Աճող վարկանիշ, նոր պատժամիջոցներ. Պուտինի «հզորությունը»

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

Մարտի 18-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) այսօր հրապարակած տվյալների համաձայն, Ռուսաստանի նախագահ Պուտինի վարկանիշն անցած դեկտեմբերին աճել է՝ հասնելով 57,7 տոկոսի:

Ընդ որում՝ ՌԴ նախագահի գործունեությունը շարունակում են դրական գնահատել հարցվածների շուրջ 83 տոկոսը: Վարկանիշային սանդղակում երկրորդ տեղն է զբաղեցնում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն․ նրան վստահում է հարցվածների 18 տոկոսը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը երրորդ տեղում է՝ 13,3 տոկոսի հասնող վարկանիշով:

Մարտին կայանալիք նախագահական ընտրություններում Ռուսաստանի կոմունիստների առաջադրած թեկնածու, միլիոնատեր Պավել Գրուդինինին վստահություն է հայտնել հարցվածների 3 տոկոսը: Հաշվի առնելով հանգամանքը, որ ընդամենը մեկ ամիս առաջ նրա անունը ռուսաստանցիներն հայտնի չէր, դա ոչ վատ ցուցանիշ է համարվում, և, ըստ դիտորդների, մինչև ընտրությունների օրը կարող է աճել։ Ավելին՝ կուսակցությունների վարկանիշային աղյուսակում ՌԴ Կոմկուսն առաջ է անցել Վլադիմիր Ժիրինովսկու ЛДПР կուսակցությունից՝ արժանանալով հարցվածների 11 տոկոսի վստահությանը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ վստահության 51 տոկոսի հասնող վարկանիշով։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի համաձայն, Վլադիմիր Ժիրինովսկիին չի վստահում հարցվածների 29, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակին՝ 14-ական տոկոսը:

Ռուսաստանյան ընդդիմադիրները, սակայն, չեն վստահում ВЦИОМ-ի հրապարակած տվյալներին, պնդելով, թե գործող նախագահ Վլադիմիր Պուտինի իրական վարկանիշը չի կարող այդչափ բարձր լինել:

Պաշտոնապես Պուտինի բարձրացող վարկանիշին զուգահեռ Միացյալ Նահանգները շարունակում է կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Կարծես պատրաստվելով Պուտինի նոր իշխանավարմանը՝ Վաշինգտոնն էլ ձգտում է ավելի ազդել Պուտինի վարկանիշի անկման վրա:

Փորձագետները կանխատեսում են, որ 2018 թվականին Վաշինգտոնը կուժեղացնի ճնշումը Մոսկվայի վրա ընդլայնված պատժամիջոցների շարքի միջոցով: Մասնավորապես Stratfor ընկերության վերլուծաբանները չեն տեսնում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության նվազման նշաններ։ 2018-ին Վաշինգտոնը կուժեղացնի ճնշումը Մոսկվայի վրա ընդլայնված պատժամիջոցների շարքի միջոցով, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի ֆինանսական կայունության, նրա օլիգարխների, հեղինակության և պաշտպանական արդյունաբերության դեմ։

Փետրվարին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կներկայացնի մանրամասներ՝ պատժամիջոցների հնարավոր ընդլայնման վերաբերյալ, սակայն արդեն հայտնի է, որ նոր սահմանափակող միջոցառումները կթիրախավորեն ռուսական սուվերեն պարտքն ու օլիգարխներին։ Ինչպես գրում են վերլուծաբանները, դա կապված է ԱՄՆ նախագահի ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետաքննության հետ։

Stratfor-ում կանխատեսում են, որ 2018-ին ԱՄՆ-ը, ըստ ամենայնի, պատժամիջոցներ կսահմանի ընդդեմ ռուսական պաշտպանական ընկերությունների, որոնք տրամադրում են տեխնոլոգիաներ կամ մշակումներ, որոնք խախտում են 1987-ի՝ Միջանկյալ միջուկային սպառազինությունների մասին պայմանագիրը։ «Մինչդեռ Վաշինգտոնը ծրագրում է, թե ինչպիսի գործիքներ կարող է օգտագործել Մոսկվայի դեմ, Ռուսաստանը պատրաստվում է էլ ավելի կոշտ հարաբերությունների՝ մեկուսացնելով իր տնտեսությունն ու կամուրջներ ստեղծելով ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի հետ»,-գրում են ընկերության վերլուծաբանները։

Ինչպես հայտնի է, որ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի համար՝ Ղազախստանի օրինակով: Վաշինգտոնը սառեցրել է այն ակտիվները, որոնք Ղազախստանը պահում էր ամերիկյան արժեթղթերի տեսքով և մտադիր են նման տնտեսական հարված հասցնել նաև Ռուսաստանին։ Մոլդովացի գործարար Անատոլի Ստատին հայց է ներկայացրել Ղազախստանի կառավարության դեմ։ Նա պետությունից պահանջել է 1,5 մլրդ. ԱՄՆ դոլար՝ խնդրելով կալանքի տակ դնել պատասխանողի ակտիվները Նիդերլանդներում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում։ Անգլիական դատարանը բավարարել է հայցը։ Սակայն Բելգիայում գտնվող ամերիկյան բանկը սառեցրել է այնտեղ պահվող ամբողջ գումարը՝ 22 միլիարդ դոլար։ «Սա շատ վտանգավոր նախադեպ է, քանի որ այժմ նման միջոցներ կարող են կիրառվել նաև Ռուսաստանի դեմ, եթե ամերիկյան իշխանությունները դա ուզենան»։ Ինչպես հավաստում էր Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ ռուսական ոսկու տեսքով տարադրամի պաշարների սառեցումը ԱՄՆ–ում քիչ հավանական սցենար է։ Եթե Վաշինգտոնը նման քայլի գնա, դա կդառնա ֆինանսական պատերազմի հայտարարություն երկու երկրների միջև։ Ղազախստանի ակտիվների սառեցման կապակցությամբ Դաշնային Խորհրդում առաջարկություններ են հնչում ազգայնացնել Ռուսաստանի ԿԲ–ն, ինչպես դեռևս 2000 թվականին առաջարկում էր Վլադիմիր Պուտինը։

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Աճող վարկանիշ, նոր պատժամիջոցներ. Պուտինի «հզորությունը»”

Մեկնաբանել