Սերժ Սարգսյանի անհուսալի դեղատոմսը

Jan 13, 2018 Չի մեկնաբանվել

 

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ թանկացումների թեմայով հրավիրված խորհրդակցության մեջ երկու շատ նուրբ մեսիջ կար, որոնք փոխանցեց անձամբ ինքը՝ Սերժ Սարգսյանը: Առաջինը թանկացումների ազդեցությունը մեղմելու համար դեղատոմս գտնելն էր, երկրորդը ճշտել՝ թանկացումների պատճառը օբյեկտիվ շուկայական գործընթացնե՞րն են, թե՞ տնտեսվարողների ագահությունը:

Սրանք շատ կարևոր ու ըստ էության Հայաստանի շուկայական հարաբերությունները բնորոշող հանգամանքներ են: Ագահությունը, որպես այդպիսին, համամարդկային երևույթ է, և քանի որ յուրաքանչյուր բիզնեսի նպատակը հնարավորինս շատ շահույթ ստանալն է, ապա դժվար է միանշանակ ասել՝ որտեղ է ավարտվում բարեխիղճ բիզնեսի սահմանը, և որտեղից սկսվում ագահության և ժուժկալության նենգավոր միտումը:

Աշխարհում գնաճի դեմ պայքարելու ամենաարդյունավետ մեխանիզմը վաղուց գտնված է՝ դա առողջ տնտեսական մրցակցությունն է, որի արդյունքում գոյանում է տվյալ ապրանքի հնարավոր նվազագույն գինը: Երբ կա շահերի բախում, և սպառող չկորցնելու շատ լուրջ պայքար, ապա որքան էլ ագահ լինի տնտեսվարողը, գները ստիպված է լինելու իջեցնել, հակառակ պարագայում գնորդը պարզապես երես կթեքի նրանից, և բիզնեսն ի վերջո կտապալավի: Հայաստանում այդպես չէ, հատկապես երբ խոսքը վերաբերում է առաջին սպառման մի շարք ապրանքներին:

Օրինակ՝ շաքարավազի, բենզինի, թռչնամսի և բանանի ներկրման շուկաներում նման խնդիր չի կարող լինել, որովհետև այդ շուկաներում կան խոշոր խաղացողներ, ովքեր զբաղեցնում են այդ շուկաների գրեթե 100 տոկոսը: Հետևաբար նրանք իրավունք ունեն սրտի ուզածի չափ ագահ լինել, և որևէ մեկը նրանց ագահությունը ստուգելու իրավական մեխանիզմ կամ հնարավորություն չունի, չնայած որ կա հատուկ այս նպատակով ստեղծված պետական մարմին՝ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով, որը պարտավոր է ստուգել և պարզել, թե արդյոք տնտեսվարողը գերիշխող դիրքի չարաշահում թույլ չի տվել: Բայց կյանքը ցույց է տվել, որ այդ հանձնաժողովի տված արդյունքը թղթի վրա գրված հայտարարություններից այն կողմ չի անցնում, և Սերժ Սարգսյանն այդ մասին շատ լավ գիտի: Հենց այդ պատճառով էլ հորդորել է խորհրդակցության մասնակից պաշտոնյաներին, «առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ, մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին»: «Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Եվ շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել: Նորից եմ կրկնում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու:

Հաջորդը՝ եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները: Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, և պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Այսինքն՝ թանկացումների առումով Սերժ Սարգսյանի առաջարկած դեղատոմսերից մեկը հանրությանը բացատրություններ տալն է, երկրորդը՝ պետական սուբսիդիան՝ այս կամ այն ապրանքի գինը զսպելու համար: Գյուղացիական տնտեսությունների դիզվառելիքի սուբսիդիան, որի օրինակը նշել է նա, տարիներ շարունակ առանց մրցույթի պետական բյուջեից հատկացվել է «Ֆլեշ» ընկերությանը, որը, ինչպես հայտնի է, պատկանում է Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին: Այն, որ այդ սուբսիդիան օգտակար է եղել «Ֆլեշի» համար, կարելի է չկասկածել, իսկ թե ինչ է դրանից շահել գյուղացին, թերևս կարելի է հարցնել հենց գյուղացուն: Ի դեպ, երբ Կարեն Կարապետյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, կառավարության նիստերից մեկում հայտարարեց, թե դիզվառելիքի սուբսիդավորման նշված մեխանիզմը պետք է փոխվի:

Փաստորեն այժմ Սերժ Սարգսյանը հստակություն է մտցնում, որ կոնկրետ «Ֆլեշի» սուբսիդիան անխափան կտրվի: Իսկ ընդհանրապես թանկացումները, որոնք նաև օբյեկտիվ գործոններով են պայմանավորված և տեղի են ունենում ողջ աշխարհում, մեղմվում են միայն ու միայն եկամուտների համարժեք աճով՝ ուրիշ դեղատոմս չկա: Իսկ եկամուտների աճ հնարավոր է միայն տնտեսության զարգացման շնորհիվ: Եթե գները բարձրանում են, մարդկանց եկամուտները՝ ոչ, հասարակությունն աղքատանում է: Մեզ մոտ ճիշտ հակառակն է. փաստորեն գներն աճում են, եկամուտները նվազում:

 

  Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Սերժ Սարգսյանի անհուսալի դեղատոմսը”

Մեկնաբանել