Նազարբաևի «դավաճանությունն» ու Պուտինի ցասումը. Հերթը Սարգսյանի՞նն է

Jan 21, 2018 Comments Off on Նազարբաևի «դավաճանությունն» ու Պուտինի ցասումը. Հերթը Սարգսյանի՞նն է

Նախօրերին Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի և Ղազախստանի նախագահները: Մինչ բանակցությունների մեկնարկը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն և Ղազախստանը տնտեսական հիանալի հարաբերություններ ունեն: Իր հերթին Նուրսուլթան Նազարբաևն էլ նշել էր, որ ներկայացնում է ոչ միայն Ղազախստանը, այլև Կենտրոնական Ասիայի մյուս երկրները: Նա բարձր էր գնահատել Վաշինգտոնի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և ընդգծել ԱՄՆ-ի հատուկ դերը Աֆղանստանում:

Ընդ որում, ամենաուշագրավ պահը՝ կողմերը հայտնել էին, որ 7 միլիարդ 500 միլիոն դոլարի առևտրային համաձայնագիր են ստորագրելու:

«Միացյալ Նահանգները պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում», -Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, նման կոչով հանդես եկավ պաշտոնական այցով ԱՄՆ ժամանած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Մի կողմից մեր հարևանը Ռուսաստանն է, մյուս կողմից` Չինաստանը, հարավում իսլամական աշխարհն է: Եվ այստեղ շատ կարևոր է Միացյալ Նահանգների ներկայությունն ու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ` 5+1 ձևաչափում: Ես խնդրում եմ նախագահին շարունակել մեր այդ համագործակցությունը», – դիմելով Թրամփին, ոչ ավել, ոչ պակաս ասաց Նազարբաևը:

Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների հինգերորդ նախագահն է, որի հետ հանդիպում է Ղազախստանի առաջին և մինչ օրս միակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի ղեկավարը առաջին անգամ պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանել էր հեռավոր 1992թ. մայիսին`բանակցություններ անցկացնելով ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի հետ: Ի դեպ, թե՛ Թրամփը և թե՛ Նազարբաևը հատուկ ընդգծում էին, որ Ղազախստանի անկախությունն առաջինը ճանաչել է հենց Միացյալ Նահանգները: «Ես համոզված եմ, որ իմ այցի արդյունքը կդառնա մեր հարաբերությունները ընդլայնված ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մասին որոշումը: Իրոք, Միացյալ Նահանգներն առաջին ճանաչեց Ղազախստանի անկախությունը: Այդ ժամանակաշրջանից ի վեր Վաշինգտոնը քաղաքականապես աջակցում է Ղազախստանին, ինչը մեր երկրի [դիրքերի] ամրապնդման հիմք է հանդիսացել, հնարավորություն է տվել մեզ դառնալ աշխարհի հարգված պետություններից մեկը», – ասում էր Նազարբաևը:

«Ավելի քան քառորդ դար է, ինչ ԱՄՆ-ը դիտարկում է ուժեղ, ինքնիշխան և անկախ ղազախական պետությունը որպես Կենտրոնական Ասիայում գտնվող բարեկամ երկիր և ռազմավարական գործընկեր: Մեզ համար մեծ պատիվ էր լինել առաջին պետությունը, որը 25 տարի առաջ՝ Ծննդյան տոներին ճանաչեց Ղազախստանի անկախությունը», ասաց Թրամփը` հիշեցնելով, որ անցող երկուսուկես տասնամյակներում Ղազախստանն ու Միացյալ Նահանգները կարողացել են լուրջ հաջողության հասնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման` նախևառաջ էներգետիկ կապերի ընդլայնման ճանապարհին:

Ամերիկյան ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 90-ականներից ի վեր գերազանցել է 50 միլիարդ դոլարի ցուցանիշը: Սպիտակ տանը կայացած ասուլիսում Նազարբաևը նաև հայտնեց, որ իր այցի ընթացքում կողմերը պատրաստվում են 7 միլիարդ դոլար ընդհանուր ծավալի տարատեսակ գործարքներ կնքել: Այս պահին հայտնի է շուրջ 2․5 միլիարդ դոլարի արդեն իսկ կնքված գործարքների մասին: Մասնավորաբար, ղազախական երկու ավիաընկերությունները` SCAT-ը և Air Astana-ն, 1 միլիարդ 300 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ նորագույն օդանավեր ձեռք կբերեն Boeing ընկերությունից: «Այս գործարքի շնորհիվ Միացյալ Նահանգներում շուրջ 7 հազար նոր աշխատատեղ կբացվի», – նշված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ղազախական կողմը նաև պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը մեկ այլ առաջատար ամերիկյան ընկերության` General Electric-ի հետ, որից Աստանան առաջիկայում 300 երկաթուղային լոկոմոտիվ կգնի` 900 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: «Դա իր հերթին կնպաստի ևս 3 հազար նոր աշխատատեղերի ստեղծմանը Միացյալ Նահանգներում», – նշում էին ղազախական պատվիրակության անդամները:

Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում Թրամփն ու Նազարբաևը ակտիվորեն քննարկում էին նաև մի շարք տարածաշրջանային թեմաներ` մասնավորաբար Աֆղանստանում ստեղծված կացությունն ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան: Այդ մի խնդրում, ըստ Նազարբաևի, որոշիչ դերակատարություն պետք է ստանձնեն աշխարհի երեք առաջատար գերտերությունները, սակայն Աստանան ևս ասելիք ունի: «Դուք գիտեք, որ Ղազախստանը ժամանակին հրաժարվեց աշխարհի հզորությամբ չորրորդ միջուկային զինանոցից, ուստի մենք բարոյական իրավունք ունենք միջուկային [հավակնություններ ունեցող] պետություններին կոչ անել հետևել մեր օրինակին: Մենք այդ գործելաոճն էինք որդեգրել Իրանի դեպքում, այժմ նույն կերպ եմ խոսում Հյուսիսային Կորեայի հետ: Այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի շնորհիվ: Այդ առթիվ մեզ չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են հավասարվել», – նշում էր Ղազախստանի նախագահը:

Այսպես, տպավորիչ այց, տպավորիչ արդյունքներով՝ 7.5 մլրդ դոլարի պայմանագրերի ստորագրում, 20-ից ավելի կոմերցիոն գործարքներ, համաձայնագրերն այդ թվում կվերաբերվեն Boeing ինքնաթիռների գնմանը, էլեկտրաքարշերի կառուցմանն ու ագրարային ոլորտում ներկայությանը։ Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ ղազախ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի են հասել:

Թե ինչպես է վերաբերելու Նազարբաևի այցին պաշտոնական Մոսկվան՝ ցույց կտա ժամանակը: Այն որ Պուտինն իրական խանդի առիթներ ունի՝ միանշանակ է:

Իսկ ե՞րբ Թրամփը Վաշինգտոն կհրավիրի Սերժ Սարգսյանին: Հարավային Կովկասում զուսպ քաղաքականություն վարող Վաշինգտոնի համար, թերևս, չի կարելի բացառել նման հրավերը: Մնում է ընտրել ճիշտ պահը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: