Իսպառ վերացվել է ցրտահարման ռիսկը. Աշոտ Հարությունյան

Dec 29, 2017 Comments Off on Իսպառ վերացվել է ցրտահարման ռիսկը. Աշոտ Հարությունյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ խոսելով անոմալ տաք ձմռան մասին, նշեց, որ գյուղատնտեսության առումով՝ այն մի շարք դրական ազդեցություններ կարող է ունենալ:

Ինչպես հիշեցրեց՝ 2017 թվականին ունեցանք ոչ նորմալ գարուն, ինչն իր ազդեցությունը թողեց գյուղատնտեսության վրա:

«Կա այսպիսի արտահայտություն՝ «կենսաբանական զրո», որի դեպքում հողում լինում է +8-9 աստիճան ջերմաստիճան, և դա տևում է 10-15 օր: Այս պարագայում սկսում է հյութաշարժությունը, այս պահին չունենք այդ խնդիրը, չկա հյութաշարժության հարց այս պահին, ծառերը, կարելի է ասել, անցել են հարաբերական հանգստի ժամանակաշրջան, գնում է նորմալ պրոցես»,- նշեց փոխնախարարը:

Ինչպես ասաց՝ այս պահի դրությամբ հիմնականում իսպառ վերացվել է ցրտահարման ռիսկը: Չնայած դաշտերը բաց են, չկա ձյան շերտ, բայց դրական ջերմաստիճանով աշնանացանի ցրտահարման խնդիրն այս պահին իսպառ վերցված է: Ծառերի ծաղկման վտանգ նույնպես չկա:

Նրա կարծիքով՝ Ամանորի օրերին թաղանթի տակ աճեցվող կանաչեղենի գները չպետք է բարձրանան, որովհետև չի ծախսվել լրացուցիչ ջերմություն, որը կբերեր ինքնարժեքի բարձրացմանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ այս պահի դրությամբ ջերմոցներում ու ջերմատներում ջերմաստիճանի հետ կապված խնդիրներ չկան, ջերմատներում էներգակիրների ծախսերը կտրուկ նվազել են: Թաղանթի տակ աճեցվող կանաչեղենի գները, նրա կարծիքով, չպետք է բարձրանան, որովհետև լրացուցիչ էներգիա չի ծախսվել, որը հանգեցներ ինքնարժեքի բարձրացման:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: