Կլանի անկումն ու Մեհրիբան խանումի «վերելքը»

Jan 09, 2018 1 Comment

Անցնող տարին, անկասկած, Ալիևի և նրա իշխանության համար փորձություններով լի տարի էր: Երկրում սոցիալ-տնտեսական խնդիրներից բացի, ներքաղաքական առումով՝ իշխանական բուրգի համար տարին բարեհաջող չես համարի…

Ալիևի իշխանության գործունեությունը անցյալ տարի աչքի ընկավ կոռուպցիոն սկանդալներով, հովանավորչությամբ, իշխող ընտանիքի նկատմամբ անձի պաշտամունքի դրսևորումներով և դրանց մասին միջազգային հեղինակավոր պարբերականների էջերին հրապարակումներով: Ալիևյան կլանն ու նրանց կոռուպցիոն գործունեությունը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում էր ողջ տարի:

Անցյալ տարվա թիվ մեկ իրադարձությունը առաջին տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևայի՝ երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակումն էր, որն ամենևին էլ անսպասելի քայլ չէր:

Ադրբեջանի Մեջլիսի երեք գումարումների պատգամավոր, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար, գիմնաստիկայի ֆեդերացիայի նախագահ, UNESCO-ի բարի կամքի դեսպան, այժմ արդեն նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ․․․ «իսկ դու ի՞նչ ես արել քո սիրելի կնոջ համար»․ այսպես էր արձագանքում համացանցը՝ Թրամփի և կնոջ պատկերավոր նկարը տարածելով:

Թեև Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները կոշտ քննադատության են ենթարկում իշխող ընտանիքի դիրքերի ամրապնդման հերթական փորձը, միևնույն ժամանակ՝ զարմացած չեն: Հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևի ռեժիմի ընդդիմախոսները դեռ վաղուց էին պնդում, որ սահմանադրական հերթական փոփոխությունների նպատակն է քաղաքական ճանապարհ հարթել ոչ միայն առաջին տիկնոջ, այլ նաև Իլհամ Ալիևի զավակների համար, ովքեր այսուհետ կարող են երիտասարդ տարիքից միանալ երկրի կառավարմանը:

Ադրբեջանի իշխող ընտանիքի մութ գործարքները բացահայտած լրագրող Խադիջա Իսմայլովան, ով մեկ տարուց ավելի բանտում է անցկացրել, մասնավորապես, Մեհրիբան Ալիևայի բիզնեսները, կոռուպցիոն սկանդալները բացահայտելու համար, ասում է, որ առաջին տիկնոջը փոխնախագահ դարձնելը օրենքի խախտում է: «Ադրբեջանի կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենսդրությունը բացառում է նեպոտիզմը՝ ազգականներին ու մերձավորներին հովանավորելը: Բացի այդ՝ առաջին տիկնոջ անունը առնչվում է բազմաթիվ խոշոր բիզնեսների, օֆշորային ընկերությունների հետ: Նրա բիզնես գործունեությունը արդեն իսկ հակասում էր օրենսդիր գործունեությանը», -ինչպես հայտնում է «Ազատությունը», ասել էր Իսմայլովան:

52-ամյա Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի թերևս ամենաազդեցիկ, հարուստ ու հայտնի Փաշաևների ընտանիքից է, որի անդամները բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում և ակադեմիական ոլորտում: Փաշաևները զբաղվում են շինարարությամբ, անշարժ գույքի առքուվաճառքով, և ֆինանսական գործունեությամբ:

Մինչ երկրի հատուկենտ ընդդիմությունը, արևմտյան մամուլը ակտիվորեն քննարկում և դատապարտում էր Ալիևների ընտանիքի այս ձեռքբերումը, Ադրբեջանի նախագահական ընտանիքը նորանոր բարձունքներ էր նվաճում՝ հատկապես օֆշորային գոտիներում: 2017-ին՝ նավթի գների նվազեցմամբ պայմանավորված տնտեսական անկմանը զուգընթաց, Ադրբեջանի նախագահը ոչ միայն գոտին չձգեց՝ մեծացնելով սեփական գրպանի պարունակությունը, այլ նաև առատորեն վարձահատույց եղավ հատկապես նրանց, ովքեր խոստանում էին դարձի բերել միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ ըմբոստացողներին:

Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» հերթական խոշոր բացահայտումների հերոսները այս անգամ էլ Ալիևներն էին: Թեև ընդդիմախոսները կասկած չունեին նախագահական ընտանիքի նյութական ապահովվածության հարցում, այդուհանդերձ ծավալները, որոնք հետաքննող լրագրողները բացահայտեցին անցած տարում, գերազանցեցին բոլոր սպասելիքները: «Ադրբեջանական լվացքատուն», այսպես են նրանք վերնագրել փողերի լվացման այն մեխանիզմը, որ գործել է 2012-ից 2014 թվականներին: «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» ծավալուն զեկույցը փաստում է, որ Ադրբեջանի նախագահական ընտանիքն ու նրանց մերձավորները ընդամենը երկու տարում Եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում հատուկ այդ նպատակով գրանցված չորս ընկերությունների միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել, իսկ այդ աստղաբաշխական գումարները հետագայում օգտագործել են թանկարժեք ունեցվածք ձեռք բերելու, բրիտանական մասնավոր դպրոցներում վարձավճարներ մուծելու, և թերևս ամենակարևորը՝ եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին և գործարարներին կաշառելու նպատակով: Զեկույցի հեղինակները մի շարք անուններ են նշել՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իտալացի անդամ Լուկա Վոլոնտե, ում ջանքերի շնորհիվ 2013-ին տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին վկայող զեկույցի ընդունումը: Նա Ալիևներից շուրջ 2 միլիոն եվրո է ստացել:

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներ՝ 820 հազար եվրոյի դիմաց հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները համապատասխանում էին Գերմանիայում ընդունված չափանիշներին: Ըստ հետաքննող լրագրողների, 400 հազար եվրո էր ստացել նաև բուլղարացի տնտեսագետ Կալին Միտևը, որն անցյալ տարի ընդգրկվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) խորհրդի կազմում: Ուշագրավ է, որ Միտևի կինը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան է, ով 2010-ին այս կառույցի բարձրագույն պարգևը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային:

Ադրբեջանի իշխող վերնախավի մասնակցությամբ հերթական բազմամիլիոնանոց կոռուպցիոն սկանդալը, ինչպես նկատում է արևմտյան մամուլը, դրսում ավելի շատ քննարկվեց՝ քան երկրի ներսում: Հատուկենտ բողոքի ցույցերով Ադրբեջանի ընդդիմությունը իր բողոքի ձայնը բարձրացրեց՝ երկրի իրավապահներին կոչ անելով գոնե հետաքննել լրագրողական այդ բացահայտումները:

Ալիևները երբեք չեն մեկնաբանել իրենց անվան հետ կապվող օֆշորային, կոռուպցիոն բացահայտումները. փոխարենը նրանց խոսնակներն են մշտապես հայտարարել, որ այդ ամենի ետևում կանգնած են Հայաստանն ու Հայկական լոբբին, որի շահերին է, նրանց պնդմամբ, ծառայում նաև հանրապետական կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը: Վերջինս, Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ, դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնի հետ միասին համահեղինակել է Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի նախագիծ, որն արդեն ամերիկյան Կոնգրեսի օրակարգում է: Փաստաթուղթը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին:

Տարին դաժան էր Ադրբեջանի և արևմտյան կառույցների հարաբերությունների համար, դրանք վստահաբար ճգնաժամային կարելի է անվանել: Միջազգային հանրության անթիվ կոչերը, հայտարարությունները արդյունք չտվեցին նաև Ադրբեջանի թերևս ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի՝ Իլգար Մամեդովի ազատ արձակման հարցում: «Ռեալ» շարժման առաջնորդը ազատազրկվել է 2013-ին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իշխանությունները նրան մեղադրել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ու դատապարտել 7 տարվա ազատազրկման: Միջազգային իրավապաշտպան կառույցները կալանքը որակել էին անհիմն ու անհամաչափ, Մամեդովին՝ քաղբանտարկյալ: Եվրոպական դատարանը փաստել էր, որ նրա ազատազրկմամբ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից երեք հոդված, և պահանջել էր առանց նախապայմանների ու անհապաղ ազատ արձակել նրան: Պահանջները, սակայն մինչ օրս չեն կատարվել, ինչը Եվրոպայի խորհրդին ստիպել է աննախադեպ հետաքննություն սկսել Ադրբեջանի դեմ: արդյունքում Բաքուն կարող է զրկվել ձայնի իրավունքից կամ հեռացվել կառույցից: Ալիևը ի պատասխան շտապեց հայտարարել՝ Բաքուն կարող է ինքնակամ դուրս գալ Եվրախորհրդից, քանի որ այդ կառույցը, նրա պնդմամբ, Ադրբեջանի դեմ անարդար քաղաքականություն է վարում: Իր հոր կառավարման տարիների գլխավոր դիվանագիտական ձեռքբերումներից համարվող` Եվրոպայի խորհրդին անդամակցությունից հրաժարվելը երկրում որպես կորուստ չի ընկալվի, համոզմունք էր հայտնել Ադրբեջանի նախագահը: «Կառույցի գլխավոր քարտուղարի գործունեության արդյունքում Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև արհեստական ճգնաժամ է ծագել, որի նախաձեռնողը մենք չենք: Մենք պարզապես համարժեք քայլեր ենք ձեռնարկում ի պատասխան մեր նկատմամբ իրականացվող անարդար և կեղծավոր քաղաքականության», – ասել էր Ադրբեջանի առաջնորդը վստահեցնելով, որ իրավիճակը վերահսկելի է:

Արևմուտքի հետ լարված հարաբերություններին զուգահեռ Բաքուն սերտացնում էր կապերը դաշնակից Թուրքիայի, հարևան Իրանի և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ: Այս երեք երկրների հետ Ադրբեջանը համագործակցում է հատկապես տնտեսական ու էներգետիկ ոլորտներում: Բաքուն Թեհրանի և Մոսկվայի հետ փորձում է կյանքի կոչել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որից տնտեսական մեծ ակնկալիքներ ունի: Միջանցքը ենթադրում է այդ երեք երկրների երկաթգծերի միացում, ինչի արդյունքում հնարավոր կլինի Իրանի տարածքով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև ուղիղ տրանսպորտային կապ ապահովել: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կարող է հասնել մինչև 10 միլիոնի:

Բաքուն այս տարի ի վերջո շահագործման հանձնեց իր, թերևս, ամենախոշոր նախագծերից մեկը՝ Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի կառուցումը տևել է 10 տարի: Նախատեսվում է, որ երկաթուղին տարեկան կփոխադրի 17 միլիոն տոննա բեռ և մինչև մեկ միլիոն ուղևոր։ Երկաթգծի կառուցմանը մասնակից երեք հարևան երկրները՝ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը․ նշում են, որ նախագիծը աշխարհի ավելի քան 60 երկիր միավորող «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղադրիչն է։ Այս ծրագրերով, ինչպես Ադրբեջանի իշխանություններն են հավաստիացնում, փորձում են կրճատել տնտեսության կախվածությունը նավթային եկամուտներից: Բանն այն է, որ անցյալ տարիներին նավթի գների կտրուկ նվազումը սառը ցնցուղ էր Ադրբեջանի տնտեսության համար․ նվազեցին եկամուտները, փլուզվեց ազգային տարադրամը, կործանման եզրին հայտնվեց բանկային համակարգը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Կլանի անկումն ու Մեհրիբան խանումի «վերելքը»” հրապարակմանը

  1. PATRON says:

    ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ ԲԱՔՈԻՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՊՐՈՅԵԿՏՆԵՐԻ ՄԵՋ,ՈՐՈՆՔ ՎԵՐՋԻ ՎԵՐՋՈ ԲԵՐՈԻՄ ԵՆ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ! ԻՍԿ ԻՆՉՊԻՍԻՆ Է ՄԵՐ ԻՐԱՎԻՃԱԱԿԸ? ԹՇՎԱՌԱԳՈԻՅՆ!! ԱՎԵԼԻ ԼԱՎ Ա ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻՆ,ՆՐԱՆՑ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՈԻ ԿԵՆՍԱԿԵՐՊԻՆ ՆԱՅԵՔ ՈԻ ՔԻՉ ԲԱՄԲԱՍԵՔ ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ!! ՄԵՐ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ԴՐԱՆՈՎ ՉԵՔ ԼՈԻԾԻ!