Հրազդանի քաղաքապետի որդին վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել

Dec 30, 2017 Comments Off on Հրազդանի քաղաքապետի որդին վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել

Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի դեպքով 4 փորձաքննություն է նշանակվել, որոնցից երեքով փորձագետները դժվարացել են ասել վարորդի կողմից խախտում կա՞, թե՝ ոչ:

«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ գործով 4 անգամ դատաավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել, քանի որ փորձագետները պատճառաբանել են, թե տվյալները բավարար չեն, ուստիև՝ իրենք չեն կարող ասել վարորդի կողմից խախտում կա՞, թե՝ ոչ:

Առաջին երեք փորձաքննությունների կատարումը հանձնարարվել է տարբեր փորձագիտական կենտրոններին, որոնք պատասխան , ըստ էության չեն տվել։ Իսկ չորրորդ անգամ նշանակվել է հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է նախորդ եզրակացությունները տված բոլոր երեք կազմակերպությունների փորձագետներին:

ՔԿ-ից հայտնեցին, որ դեկտեմբերի 25-ին ստացվել է եզրակացությունը, ըստ որի՝ փորձագետները փաստել են, որ նշված պայմաններում վարորդ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և տվյալ իրադրությունում ՃԵԿ-ին հակասող գործողություններ թույլ չի տվել:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան, որն սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:

Դեպքից հետո վարույթն իրականացնող մարմնին էր ներկայացել Հրազդան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված մի տղամարդ և հայտարարել, թե վրաերթ կատարելու պահին նշված ավտոմեքենայի ղեկին գտնվել է ինքը, սակայն քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է 16 տարեկան պատանի։

Պատանին էլ պարզվեց Հրազդանի քաղաքապետի որդին է ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Եզրակացության հետ ծանոթացել են տուժողի իրավահաջորդը, մեղադրյալն ու նրա օրինական ներկայացուցիչը, ովքեր առարկություններ և միջնորդություններ չեն հայտնել, իսկ տուժողի իրավահաջորդ Գագիկ Թորոսյանն էլ շարունակել է պնդել, որ բողոք և պահանջ չունի վարորդ Ռ.Դանիելյանի նկատմամբ:

Քրեական գործի վարույթը կարճվել է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: