ՀՀԿ-ն «փուռը տվեց» Կարեն Կարապետյանին

Jan 18, 2018 Comments Off on ՀՀԿ-ն «փուռը տվեց» Կարեն Կարապետյանին

Կառավարություն–ԱԺ այս տարվա առաջին հարց ու պատասխանը վարչապետ Կարեն Կարալետյանի բենեֆիսն էր հիշեցնում: Հարցերի գերակշիռ մասն ուղղված էին հենց վարչապետին ու վերաբերում էին առավելապես թանկացումներին: Հարց ու պատասխանի ամբողջ ընթացքում վարչապետը պատասխանում էր պաշտպանվելով, իսկ «Ծառուկյան» դաշինքի և «Ելք» խմբակցության պատգամավորները հարձակվողի դիրքում հարցեր էին ուղղում: Կարելի է ասել՝ ՀՀԿ պատգամավորները, խոսքները մեկ արած, փուռը տվեցին Կարեն Կարապետյանին. իշխող խմբակցության պատգամավորները ետ էին քաշվել և լուռ հետևում էին, թե ինչպես էր Կարեն Կարապետյանը ճակատամարտում ընդդիմադիր պատգամավորների հետ: Կարեն Կարապետյանը հայտնվել էր բավականին տհաճ իրավիճակում, քանի որ ստիպված էր հերթով պատասխանել մեկը մյուսի հետևից իրեն ուղղված նույն՝ թանկացումների խնդրին առնչվող հարցերին՝ երբեմն էլ իրեն ուղղված հարցերի լուծը փոխանցելով եվրասիական ինտեգրման հարցերի նախարար Վաչե Գաբրիելյանին:

«Ծառուկյան» դաշինքի և «Ելք» խմբակցության պատգամավորները իսկական դեմարշ էին կազմակերպել, որովհետև միմյանց հերթ չտալով հարցնում էին բացառապես թանկացումների  և դրա պատճառ դարձած հանրային դրույքաչափերի մասին: Որպե կանոն, նույն խմբակցության պատգամավորները, մինչ հարցեր ուղղելու համար հերթագրվելը, քննարկում են, թե ինչ հարցեր են բարձրացնելու: Երբ նույն խմբակցության կազմում ընդգրկված մի քանի պատգամավորներ վարչապետին նույն բանի մասին հարց են ուղղում, սա իսկապես դեմարշի տպավորություն է թողնում: Նկատելի էր, որ այս առումով ընդդիմադիր «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև չհայտարարված քաղաքական համաձայնություն կա: Ստացվում է, որ «Ելք»-ն ու«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածուի և բազմաթիվ այլ կարևոր հարցերի շուրջ ընդհանուր համաձայնության չեն կարողանում գալ, սակայն վարչապետին նեղը գցելու հարցում ընդգծված համաձայնություն ունեն:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին,  ապա ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնության պատգամավորները կարող էին թեթևացնել վարչապետի վիճակը, եթե կողքից դիտելու փոխարեն՝ իրենք ևս հերթագրվեին և մի քանի հարց ուղղեին կառավարության մնացած անդամներին: Ի վերջո, սա այս տարվա առաջին ԱԺ քառօրյան էր, և բացի թանկացումներից՝ երկրում բազմաթիվ այլ խնդիրներ ևս կան, որոնց մասին կարող էին բարձրաձայնվել: Այնպիսի տպավորություն էր, որ ՀՀԿ պատգամավորները միտումնավոր ասպարեզը զիջել էին ընդդիմադիր գործընկերներին և հաճույքով հետևում էին Կարեն Կարապետյանի ներվային ելույթներին: Սա թերևս առաջին կարևոր ազդակն էր, որ ՀՀԿ-ն չի ուզում վարչապետի պաշտոնի համար երաշխավորել Կարեն Կարապետյանին և, որ ամենակարևորն է, այս հարցում քաղաքական մեծամասնությունն ունի ընդդիմադիրների հետ քաղաքական լայն կոնսոլիդացիա:

 

 Հայկ Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: