Ճակատագրով կապվածները

Jan 17, 2018 Comments Off on Ճակատագրով կապվածները

Չնայած Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունների ակնհայտ վատթարացմանը, 2017-ին թուրքերի մեծամասնության վերաբերմունքը եվրոպական ընտանիքի նկատմամբ զգալիորեն բարելավվել է:

Դա են վկայում Եվրամիության հետ հարաբերությունների հեռանկարներով զբաղվող թուրքական ամենաազդեցիկ ոչ-կառավարական կառույցներից մեկի` 1965-ին ստեղծված «Տնտեսական զարգացման հիմնադրամի» (IKV) պատվերով անցկացված վերջին հարցման արդյունքները: Դրանց համաձայն, Թուրքիայի բնակչության գրեթե 79 տոկոսը միանշանակորեն կողմ է երկրի` Եվրամիությանն անդամակցելու գաղափարին: «Ակնհայտ է, որ չնայած 2017-ին Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում բացասական զարգացումներ արձանագրվեցին, միևնույն է՝ եվրաինտեգրման աջակիցների թիվը Թուրքիայում գնալով աճում է», – Ստամբուլում կայացած ասուլիսում ասել է «Տնտեսական զարգացման հիմնադրամի» խորհրդի նախագահ Այթան Զեյթինօղլուն:

Նրա խոսքով՝ եթե դատենք իր ղեկավարած հիմնադրամի անցկացրած սոցիոլոգիական հարցումներից, ապա պարզ է դառնում, որ Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը երկրում տարեցտարի աճում է: «2015-ին Եվրամիությանն անդամակցության օգտին հանդես էր գալիս հարցված թուրքերի 61 տոկոսը, 2016-ին` 75 տոկոսը, իսկ 2017-ին արդեն այդ թիվը հասել է գրեթե 80 տոկոսի ցուցանիշին», – նշում են հարցման հեղինակները: «Տնտեսական զարգացման հիմնադրամի» ղեկավարի խոսքով՝ այս արդյունքները հստակ ուղերձ են թե՛ Էրդողանի վարչակազմին, թե՛ Եվրամիության ղեկավարությանը:

«Սա ուղերձ է թուրքական կառավարությանն առ այն, որ Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների դիմելու համազգային կամքն առկա է: Մյուս կողմից՝ սա զգուշացում է Եվրամիությանը, որ Թուրքիայի առջև խոչընդոտներ հարուցելու քաղաքականությունը կարճատեսության և բանականության պակասի արդյունք է: Ռազմավարական սխալ և պարզ էթիկայի կանոնների խախտում կլինի [Եվրամիությունից] դուրս թողնել մի երկիր, որի 80 միլիոն բնակիչների մեծամասնությունը կողմ է եվրաինտեգրման գաղափարին», – նշում էր Այհան Զեյթինօղլուն:

Հետազոտության հեղինակները, սակայն, հատուկ ընդգծում են, որ չնայած Եվրամիությանն անդամակցելու գերակշիռ ցանկությանը, թուրք հանրությունը բավական իրատեսորեն է տրամադրված` հասկանալով, որ տեսանելի ապագայում երկիրը եվրոպական ընտանիքի անդամ հաստատ չի դառնա: Հարցվածների միայն 31 տոկոսն է կարծում, որ մոտ ապագայում Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ: Առավել լավատեսորեն են տրամադրված երկրի հարավ-արևելյան՝ քրդաբնակ շրջանների բնակիչները: «Այս տարածաշրջանի բնակիչների ավելի քան 56 տոկոսը չի բացառում, որ Թուրքիան մոտ ապագայում կարող է դառնալ Եվրամիության անդամ», – արձանագրում են «Տնտեսական զարգացման հիմնադրամի» մասնագետները:

Հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Զիգմար Գաբրիելն ու Մևլյութ Չավուշօղլուն պայմանավորվեցին բարելավել երկրների միջև բարդ հարաբերություններն ու վերսկսել ռազմավարական երկխոսությունը: Ավելին՝ Անկարան արձանագրեց, որ երկու կողմերն էլ ցանկանում են հաղթահարել դժվարությունները երկխոսության ճանապարհով։ «Այո, կան խնդիրներ, նույնիսկ լարվածություն և էսկալացիա, սակայն մենք ցանկանում ենք հաղթահարել լարվածությունը երկխոսության միջոցով», նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը իր գերմանացի գործընկերոջ՝ Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամլո ասուլիսում։

ԵՄ–Թուրքիա՝ 2016 թվականից վատթարացած հարաբերություններում, այսպիսով, «սառույցը հալչում է»։ Նկատենք, որ սրված հարաբերությունների ֆոնին Էրդողանը սկսեց էլ ավելի ջերմացնել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Հեղինակային քաղաքականությունը և իրավական պետության սահմանափակումը թափ հավաքող խնդիր է գերմանական ընկերությունների համար, այսպիսին են ուսումնասիրության արդյունքները, որոնք հայտնվել են Die Welt-ի տրամադրության տակ: «Օտարերկրյա ընկերությունների ներդրումներն այն հումուսն են, որի վրա վերջին տարիներին հրաշալիորեն բարձրացել է շատ զարգացող երկրների տնտեսությունը: Դա տեսանելի է Թուրքիայի և առավելևս Չինաստանի օրինակով: Դրանցից զգալիորեն շահել են Ռուսաստանը, Բրազիլիան և Հնդկաստանը: Նոր աշխատատեղեր են ստեղծվել, երկիր են եկել նոու-հաուներ, բարձրացել է մարդկանց կենսամակարդակը»,- գրում է հրապարակման հեղինակ Ֆրանկ Շտոկերը:

Սակայն այդ երկրներից որոշներն այսօր, երևում է, իրենք են խաչ քաշում այդ արդյունքների վրա, և ամենաառաջինը դրանք Թուրքիան և Ռուսաստանն են: Այս մասին վկայում են Ընտանեկան բիզնեսի հիմնադրամի պատվերով Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի (ZEW) կատարած ուսումնասիրության արդյունքները: «Թուրքիան և Ռուսաստանը պետք է նկատի ունենան, որ կարող են իրենց գրավչությունը կորցնել ընտանեկան ընկերությունների համար՝ այդ երկրներում իրավական պետականության վերաբերյալ աճող մտավախությունների հետ կապված»,- ասել է հիմնադրամի նախագահ Ռայներ Քիրհդյորֆերը:

«Ուսումնասիրության հիմքում,- գրում է պարբերականը,- դրվել է ներդրումների պայմանների լայն ուսումնասիրությունն այնպիսի 7 խոշոր զարգացող երկրներում, որոնք են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան և Մեքսիկան: Վերլուծվել են հարկային համակարգը, աշխատանքային ծախսերը, արտադրողականությունը, ենթակառուցվածքը, կարգավորման մեխանիզմները, ֆինանսավորման պայմանները և տարբեր ինստիտուտների գործունեությունը… Վերլուծության արդյունքները մեկտեղվել են այսպես կոչված՝ միասնական ինդեքսով»:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շատ երկրներ վերջին տարիներին մի շարք արդյունավետ քայլեր են ձեռնարկել օտարերկրացի ներդրողների ներգրավման ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանը և Թուրքիան: Ուսումնասիրության համաձայն՝ այս երկրներն առաջատար են հարկային համակարգի գրավչության հարցում: «ՌԴ-ն և Թուրքիան գրավում են նաև տնտեսական ոլորտում կարգավորման հարաբերականորեն լիբերալ մեխանիզմներով, ոչ թանկարժեք և որակավորված աշխատուժով, նաև լավ ենթակառուցվածքով, սրանք բոլորը ոլորտներ են, որոնցում ինչպես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ՝ Վլադիմիր Պուտինն առաջընթաց են ունեցել իրենց կառավարման առաջին տարիներին՝ ուղղելով իրենց նախորդների սխալները»,- ասվում է հոդվածում, որը ներկայացրել է 1in.am-ը:

«Ինչ վերաբերում է այս երկու երկրների գրավչությանը ներկայումս ներդրումների տեսանկյունից՝ Ռուսաստանը և Թուրքիան առայժմ գլխավորում են ցուցակը՝ շեշտով «առայժմ» բառի վրա»,- նշում է հեղինակը: «Երկու նախագահների քաղաքականությունը,- նշում է լրագրողը,- վերջին տարիներին տանում է նրան, որ նրանք կարող են կորցնել այդ ժառանգությունը»: Թուրքիայի դեպքում խոսքն առաջին հերթին թուրքական իշխանությունների և դատարանների վարքի մասին է 2016 թ. ամռանը պետական հեղաշրջման փորձից, նաև կառավարման նախագահական համակարգի ներդրումից հետո, որը նախատեսվում է 2019 թ.:

Ռուսաստանի հետ կապված մտավախություններն ավելի հստակ են՝ կասկած են առաջացնում «այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ սեփականության իրավունքը, կոռուպցիայի վերահսկողությունը և իրավական համակարգի անկախությունը»: «Պետական ինստիտուտների թուլությունը գնալով ավելի ուժեղ է իր մասին հայտարարում պետական կառավարման համակարգում վերջին տարիներին թափ հավաքող ինքնակալության ֆոնին»,- ասվում է ուսումնասիրության մեջ:

Ըստ ուսումնասիրության հեղինակների՝ այդ միտումներից շահել կարող են Չինաստանը և Հնդկաստանը: «Ասիական պետություններն առաջարկում են քաղաքական կայունություն և պատրաստ են… թերությունները հաղթահարել կրթության և ենթակառուցվածքի մեջ ներդրումների միջոցով»,- ասում է ZEW-ի փորձագետ Ֆրիդրիխ Հայնեմանը: Հոդվածում ասվում է, որ ինչպես Չինաստանը, այնպես էլ՝ Հնդկաստանը, ցուցաբերում են հաջակցություն տնտեսության բարեփոխումերի անհրաժեշտության ըմբռնում:

Եզրափակելով ուսումնասիրության արդյունքները՝ հեղինակը գրում է, որ փորձագետները նշում են ամենից առաջ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ «կոռուպցիայի կամայականությունը ՀԱՀ-ում և Հարավային Ամերիկայում, հեռացումը ԵՄ-ից և աճող կասկածները՝ կապված Թուրքիայում իրավական համակարգի հուսալիության հետ, իշխանության ինքնակալ ոճը և արտաքին քաղաքական առճակատման կուրսը Ռուսաստանի դեպքում»:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: