Շեշտակի սրում՝ Հայաստանի սահմանների մոտ

Jan 11, 2018 Comments Off on Շեշտակի սրում՝ Հայաստանի սահմանների մոտ

Հայաստանի հարևան Իրանում զարգացումները խիստ ուշագրավ հունով են ընթանում: Ըստ ամենայնի, իրավիճակը գնալով բարդանում է…

Նախ, պարզվեց, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի ձերբակալվել: Նրա փաստաբանը հերքել է ձերբակալության մասին տեղեկատվությունը, թե Շիրազում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալվել է: Սակայն ոչ փաստաբանի անունն է հաղորդվում, ոչ էլ այն, թե որտեղ է գտնվում իրանցի քաղաքական գործիչը:

Թե Ահմադինեժադի ձերբակալման լուրը, թե հերքման լուրը վկայում են այն մասին, որ Իրանում տեղի ունեցող գործընթացները որոշակիորեն ուղղորդվում են: Ակնհայտորեն, գերտերությունները, եթե անգամ կոնկրետ չեն ուղղորդում, ապա առնվազնը «խաղում» են անթաքույց:

Իրանում բողոքի ակցիաները չի կարելի ավարտված համարել, ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոն։ «Մինչդեռ իրանական ռեժիմը սպառնում է բռնությամբ, Ղասեմ Սուլեյմանին քամուն է տալիս փողերը Լիբանանում, Սիրիայում, Եմենում՝ փորձելով համախմբել Աստված գիտի՝ ում, և վերածել Իրանը աշխարհի՝ ահաբեկչության հովանավոր խոշորագույն պետության», նշել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքի եթերում։ Նա նաև Իրանի պետական կառուցվածքն անվանել է «աստվածապետական ռեժիմ» և հանդիմանել հոգևոր և աշխարհիկ ղեկավարության գործող ներկայացուցչներին նախկինում բողոքի զանգվածային ակցիաները բազմիցս ճնշելու մեջ։ Դրա հետ կապված՝ նա կարծիք է հայտնել, որ իրանցիները կշարունակեն ապստամբություն բարձրացնել ընդդեմ իշխանության։ Բացի այդ, նա ընդգծել է, որ բողոքի ակցիաները հրահրել է իրանցի ժողովուրդը, այլ ոչ թե ԿՀՎ-ն, ինչպես հաստատել են Թեհրանի իշխանությունները։ Նա հավելել է, որ նախագահ Թրամփն աջակցում է իրանցիներին, ովքեր բողոքում են իրենց կառավարության դեմ, և կցանկանային, որպեսզի նրանք ունենային իրենց կարծիքն արտահայտվելու հնարավորություն. «Դա շատ իրական խնդիր է»։ Նրա խոսքով՝ ցույցերը վկայում են տարիներով կուտակված դժգոհության մասին։

Կիրակի Իսլամական հեղափոխության պահակազորը նշել էր, որ իրանցի ժողովուրդն ու երկրի հատուկծառայություններն իրենց դերն են խաղացել հուզումների դադարեցման մեջ, որոնք, պահակազորի կարծիքով՝ հրահրվել էին օտարերկրյա թշնամիների կողմից։ Իրանի խորհրդարանում կայացած հատուկ նիստի ժամանակ քննարկվել են ցույցերի արմատական պատճառները, ինչպես նաև բանտում հայտնված ցուցարարների իրավական օգնության հարցը։ Հանդիպումը գումարվել էր բարեփոխիչ-օրենսդիրների նախաձեռնությամբ։ Իրենց ուղերձում նրանք կոչ են արել իրավական օգնություն ցուցաբերել ձերբակալվածներին և դատապարտել ցանկացած արտաքին միջամտությունը ցույցերին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով պետք է վճռի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման նպատակահարմարության հարցը։ Դրանք դադարեցվել էին՝ համաձայն 2015թ. կնքված իրանական միջուկային ծրագրով միջազգային համաձայնագրի։ Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան՝ նման որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր 120 օրը մեկ։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին ցույցներն անվանել էր «խիզախ մարդկանց հզոր դրսևորում, ովքեր այնքան են հոգնել բռնապետական կառավարությունից, որ պատրաստ են ռիսկի ենթարկել կյանքը՝ մասնակցելով ցույցերին»։

Վաշինգտոնն արդեն սկսել է խոսել սպառնալիքի լեզվով նաև այլ երկրների՝ իրանական գործընթացների հանդեպ դիրքորոշման համար: Ռուսաստանը պետք է հրաժարվի իրանական իշխանությունների աջակցությունից, հակառակ դեպքում ենթարկված է «վիթխարի ծախսեր» կրելու ռիսկին, նման նախազգուշացմամբ է հանդես եկել ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Հերբերտ Մաքմասթերը։ Նա նաև ենթադրել է, որ իր արտաքին քաղաքականությունում Կրեմլը ղեկավարվում է ոչ թե սեփական երկրի շահերով, այլ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին տհաճություն պատճառելու ցանկությամբ։

Ամերիկացի պաշտոնյան նաև կոչ է արել միջազգային հանրությանը համատեղ դիմակայելու Թեհրանի վարքին, որը «շատ տառապանքներ է բերել»։ Մաքմաստերն անվանել է Իրանն ու հյուսիսկորեական միջուկային ծրագիրը հարցեր, որոնցում Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը հատվում են։ Սակայն, նրա կարծիքով՝ վերջին շրջանում ռուսական իշխանություններն իրենց դրսևորում են այնպես, ասես ցանկանում են զայրացնել ԱՄՆ-ին և նրա եվրոպացի գործընկերներին. «Մեզ անհրաժեշտ է դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող վարքին»։

Իսկ ահա պաշտոնական Թեհրանը զգուշացնում է այլ երկրներին` աջակցություն չցուցաբերել Իրանում անկարգություններին: Վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանում ծավալված հակակառավարական ակցիաների կապակցությամբ՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, որ բողոքի ակցիաները սադրել են արտասահմանյան երկրների հետախուզական ծառայությունները, այդ թվում ԱՄՆ–ն, Իսրայելը, Սաուդյան Արաբիան։ Զարիֆն ասել է, որ. «ոչ մի երկիր չի կարող անվտանգ լինել՝ հարևանների մոտ անկայունություն ստեղծելու հաշվին»։ IRNA գործակալությունը մեջբերում է Զարիֆի խոսքերը այն մասին, որ. «նման գործողությունները միայն տհաճ հետևանքներ կարող են ունենալ»։

Մինչդեռ Վաշինգտոնը հերքում է Իրանի պնդումներն այն մասին, որ բողոքների ետևում Վաշինգտոնն է կանգնած։ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն հունվարի 7-ին ժխտել է, որ իր գործակալությունը որևէ դեր է խաղացել բողոքի ակցիաների կազմակերպման հարցում, սակայն կանխատեսել է, որ անկարգությունները դեռ չեն ավարտվել։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին բարձր է գնահատել բողոքողներին և հայտարարել է Վաշինգտոնի՝ նրանց աջակցելու պատրաստակամության մասին։ «Հարգում եմ Իրանի ժողովրդին, երբ նրանք փորձում են պայքարել իրենց կոռումպացված կառավարության դեմ»,– իր Twitter-ում, հունվարի 3-ին, հիշեցնենք, օրեր առաջ գրել էր Թրամփը՝ հավելելով. «Մոտ ժամանակներս դուք մեծ աջակցություն կտեսնեք ԱՄՆ–ի կողմից»։

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: