Իսկ ո՞վ է ասել, որ գնաճը վատ բան է

Jan 18, 2018 Comments Off on Իսկ ո՞վ է ասել, որ գնաճը վատ բան է

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կառավարությանն առաջարկեց հրապարակել կենսապահովման և նվազագույն զամբյուղների գինը՝ հաշվի առնելով արձանագրված գնաճը: Սակայն հարցին պատասխանող եվրասիական ինտեգրման հարցերի նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը  հայտարարեց, թե վերջնական տվյալները դեռ ամփոփված չեն, ուստի ինքը պատրաստ չէ որևէ թիվ հրապարակել:

Ստացվում է աբսուրդ իրավիճակ, մի կողմից վարչապետն ու նրա թիմը հայտարարում են, որ Հայաստանում ընդամենը 2,6 տոկոս գնաճ կա, որն ամենևին էլ սարսափելի չէ, մյուս կողմից էլ հստակ պատկերացում չունի, թե բարձրացված գները ինչ հետևանք և ազդեցություն են ունեցել սպառողական նվազագույն զամբյուղի վրա:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, օրինակ, այն կարծիքին է, որ եթե կարագը, միսը թանկացել են մոտ 40 տոկոսով, ապա մեր բնակչությունն ապրանքների տեսականուց կարող է ընտրել առավել մեծ կալորիականություն ունեցող այն ապրանքները, որոնք իրենց բյուջեն թույլ է տալիս: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, առաջարկելով ճիշտ պատասխանի 4 տարբերակ՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ և տաքդեղ է առաջարկում բնակչության համար, քանի որ դրանք այն եզակի ապրանքատեսակներն են, որոնք, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, էժանացել են:

Ինչ վերաբերում է բենզինի և հեղուկ գազի թանկացմանը. «Ամեն ինչ համեմատության մեջ է, մեր օֆիցիալ գնաճը 2.6 տոկոս է: Գնաճը այսպես հաշվել, թե այնպես, կա բանաձև, որպեսզի չասեք՝ մի ապրանքը թանկացնում եք, մյուսն էժանացնում: Շատ է խոսվել վերջերս դիզվառելիքի, բենզինի և գազի գնի թանկացման մասին: Ուզում եմ հետևյալ վիճակագրական տվյալները ձեզ տալ: Բենզինը թանկացել է 20 դրամով, այս պահին Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է, այն դեպքում, երբ մենք դա բերում ենք տրանզիտով Վրաստանից»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ բենզին օգտագործողն ունի այլընտրանք՝ թող գազ օգտագործի: Իսկ գազը, ըստ վարչապետի, թանկացել է 25 դրամով, և վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015 թվականին: «Լավ չէ, որ գազի գինը թանկացել է, լավ կլիներ մնար նույնը, բայց 190-ից 220 գինը նոր մարտահրավեր չէ շուկայում, նախկինում այս գներով աշխատել ենք և էժանացրել ենք այն ժամանակ, երբ այդ հնարավորությունն ունեցել ենք»,- ասել է նա:

Կարեն Կարապետյանի ասածների մեջ առնվազն 2 ակնհայտ կեղծիք կա. նախ բենզինը Հայաստանում ավելի էժան չէ, քան Վրաստանում, հակառակը՝ հենց այսօրվա գներով Վրաստանում 1 լիտր բենզինն առնվազն 50 դրամով ավելի էժան է, քան Հայաստանում: Երկրորդ՝ եթե գազի գինը բարձրանալով հասել է 2015 թվականի մակարդակին, ապա ամենևին էլ հուսադրող չէ, որովհետև 2015-ին  մսի և կարագի գինն, օրինակ, բարձր չէր, և սպառողական զամբյուղը դրանով պայմանավորված՝ ավելի հասանելի էր ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Դիզելային վառելիքի թանկացմանն անդրադառնալով՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ միակ ոլորտը, որտեղ տուժում են դիզվառելիքի գնի թանկացումից, գյուղատնտեսությունն է, քանի որ ոլորտը չի հարկվում: Իսկ մյուս ոլորտներում հարկային արտոնության տեսքով բարձրացված դիզվառելիքի գինը սուբսիդավորվում է: Գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկներ է կատարել, որ տարբեր ապրանքատեսակի մասով 1-4 դրամով է գինն ավելանում: «Մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի սուբսիդավորենք: Եվ որևէ պրոբլեմատիկ խնդիր այս ոլորտի ապրանքատեսակներով ես չեմ տեսնում»,- ասել է նա:

Մինչ այդ էլ գնաճի մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե լայն սպառման մի շարք ապրանքային շուկաներում էապես բարելավվել է մրցակցային իրավիճակը։« Եթե մինչ ԵԱՏՄ անդամակցությունը հավի մսի ներկրում իրականացնում էր 28 տնտեսվարող, ներկայում այն դարձել է 57, ձեթի շուկայում, 47-ի փոխարեն, այսօր ունենք 59, ալյուրի շուկայում 30-ի փոխարեն՝  67, մարգարինի շուկայում՝ 26-ի փոխարեն 52 տնտեսվարող: Նոր ընկերությունների մուտքի ավելացում է արձանագրվել նաեւ բրնձի շուկայում՝ 31-ից դառնալով 65, ոսպի շուկայում՝ 17-ից դառնալով 39-ը, ոլոռի շուկայում՝ 15-ից՝ 28, իսկ բանանի շուկայում՝ 9-ի փոխարեն այսօր գործում են 40 տնտեսվարող: Նոր ներկրողներ են ավելացել նաեւ շաքարավազի շուկայում, որտեղ այս պահին գործում է 56 տնտեսվարող:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ՝ տասնյակ ոլորտներում թե՛ արտահանող եւ թե՛ ներկրող նոր տնտեսվարողների մուտքը դրական է անդրադարձել երկրի ընդհանուր մրցակցային իրավիճակի վրա՝ մի շարք ոլորտներում արձանագրելով կենտրոնացվածության նվազում»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թանկացումների համար կարելի է անգամ շնորհակալություն հայտնել վարչապետին ու կառավարությանը: Մարդիկ ամեն ինչ արել են հանուն բիզնեսի, հետո ի՞նչ, որ դրա արդյունքում գները բարձրացել են. իսկ ո՞վ է ասել, որ գնաճը վատ բան է:

 

Հայկ Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: