Հասմիկ Պապյանը՝ օպերայի «լեզվի», Կաֆկայի «Դատավարության», թռչող խալու և դրախտավայր Հայաստանի մասին. hetq.am

Jan 14, 2018 Comments Off on Հասմիկ Պապյանը՝ օպերայի «լեզվի», Կաֆկայի «Դատավարության», թռչող խալու և դրախտավայր Հայաստանի մասին. hetq.am

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը պատասխանել է «Հետքի» բանտային թղթակից Մհեր Ենոքյանի հարցերին

Սիրելի՛ Հասմիկ Պապյան, բարի օր Ձեզ

Անչափ շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության և հրավերն ընդունելու համար։

Լրագրող գործընկերներիցս սովորել եմ հարցազրույց վարելու հնարքներ: Ասել են՝ հարցերը պետք է կարճ ձևակերպել, նաև անպայման խորությամբ ծանոթանալ այն մարդու գործունեությանը, ում հետ պատրաստվում ես զրուցել: Եվրոպական Խորհրդին Հայաստանի անդամակցելուց հետո՝ 2003 թ.- ին, ցմահ ազատազրկվածների խցերում թույլատրեցին հեռուստացույց և DVD նվագարկիչ ունենալ։ Այդ ժամանակվանից ի վեր հեռուստատեսությամբ դիտել եմ Ձեր մի քանի հարցազրույց՝ ինձ համար բացահայտելով տաղանդաշատ օպերային երգչուհու, քաղաքացու Ձեր կերպարը:

Իսկ այժմ, երբ Ձեզ հետ գրավոր զրույցի բացառիկ հնարավորություն ընձեռվեց, հարազատներիս խնդրեցի ինձ փոխանցել նաև մամուլի, կայքերի հրապարակումներ Ձեր բեմական գործունեության մասին, Ձեզ հետ հարցազրույցներ: Իմացա, որ թույլ կողմեր չունեք, իսկ ապրիլյան պատերազմից հետո չեք վախենում ոչնչից։ Իմացա, որ սիրում եք լեռներ մագլցել, մանկության տարիներին տպավորվել եք թռչող խալուց:

Երկար թերթեցի նյութերը, նայեցի, հիացա, վայելեցի… հետո շատ հեշտ ծնվեցին հարցերը, որոնք հաճախ Ձեր պատասխաններից եմ բխեցրել, թերևս, կզգաք՝ որոնք: Ներողություն, որ մեկ հարցի մեջ, մի քանի հարց եմ ամփոփել, պարզապես հարցերս շատ էին:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ հետ զրույցի հնարավորության համար: Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում եմ Սեր, առողջություն, երջանկություն։

– Հարցազրույցներից մեկում հիշատակում եք Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «Հայը չի իջնում հատակ և չի բարձրանում դեպի գագաթ»։ Որպես Հայաստանի Մշակույթի դեսպան ստացվու՞մ է Հայի ոգին հասկանալի դարձնել այլերկրացիների համար։ Կոմիտասի «լեզուն» ինչպե՞ս է ընկալվում աշխարհում։

– Այն ասպարեզում, որտեղ ես հանդես եմ եկել՝ օպերային արվեստում, ազգությունը կարևոր չի եղել: Օպերայի լեզուն միջազգային է: Այլ բան է, որ ինձ այդ բարձունքը գրավելու ճանապարհին շատ կարևոր է եղել իմ հայ լինելու գործոնը: Կարող եմ ավելացնել, որ, որպես հայ, փորձել եմ արժանապատվորեն ներկայացրել իմ երկիրը օպերային արվեստի սիրահարներին, և ոչ միայն: Իմ երգած Աիդան, Նորման, Տոսկան, թերևս տարբերվել են մյուսներից: Ցավոք, Կոմիտասը Հայաստանից դուրս շատ ծանոթ չէ լայն հասարակությանը: Այս հարցում դեռ շատ անելիքներ ունենք: Իհարկե, անառարկելի է այն փաստը, որ որտեղ էլ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, նույնիսկ չհասկանալով, թե ինչի մասին է երգվում, անկախ ազգային պատկանելությունից, հավասարապես հուզվել և արտասվել  են բոլորը:

–  Վեց լեզվի եք տիրապետում. կա՞ մի լեզու, որը առավել երաժշտական է։ Առհասարակ ինչո՞ւ է երգի լեզուն առավել հասկանալի և ազդեցիկ։

– Օպերային երաժշտության լեզուն համարվում է իտալերենը: Բացի այն, որ օպերան ծնունդ է առել Իտալիայում, կա նաև այլ պատճառ՝ իտալերենում ձայնավորների համադրությունը շատ հարմար է ձայնը արտաբերելուն: Ինչը չենք կարող ասել, օրինակ, վրացերենի, եբրաերենի և շատ այլ լեզուների դեպքում, երբ մի քանի բաղաձայներ հաջորդում են իրար: Մարդկային ձայնը երաժշտական գործիքներից ամենակատարյալն է: Այն ունի երաժշտության հետ միաժամանակ նաև խոսքը ունկնդրին փոխանցելու կարելիությունը: Երգի լեզուն նաև հասկանալի է նրանով, որ, կարծում եմ, գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է երգել, կարևոր չէ՝ լավ կամ վատ:

– Ձեր սիրած ստեղծագործություններից է Կաֆկայի «Դատավարությունը»։ Ինչո՞վ է այն տպավորվել։ Եթե «դատավարությանը» ներկա գտնվեիք, կմիջամտեի՞ք, ինչ-որ բան կփոխեի՞ք։ Իսկ մե՞ր իրականության մեջ…

– Գիրքը ձեռքս վերցնելու և կարդալու առաջին պայմանը ինձ համար հեղինակի  «լեզուն» է: Եթե այն ինձ չի «աքցանում», ես չեմ կարող շարունակել: Կաֆկայի լեզվամտածողությունը ինձ համար բաց ծով է, մաքուր երկինք, որտեղ կարող ես բառերի հետ «ընկերություն անել»… իհարկե, նաև շատ ամուր նյարդեր են հարկավոր այս գիրքը մինչև վերջ ընթերցել կարողանալու համար:Երբ առաջին անգամ «Դատավարությունը» բնագրով կարդացի, ինձ համար բացահայտում էր՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, իմ ամենանախընտրելին, Հրանտ Մաթևոսյանից հետո, իհարկե:

Եթե ես «միջամտեի» այդ դատավարությանը, ապա այն անմիջապես կփակվեր…

Մեր իրականության մեջ կկամենայի, որ դատավարությունների ժամանակ բացառապես արդարության կողմնակիցը լինելուց զատ, դատապարտողների համար մարդկային գործոնը առաջնային լիներ: Չէ՞ որ ի տարբերություն դատապարտյալների, դատավարություն վարողները նիստից հետո վերադառնում են իրենց տները…

– Հաճա՞խ եք ջութակ նվագում։ Եղե՞լ է, որ բնության գրկում մենակ լինելով՝ երգեք։

– Ջութակ երկար տարիներ չեմ նվագել: Երբ սկսեցի երգել և ճամփորդել, արդեն շատ ժամանակ չունեի նվագելու: Հետո հասկացա, որ «կիսատ» ջութակահար չեն լինում: Բնության գրկում մենակ երբեք չեմ երգել, իսկ հին հայկական եկեղեցիներում միշտ երգելու ցանկություն առաջանում է: Երգում եմ հարմար պահի, երբ շուրջս մարդաշատ չի  լինում:


– Եթե ժամանակի մեջ թռչող խալու վրա հայտնվեիք, ու՞ր կճանապարհորդեիք, ո՞ւմ կցանկանայիք հանդիպել։

– Ինձ համար շատ սիրելի են հարավային Ֆրանսիայի գյուղերը, որտեղ քաղաքակրթությունը կարծեք երբեք կանգ չի առել, լեռների վրա վեր խոյացող խաղողի այգիներով, բաց և կանաչ անծայրածիր հորիզոններով:

Իսկ կկամենայի, որ կախարդական գորգը ինձ տաներ 1974-1982 թվականներ Գերմանիայի հինգերորդ կանցլեր Հելմուտ Շմիդտի, ինձ համար բացառիկ մի անհատականության մոտ: Նա նաև հրաշալի դաշնակահար էր, ձայնագրություններ է կատարել հանրահայտ դիրիժորներ Կարայանի, Էշենբախի հետ: Մահացավ մոտ երկու տարի առաջ, 97 տարեկան հասակում: Իր հայտնի ասույթներից էին՝ …97 տարեկանից ցածր լավատես չեն լինում… կամ՝ …մեծ տարբերություն կա՝ իշխելու, անձնական շահերի վրա հիմնված քաղաքականության և բարոյական սկզբունքների վրա հիմնված, բարոյական կարիքներով կողմնորոշված քաղաքականության մեջ…իմաստուն խոսքեր են, երանի հետևորդներ ունենար… նաև փայլուն հռետոր էր, կարող եմ երկար շարունակել, տարիներով հետևել եմ իր գործունեությանը:

Մի անառարկելի թերություն ուներ՝ ծանր, «շղթայական» ծխող էր, նույնիսկ hարցազրույցների ժամանակ, եթերում, ամենուր, որի համար մշտապես խիստ քննադատության էր ենթարկվում: Այդ պատճառով, կարծում եմ, որ մեր հանդիպումը երկար տևողություն ունենալ չէր կարող:

– Ձայնը, ինչպես աչքի ծիածանաթաղանթը, մատնահետքերը անկրկնելի են։ Ձեր ձայնում քնքուշ մեղեդին հնչում է նաև սովորական խոսքի, զրույցի ժամանակ։ Երբ արթնանում եք, հիշու՞մ եք Ձեր երազները, նրանք երաժշտակա՞ն են, հեքիթայի՞ն…

-Իմ երազները հիմնականում «ազդանշաններ» են, որոնք, կարծեք, գալիս են ինձ «նախազգուշացնելու»… և հաճախ կատարվում են: Հեքիաթային, երաժշտական, գունավոր երազներ ինձ երբեք այցի չեն գալիս:

– Ասում եք, որ բեմը առողջացնում է Ձեզ… ակնհայտ է, որ Դուք էլ առողջ եք պահում հայկական երգարվեստը համաշխարհային բեմում։ Ունե՞ք երազանք, որը դեռ պետք է իրականացնեք։

-Որպես մայր կուզենամ տեսնել իմ միակ դստերը՝ Սիրանույշին առողջ, երջանիկ, կայացած իր ընտրած մասնագիտության մեջ, ազնիվ, արդար, հասարակությանը պիտանի և արժանապատիվ քաղաքացի դարձած:

Բայց սա չնչին է այն իրական երազանքիս հանդեպ, որն իսկապես փայփայում եմ՝ թիկունքիս ունենալ հզոր, բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով և երջանիկ քաղաքացիներով ապրող երկիր դրախտավայր, որի անունն է Հայաստան: Հուսով եմ՝ երազս իրականություն կդառնա:

Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցերի համար

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: