Էրդողանը սպառնում է հարվածել. Մոսկվան, Անկարան ու Դամասկոսն ընդդեմ ԱՄՆ-ի

Jan 18, 2018 Comments Off on Էրդողանը սպառնում է հարվածել. Մոսկվան, Անկարան ու Դամասկոսն ընդդեմ ԱՄՆ-ի

ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում

Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը քննադատում են Սիրիայում զինված խմբավորում ստեղծելու՝ Միացյալ Նահանգների և դաշնակիցների նախաձեռնությունը: Խմբավորման մարտիկների թիվը կարող է հասնել 30 հազարի: Նրանք պետք է տեղակայվեն Թուրքիայի և Իրաքի սահմաններին:

Խմբավորման մոտ կեսը բաղկացած է լինելու քրդերի «Դեմոկրատական միություն – Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ» կառույցի զինյալներից, ովքեր հսկողության տակ են վերցնելու Թուրքիայի սահմանին հարող շրջանները, իսկ արաբները կտեղակայվեն Իրաքի հետ սահմանին և Եփրատի հովտում: Թուրքերին, նախևառաջ, քրդերի գործոնն է զայրացնում:

«ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում, երբ «Իսլամական պետության» դեմ պայքարում դաշնակից է ընտրում ոչ թե Թուրքիային, այլ Դեմոկրատական միության և Ժողովրդի ինքնապաշտպանության գրոհայիններին: Այդպես ԱՄՆ-ն ահաբեկիչների բանակ է ստեղծում»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Իսկ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քըլընն էլ նշել է, թե «ահաբեկչական կազմակերպությունն օրինականացնելու» ԱՄՆ-ի ձգտումը մտահոգություն է պատճառում: «Մենք մեզ վերապահում ենք ահաբեկչական բոլոր կազմակերպությունների դեմ պայքարելու իրավունք և՛ Թուրքիայում, և՛ մեր սահմաններից դուրս: Թուրքիան կձեռնարկի իր անվտանգությունը երաշխավորելու բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Քըլընը:

Վերլուծաբանները նշում են, որ ի տարբերություն քրդական արմատական կառույցների, «Դեմոկրատական միությունը» ոչ թե Սիրիայից անկախանալու, այլ Սիրիայի կազմում ավելի ընդարձակ ինքնավարություն ձեռք բերելու կողմնակից է: «Դեմոկրատական միությունը» մեծ դեր է ունեցել Սիրիայում «Իսլամական պետության» ջոկատներին Ռաքքայից դուրս մղելու գործողություններում: Ռաքքան իսլամիստներն իրենց մայրաքաղաքն էին հռչակել:

Այնուամենայնիվ՝ Անկարայում ենթադրում են, որ «Դեմոկրատական միությունը» կապեր ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:

Պայքար՝ ամերիկյան նախագծերի դեմ

Սիրիայի իշխանությունը հայտարարել է, թե ոչ մի պարագայում չի հանդուրժի ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի ներկայություն երկրի տարածքում: «Սիրիայի բանակն ու ժողովուրդը վիթխարի հաղթանակներ են տարել ահաբեկիչների և ամերիկյան պրոյեկտ հանդիսացող այլ թշնամիների նկատմամբ և հանուն երկրի միասնության ու տարածքային ամբողջականության՝ վճռական են Սիրիայի տարածքում ամերիկյան որևէ ներկայության վերջ տալու հարցում»,- ասվում է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության այսօր տարածած հաղորդագրությունում, ըստ որի, ամերիկացիների ստեղծելիք ջոկատների յուրաքանչյուր անդամ կհամարվի ազգի դավաճան:

Մոսկվան Սիրիայի մասնատման վտանգ է տեսնում

Ռուսական կողմը ևս դեմ է ամերիկացիների այս նախաձեռնությանը: «Հայտարարությունն այն մասին, որ անվտանգության գոտին պետք է հսկեն ամերիկացիների աջակցությամբ գործող՝ ընդհուպ մինչև 30 հազարանոց ջոկատները, շատ լուրջ խնդիր է: Դա կարող է հանգեցնել Սիրիայի մասնատման»,- այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս թեմային է անդրադարձել նաև Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Վերջինս «Թվիթերում» գրել է․ «Պաշտոնապես Ամերիկան միասնական Սիրիայի կողմնակից է, բայց գործնականում ամեն բան անում է այդ երկիրը մասնատելու համար»: ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովն էլ ասել է․ «Այդ նախաձեռնությամբ ամերիկացիները ցանկանում են Սիրիայում ապակայունացնել իրավիճակը և ստեղծել Բաշար Ասադին գահընկեց անելու պայմաններ»:

Նախօրեին Անկարան խստորեն դատապարտեց «Սիրիայի սահմանապահ ուժեր» ստեղծելու՝ Վաշինգտոնի նախաձեռնությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կիրակի հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց, առավելապես քրդերից կազմված զորախումբ ստեղծել:

Մամուլի հրապարակումների համաձայն զորախումբը պետք է կրի «Սիրիայի սահմանապահ ուժեր» անվանումը և վերահսկի Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից շրջանները: «Նման նախաձեռնությունները, որոնց հիմքում համագործակցությունն է [քրդական] «Ժողովրդավարական միություն կուսակցության/Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի հետ հակասում են Միացյալ Նահանգների կողմից ստանձնած պարտավորություններին, վտանգում են Թուրքիայի ազգային անվտանգությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը», – նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նախօրեին արդեն Էրդողանը սպառնաց հարվածել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերին: Էրդողանն աջակիցների հանրահավաքում հայտնել է, որ թուրքական բանակը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է դիմելու գործողությունների. «Մի կանգնեք մեր և ահաբեկիչների ու մարդասպանների միջև: Հակառակ դեպքում մենք պատասխանատու չենք անցանկալի միջադեպերի համար»: Նա ասել է իր աջակիցներին, որ թուրքական բանակը շրջափակման մեջ է առնում սիրիական Իդլիբի շրջանը, որը սահմանակից է Թուրքիային ու վերահսկվում է քրդական զորամիավորումների կողմից, վերջիններիս Անկարան մեղադրում է Թուրքիայում քուրդ ապստամբների հետ կապի մեջ: Նա հավելել է, որ մոտ օրերին նրանք պատրաստվում են վերացնել ահաբեկչական կառույցներն Աֆրին և Մանբիջ բնակավայրերում, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկման տակ: Նա նաև քննադատել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ այս առումով Թուրքիայի մտահոգություններն անտեսելու համար:

Նախկինում Թուրքիան բազմիցս սպառնացել էր Սիրիայում քրդական զորամիավորումներին, սակայն Էրդողանի վերջին սպառնալիքը դիտարկվում է որպես ամենալուրջը: Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ հնարավոր գործողություններին կմասնակցեն նաև Սիրիայի սահմանին տեղակայված ընդդիմադիր զինյալների զորամիավորումները, որոնք գտնվում են Թուրքիայի հովանավորության ներքո:

Քրդական զորամիավորումների աջակցությունը Վաշինգտոնի կողմից խորը ջրբաժան է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը հավաստիացրել էր, որ Թրամփի վարչակազմը խոստացել է դադարեցնել քրդական ուժերի աջակցությունը, սակայն ամերիկյան կողմը չի հաստատել այս տեղեկությունը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: