Նոր կրքեր են բորբոքվում

Dec 30, 2017 Comments Off on Նոր կրքեր են բորբոքվում
Թվում էր, թե «Հայաստանի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի նոր ընթացակարգը հալեցրել էր վաղեմի հակառակորդներ Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տարիներ շարունակ կարծրացած սառույցը, քանի որ այդ մրցույթի հանդիսավոր միջոցառմանը նույն հարթակ էին բարձրացել նշված երկու անձինք, սակայն իրականում նոր կրքեր են հասունանում:
Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկների ցանկն ամեն տարի որոշել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, 1958 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարվա վերջում ֆեդերացիան ներկայացրել է այդ ցանկը: Սակայն վերջին տարիներին, ՀՄԼՖ-ի կողմից հրապարակվող քվեարկության արդյունքները դժգոհություն էին առաջացնում մարզասեր հասարակության մոտ, քանի որ ֆուտբոլիստները չէին հայտնվում լավագույն տասնյակում: Մարզաշխարհը սա պայմանավորում էր Գագիկ Ծառուկյանի՝ այդ ֆեդերացիայի նկատմամբ ազդեցությամբ ու Ռուբեն Հայրապետյանի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Այս տարի որոշեցին, որ պետք է փոխել ընտրության կարգը: Այս գործընթացը ստանձնեց սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը:
Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած էր 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից: Արդյունքում աշխարհահռչակ ֆուտբոլիստ, մեր հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը գլխավորեց տասնյակը քաղաքացիների քվեարկության արդյունքների առավելությամբ: Եւ ահա, արդեն մի քանի օր է Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող մարզաշխարհի ներկայացուցիչները, հայտնի մարզիկներ՝Արսեն Ջուլֆալակյան, Արթուր Ալեքսանյան եւ այլք, սեփական դժգոհությունն են հայտնում ձեւավորած ցուցակի վերաբերյալ, նրանք տարակուսանք  են հայտնում՝ ինչպես կարելի է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիր մարզիկներին դուրս թողնել այս ցանկից: Ծառուկյանն ինքն էլ նրբորեն ակնարկեց, որ ոչ ինքը, ոչ Սերժ Սարգսյանը չեն ընտրել այդ մարզիկներին, տեղի է ունեցել քվեարկություն: Պատասխանը շատ չուշացավ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին ու խոսել «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույցթի մասին՝ թերեւս փորձելով հարցին վերջ դնել: «Լավագույն մարզիկներին ընտրել է հանրությունը: Դա չի որոշել ո՛չ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն, ո՛չ սպորտի նախարարը կամ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանը շատ ավելի ճանաչելի է դարձրել, քան այլ մարզիկներ: Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորած լինեմ, կամ նրա կատարած աշխատանքը: Այստեղ խնդիրն այն է, որ մենք ունենք աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս միջազգային շատ բարձր ասպարեզներում:Նա Հայաստանի ազգային հավաքականի ավագն է, ով ամեն ինչ անում է մեր հաջողության համար: Եթե մեր ընտրանին չի դարձել աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր, ապա դա չի նշանակում, որ մեր ֆուտբոլը սպորտաձև չէ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել, թե ինչու էին ժամանակին 10 տարի շարունակ Խորեն Հովհաննիսյանին ընդգրկում լավագույն մարզիկների մեջ: Նա խաղում էր «Արարատում», սակայն տիտղոսներ չէր նվաճում:Ֆուտբոլը նույնպես սպորտաձև է: Քննադատողներին կցանկանամ հիշեցնել վերջին անգամ, որ ֆուտբոլն ամենամասայական սպորտաձևն է, որով հետաքրքրվում են գրեթե բոլորը»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Իհարկե, չի կարելի չհամաձայնել Ռուբեն Հայրապետյանի այն դիտարկումների հետ, որ Մխիթարյանն ամենաճանաչվածն է աշխարհում եւ հիրավի լավ մարզիկ է, սակայն ինչ վիճակում է Հայաստանի հավաքականը: Եւ միթե Մխիթարյանի հանրաճանաչությունը ֆեդերացիայի աշխատանքի արդյունքն է, իհարկե՝ ոչ: Հայաստանի անմխիթար հավաքականը լավագույն ցուցիչն է ֆեդերացիայի գործունեության, իսկ եզակի բացառություններ, որպիսին Մխիթարյանն է, կարող են լինել ամենուր,յուրաքանչյուր ոլորտում: Ու սա ամենեւին չի նշանակում, որ Մխիթարյանին լավագույն մարզիկ է կերտել հայաստանյան իրականությունը, բացարձակ, մարդը նկրտումներ ունի եւ հասել է դրսում՝ հայտնի ակումբներում կերտելով լավագույնի իր կարգավիճակը: Առավել եւս, որ Ռուբեն Հայրապետյանը խոստովանել է, որ համակարգային խնդիրներ չունեն. «Գիտեք ի՞նչն է վատ, որ ժամանակին մենք համակարգային լիքը խնդիրներ ունեինք և կային լավ մարզիչներ և ֆուտբոլիստներ: Հիմա չունենք համակարգային խնդիրներ՝ էն մարզադաշտերը, պայմանները, որ այսօր ունեն մեր ֆուտբոլիստները, մեր ազգային հավաքականը, մեր պատանի ֆուտբոլիստները, դա երբևիցե Հայաստանում չի եղել»,- ասել է նա: Իսկ նման պայմաններում պետք է մխիթարյանների թիվը ավելի մեծ լիներ, իսկ հայկական հավաքականը ֆուտբոլային թիմի նման:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: