Իշխանության ամանորյա նվերը՝ պետական պարտքը մեկ տարում ավելացել է 500 մլն դոլարով

Dec 30, 2017 Comments Off on Իշխանության ամանորյա նվերը՝ պետական պարտքը մեկ տարում ավելացել է 500 մլն դոլարով

Հայաստանի պետական պարտքը, այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ, կազմել է 6 մլրդ 404.737 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարեվերջի 5 մլրդ 942.095 մլն դոլարի փոխարեն: Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հայաստանի արտաքին պարտքը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 115.731 մլն ԱՄՆ դոլար, իսկ նախորդ տարեվերջին այն 4 մլրդ 805.587 մլն դոլար էր:

ԱՎԾ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ըստ ամիսների Հայաստանի արտաքին պարտքն աճի միտում է դրսևորել:

Արտաքին պարտքից 4 մլրդ 500.804 մլն ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկինը:

Փաստորեն անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին ապրտքը աճել է շուրջ 500 մլն դոլարով, և սա ամենամեծ «նվերն» է,  որ Հայաստանի իշխանությունը արել է հայ ժողովրդին:

Ըստ էության ՀՀ պետական պարտքը արդեն հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը, որը սահմանափակված էր օրենքով: Բայց կառավարությունը նախապես իմանալով, որ տարեվերջին պետական պարտքի ցուցանիշը հակասելու է պետական պարտքի մասին օրենքին, նախապես փոփոխություն կատարեց օրենքում: Կատարված փոփոխությամբ՝ «Պետական պարտքի մասին» նախկին օրենքում առկա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը չգերազանցելու սահմանափակումը վերացվել է:

Կատարված նոր փոփոխությամբ՝ ՀնԱ-ի 60 տոկոսից ավելի վարկ կարելի է վերցնել, եթե կառավարությունը հստակ ծրագիր է ներկայացնում, թե ինչպես է հետագայում պարտքի բեռը նվազեցնելու: Իսկ վերցրած վարկերը պետք է ծախսվի միայն այնպիսի ծրագրերի վրա, որոնք կնպաստեն տնտեսական աճին: Նշվում է նաև, որ պետական պարտքի հետ կապված բոլոր սահմանափակումները չեն գործում ֆորսմաժորային իրավիճակներում:

Փաստորեն, կառավարությունը նոր վարկերի հույսեր ունի, և այդ նպատակով էլ ապահովագրել է ինքն իրեն. փոփոխությունը կատարվել է հենց այդ նպատակով: Պատճառաբանությունը, թե այսուհետ նոր վարկեր կներգրավեն միայն այն ծրագրերի համար, որոնք նպաստելու են տնտեսական աճին, լուրջ չէ: Ավելի քան 6 մլրդ դոլարի հասած արտաքին պարտքն ամբողջությամբ վերցվել է Հայաստանի զարգացման խոստումներով: Ֆորմալ առումով դժվար է գտնել որևէ վարկային ծրագիր, որտեղ ենթակառուցվածքների զարգացման կոմպոնենտ դրված չի եղել: Հայաստանում դեռ չի արվել գլոբալ վերլուծություն, թե նախկինում վերցված վարկերը ինչ են տվել ՀՀ տնտեսությանը՝ բացի մեր ուսերին մնացած միլիարդներից: Երկու տարի անց արտաքին պարտքի մարման շատ ծանր փուլ ենք թևակոխելու, և այդ ֆոնին նոր պարտքերը, որոնք կառավարությունը մտադիր է վերցնել, հնարավոր է ուղղվեն նախկին պարտքերի մարմանը:  Օրինակ՝ վերջին մեկ տարվա ընթացքում վերցված 500 մլն-ն ի՞նչ նպատակով է ծախսվել:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: