Կարեն Կարապետյանը բացում է խաղաքարտերը

Jan 16, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանը բացում է խաղաքարտերը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամանորյա տոներից ու իր արձակուրդից վերադարձած Կարեն Կարապետյանն աշխատանքային առաջին օրն այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Կարեն Կարապետյանի առաջին կանգառը թերևս խորհրդանշական է, որովհետև հատկապես հարկային մարմինները դարձել են գործող վարչապետի հիմնական հենարանը:

Կարեն Կարապետյանը վարչապետության ավելի քան մեկ տարվա ընթացքում տապալել է գործունեության հռչակված ուղղությունները և նրա հույսը մնացել է հարկային կոշտ վարչարարությունը: Կարեն Կարապետյանը վարչապետության մեկնարկին խոսում էր կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ինչն ինքնին բերելու էր տնտեսության կառուցվածքի փոփոխությանը և մոդեռնիզացիային:

Ավելորդ է ասել, որ այս ուղղություններով որևէ առաջընթաց չի գրանցվել, եթե հաշվի չառնենք բանանի մենաշնորհի վերացման մասին էժանագին PR-ը: Ի դեպ, հունվարի 1-ից երկրում արձանագրված գների սպեկուլյատիվ աճը վկայում է, որ երկրում գործ ունենք օլիգոպոլ, մոնոպոլ տնտեսության հետ: Կոռուպցիայի բարձր մակարդակը շարունակում է մնալ Հայաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպանների մտահոգությունների հիմնական թեման: Մոնոպոլիզացված և կոռումպացված տնտեսություններում ներդրումներ լինել չեն կարող, եթե նույնիսկ ստեղծվեն ներդրողների մի քանի ակումբներ կամ անցկացվեն համազգային բազմաթիվ համաժողովներ:

Խնդիրը` տնտեսության կառուցվածքն ու կառավարման որակն են, որոնք նպաստում են ոչ թե ներդրումներին, այլ` կապիտալի արտահոսքին: Կարեն Կարապետյանի ռազմավարական մյուս ուղղությունը ՏՏ ոլորտի զարգացումն է, սակայն այդ ոլորտի պատասխանատուները ահազանգում են IT ոլորտի ոչնչացման վտանգի մասին հունվարի 1-ից եկամտահարկի շեմի բարձրացման ֆոնին: Հարկային մարմինները դարձել են Կարեն Կարապետյանի մահակը, որի միջոցով Կարեն Կարապետյանն ապահովում է բյուջետային հոսքերը` հասարակությանը կեղեքելու միջոցով:

ՊԵԿ-ի գործունեության փիլիսոփայության մեջ որակական որևէ տեղաշարժ չի եղել. այն միջոց է` ընդդիմախոսների բերանը փակելու, մերձավորներին խրախուսելու համար: Հարկային օրենսգրքի փոփոխությունները սպանում են Հայաստանի տնտեսությունը, սակայն ավելի անկաշկանդ են դարձնում ՊԵԿ-ի ձեռքերը: Այս համատեքստում զարմանալի չէ, որ Կարեն Կարապետյանը այսօր ՊԵԿ-ում հանդես է եկել ուշագրավ լատենտ քաղաքական հայտարարությամբ:

Եթե Սերժ Սարգսյանը թանկացումներին նվիրված խորհրդակցության ժամանակ խոսել էր տարվա երկրորդ կեսի անելիքների մասին` հասկացնելով, որ ապրիլին իշխանությունից հեռանալու մտադրություն չունի, ապա Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում այսօր ասել է, թե «2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք»` դարձյալ ակնարկելով, որ ապրիլին հեռանալու մտադրություն չունի: Սա խոսում է այն մասին, որ ապրիլին ընդառաջ ներհամակարգային պայքարը սրվելու է կամ առնվազն նոր դրսևորում է ստանալու ապրիլից հետո, եթե նույնիսկ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, որովհետև Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանալու մտադրություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: