«Դա սուտ է. հաստատ գիտեմ, որ ինքը խմիչք չի օգտագործել, ինձ մոտ է եղել».մանրամասներ է հայտնում Սաքուլիկի կինը

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կինը՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանների մայրը՝ տիկին Նարինեն, սթրեսի մեջ է: Տիկին Նարինեն այս փուլում չի ցանկանում զրուցել լրագրողների հետ: «Ինքը հիմա շատ վատ վիճակում է». համենայնդեպս, այսպես մեզ փոխանցեց նրա հարսը՝ հունվարի 8-ի ողբերգական վթարի մասնակից Սարգիս Վարդանյանի կինը՝ Ռաֆայելան:

Հիշեցնենք, որ Նարինե Վարդանյանի երկու որդիներն էլ այժմ գտնվում են կալանքի տակ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են:

Դեպքի հանգամանքների եւ մեղավոր լինելու-չլինելու վերաբերյալ հարցերին Վարդանյանների ընտանիքը դեռ չի ցանկանում պատասխանել: Այսօր մեզ հաջողվեց զրուցել այժմ կալանքի տակ գտնվող Սարգիս Վադանյանի կնոջ հետ:

Ռաֆայելան մեր հարցերին ի պատասխան միայն ասաց, որ ողբերգական վթարի օրը՝ ամուսինն իր մոտ հիվանդանոցում է եղել: Ռաֆայելան հղի է, առաջնեկին են սպասում, եւ առողջական խնդիրների պատճառով «Էրեբունի» ԲԿ-ում բուժում է ստանալիս եղել. «Մենակ կարող եմ ասել, որ ես իրեն այդ օրը ուղարկել եմ տուն, տանից ինձ շտապ բան պետք է բերեր, հիմա չեմ ուզում շատ մանրամասնել: Պետք է դա բերեր ինձ մոտ եւ մենք իրար հետ մնայինք հիվանդանոցում: Չի հասցրել մտնել տուն, դեպքը եղել է»,- ասաց Ռաֆայելան:

Դիտարկմանը, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սարգիս Վարդանյանն այդ օրը ընկերների հետ հավաքույթի է եղել եւ խմիչք օգտագործել, նրա կինը պատասխանեց. «Դա սուտ է, նման բան չկա, հաստատ գիտեմ, որ ինքը խմիչք չի օգտագործել, ինձ մոտ է եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “«Դա սուտ է. հաստատ գիտեմ, որ ինքը խմիչք չի օգտագործել, ինձ մոտ է եղել».մանրամասներ է հայտնում Սաքուլիկի կինը”

Մեկնաբանել