակային բանակցությունների շուրջ:

Սակայն, պաշտոնական Բաքուն Մամեդյարովի բերանով, փաստացի, կրկին նախապայմաններ է ներկայացնում, ինչն, անսպասելի չէ: Բանակցությունները ընթացքի մեջ գցելու միջնորդների ջանքերին Բաքուն պատասխանում է իր ավանդական գործելաոճով: Այլ բան սպասել Ադրբեջանից միամտություն կլիներ:

Ադրբեջանն այսօր նախատեսված բանակցությունների նախաշեմին, փաստացի, կրկին ավանդական շանտաժի ռեժիմ է մտնում…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: