Դաստիարակը չի վերցրել ծնողների հավաքած 15.000 դրամը.քիչ էր

Jan 16, 2018 Comments Off on Դաստիարակը չի վերցրել ծնողների հավաքած 15.000 դրամը.քիչ էր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիրտուալ տիրույթում վերջին օրերին թեժ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր Երևանի N68 մանկապարտեզին: Ծնողներից մեկի՝ այդ քննարկումները հարուցած գրառումը նաև պատճառ էր դարձել, որ այսօր մանկապարտեզում ժողով հրավիրվեր: Ծնողը, որի անունը լայն հասարակության համար հրապարակված գրառումներում ջնջված է, տեղեկացրել էր. «Նախկին տնօրենը անտանելի դրամահավաքներ էր անում ու շատ անօրինական քայլեր: Իրեն հեռացրեցին, նոր տնօրենը արգելեց դրամահավաքները, բայց ուսուցչի տոնին, երբ շնորհավորեցին, ընդունեց: Մեր պարտեզում շնորհավորելու համար ֆիքսված թվեր կան, օրինակ դաստիարակ՝ 35 000, դայակ՝ 25 000: Ամանորին խմբում հավաքվել էր 30 000 դրամ: Կիսեցինք երկու մասի, տվեցինք, բայց դաստիարակը նեղվել էր 15 000 ողորմելի թվից ու չվերցրեց՝ ասելով՝ ոնց որ մյուս խմբերում, այնպես էլ ինձ: Հիմա դիմացը Մարտի 8 է, ու մեր կոմիտեն (ծնողական խորհրդի նախագահը-խմբ.) ասում է՝ 50 000՝ դաստիարակ՝ Նոր տարին էլ հետը, 40 000 դայակ՝ ծնունդ ու Մարտի 8, + տնօրեն, մանկավարժ, բուժքույր, երգ, ֆիզկ.: Ու ասում է դրվածքը դա է, ոնց մյուս խմբերում, այնպես էլ մենք: Ասածս այն է՝ ոնց անենք, որ էդ դրվածքը չլինի»: Ծնողը նաև նկատել էր, որ տարվա մեջ մի քանի տոն ու առիթ է լինում, իսկ դա նշանակում է, որ իրենց ուսերին բավական մեծ ֆինանսական բեռ է ընկնում: Այսօր մանկապարտեզում հրավիրված ժողովի ժամանակ կրտսեր խմբի ծնողները ու հատկապես ծնողական խորհրդի նախագահ Անժելա Սարգսյանը պնդում էր, որ գումարը հավաքելիս որևէ պարտադրանք չի եղել, և իրենք ընդամենը ցանկացել են շնորհակալ լինել՝ երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Գումարը, սակայն, չի ընդունվել, ու հետևաբար քննարկելու պատճառ էլ չկա: Ծնողները հերքում էին, թե փողով ծրարը մերժելու պատճառը պարունակությունը քիչ լինելն է: Ծրարը փորձել են դաստիարակին փոխանցել դեկտեմբերի 27-ին՝ «Դիմակահանդեսի» օրը: «Արդեն շատ խառնաշփոթ վիճակ էր, ինքն էլ շատ բարկացած, ու մենք էլ առիթը օգտագործելով, որ խառնաշփոթ է, ծրարը թողեցինք, դուրս եկանք: Դրանից հետո, երբ որ իմ տարած անձնական զարդարանքները վերադարձրեց, ծրարը նորից մեջն էր դրած»,- մանրամասնեց Անժելա Սարգսյանը: Չընդունված գումարը, սակայն, նա դեռ չի վերադարձրել ծնողներին: Մեր զրուցակիցը պարզաբանեց, թե նախ իր երեխան արձակուրդից հետո առաջին օրն է մանկապարտեզ հաճախել, և հետո ինքը պարբերաբար մյուս ծնողներից հետաքրքրվել է, թե ինչպես վարվի այդ գումարի հետ: Որոշվել է դեռ պահել, իսկ հետագայում հնարավոր է փոխանցել «Օգնիր մանկապարտեզիդ» կայքին: Ժողովի ժամանակ չհերքվեց, որ ծնողները գալիք Մարտի 8-ի համար ևս մտադիր են փող հավաքել: Բայց եթե մանկապարտեզում դա սկզբունքորեն մերժվում է, ուրեմն ինչու նորից նման քայլի գնալ: Անժելա Սարգսյանը մեր այս հարցին պատասխանելով՝ ասաց, թե այս անգամ ցանկանում են որևէ նվեր գնել: «Հաճելի է, ամեն դեպքում, երբ որ տոնին դիմացինիդ շնորհավորում ես՝ լինի մտերիմ, դաստիարակ, թե հարազատ ինչ-որ մեկը»,- արձանագրեց նա: Տնօրեն Նառա Պետրոսյանը ժողովից հետո մեր զրույցում ասաց, թե ինքը միայն ուրբաթ օրն է իմացել այս պատմության մասին, երբ այն արդեն հանրային արձագանք էր ստացել. «Պարտադիր դրամահավաքություն չի եղել: Իմ աշխատելու առաջին իսկ օրվանից ես դա խիստ դրել եմ: Ես տեղյակ չեմ եղել, որ ծնողները հավաքել են: Ես իմացել եմ, երբ որ ուրբաթ օրը դա արձագանք է ստացել»: Հարցին, թե եթե անգամ պարտադրանք չի եղել, երևույթը նորմա՞լ է, երբ տվյալ դեպքում կրտսեր խմբի ծնողները գումար են հավաքում և ծրարով փոխանցում դաստիարակին, թե՛ տնօրենը և թե՛ նրա աշխատասենյակում գտնվող դաստիարակը բացասական պատասխան տվեցին»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: