Խոշոր ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կա 6 վիրավոր

Dec 31, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կա 6 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Կարապետյանը, իր վարած BYD GL-115 մակնիշի 454 LՏ 62 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 53-ամյա Սիմոն Փարեմուզյանի վարած ինքնաշեն կցորդով մոտոցիկլին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել 2 տրանսպորտային միջոցներում: Վթարի հետևանքով BYD-ի վարորդ Ա. Կարապետյանը, ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ադամյանը և մյուս վարորդ՝ Ս. Փարեմուզյանն ու նրա մոտոցիկլի կցորդիչում գտնվող ուղևորներ, համագյուղացիներ՝ 14-ամյա Աստղիկ Իգիթյանը, 12-ամյա Արամ Իգիթյանը և 13-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ մի քանիսը տեղափոխվել են Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ մեկ հոգի էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարներն ու Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչները երկար ժամանակ «ուղտի ականջում» քնած են եղել: Նրանց փոխարեն նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կարգավորում էին հրշեջներն ու քաղաքացիները: Shamshyan.com-ը վստահ է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի նմանատիպ դեպքերի ժամանակ ՃՈ ծառայողները օպերատիվորեն ժամանեն վթարի վայր, որպեսզի փրկարարն ու բժիշկը իրենց գործը չթողնեն ու չզբաղվեն ճանապարհային երթևեկությունը կարգավորելով: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: